Փոխվարչապետը քննարկել է ապակենտրոնացված մակարդակով գործակցության խորացման հարցեր
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Ստամբուլում մասնակցել է Եվրոպական ռեգիոնների ասամբլեայի (AER) տարեկան համաժողովի աշխատանքներին: Համաժողովի շրջանակում Ա. Գեւորգյանն ունեցավ նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ:
Եվրոպական ռեգիոնների ասամբլեայի նախագահ Միշել Սաբանի հետ հանդիպմանը փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց հրավերի եւ ասամբլեային Հայաստանի անդամակցության գործընթացի կազմակերպման համար: Կողմերը վստահություն հայտնեցին, որ անդամակցությամբ հետագա ավելի լայն փոխգործակցության սկիզբ է դրվում:
Ա. Գեւորգյանը կարեւորեց կազմակերպության հետ հետագա լիաժեք համագործակցության կայացումը` նշելով, որ ՀՀ կառավարության որդեգրած` տարածքների համաչափ զարգացման քաղաքականության համատեքստում մեծ ուշադրություն է դարձվում տարբեր երկրների ռեգիոնների միջեւ կապերի հաստատմանն ու խորացմանը: Զրուցակիցները քննարկեցին նաեւ համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ ասամբլեայի որոշ միջոցառումներ Հայաստանում անցկացնելու հնարավորությունները:
Եվրամիության տարածաշրջանային քաղաքականության հանձնաժողովի գլխավոր տնօրեն Դիրկ Ահների հետ հանդիպմանը նշվեց, որ Արեւելյան գործընկերության մեկնարկով Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները տեղափոխվել են որակական նոր փուլ:
Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգի մշակմանը Եվրամիության փորձագետների աջակցության համար եւ հույս հայտնեց, որ ԵՄ-ի օժանդակությունը կշարունակվի նաեւ հայեցակարգի հիմնադրույթների իրագործման փուլում: Հանդիպմանն արձանագրվեց, որ ԵՄ տարածաշրջանային քաղաքականության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են այն հարցերը, որոնք առաջնահերթ են նաեւ ՀՀ կառավարության համար` տարածքների համաչափ զարգացում, ենթակառուցվածքների վերականգնում ու բարելավում: Կողմերն անդրադարձան նաեւ տարածքների զարգացվածության գնահատման ԵՄ երկրների մեթոդաբանությանը:
Քննարկվեցին այն ուսումնասիրելու եւ Հայաստանում կիրառելու հնարավորությունները: Ձեռք բերվեց գործնական պայմանավորվածություն` այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ: Երկուստեք ընդգծվեց նաեւ Հայաստանի եւ ԵՄ երկրների ռեգիոնների միջեւ գործակցության հաստատման եւ խորացման, փոխշահավետ ծրագրերի իրականացման կարեւորությունը:
Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի (մայրաքաղաքը` Շտուտգարդ) խորհրդարանի նախագահ Պետեր Շտրաուբի հետ հանդիպմանը եւս ուշադրության կենտրոնում էին ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հաստատման եւ զարգացման հարցերը:
Ընդգծելով Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ձեւավորված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ տարբեր բնագավառներում զարգացող համագործակցությունը` կողմերը միաժամանակ արձանագրեցին, որ դեռեւս շատ անելիքներ կան միջռեգիոնալ կապերի հաստատման առումով ու այդ ոլորտում առկա ներուժը լիարժեքորեն չի օգտագործվում:
Նշվեց, որ համագործակցություն կարող է ծավալվել նաեւ Եվրոպական ռեգիոնների ասամբլեայի շրջանակում: Հանդիպմանն անդրադարձ եղավ ճանաչողական բնույթի փոխայցերի եւ միջոցառումների կազմակերպման հարցերին: Կողմերը նաեւ փոխադարձ այցելությունների վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերեցին: Այս մասին տեղեկացնում է ՏԿՆ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել