HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առաջ Ուրանաստան», «Չեք մարսելու»… բողոքի ցույց` ընդդեմ ուրանի ծրագրի

 Այսօր` ժամը 17:00-ից, կապանցիները խաղաղ ցույցի էին դուրս եկել` միաձայն ոչ ասելու տարածաշրջանում ուրանի պաշարների հետախուզական աշխատանքներին ու հանքի հնարավոր շահագործմանը: Մեկ ժամից ավելի տեւած հանրահավաքին մասնակցում էր ավելի քան հազար մարդ:

Կապանի մշակույթի կենտրոնի հրապարակում կազմակերպված ցույցին տարածաշրջանի բնակիչներին միանալու էին եկել նաեւ հանրապետության այլ մարզերից ու մայրաքաղաքից: Հանրահավաքը կազմակերպել էր տեղական 6 կազմակերպություն` «Խուստուփ» բնապահպանակն ՀԿ-ն, «Ազատամարտ» կոմիտեն, «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն, «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամը, «Վերին Ձոր-Քաջարան» հայրենակցական կազմակերպությունը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղը: Կազմակերպիչները հանդես եկան միասնական ու վճռական լինելու կոչերով` հայտարարելով, որ պետք է խաղաղ ցույցերը եւ ուրանի ծրագրի դեմ սկսած շարժումը շարունակեն այնքան ժամանակ, մինչեւ հասնեն ցանկալի արդյունքի: Ելույթի ժամանակ նրանք հատուկ շեշտեցին, որ հանրահավաքը զուտ բնապահպանական շարժում է եւ քաղաքականացնելու, որոշակի շրջանակների պատվերներ կատարելու նպատակ չունի: Խաղաղ ցույցի ժամանակ ելույթ ունեցավ Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը, ով հայտարարեց, որ մարզային իշխանությունները պատրաստ են աջակցել ժողովրդին եւ լինել նրա հետ: Ցույցի մասնակիցները եկել էին «Առաջ, Ուրանաստան», «Չեք մարսելու», «Ուրանի շահագործումով 1915 թվականին երանի կտաք» եւ այլ պաստառներով եւ ուրանի շահագործման հետեւանքներից տուժած ռախիտ երեխաների ու կենդանիների լուսանկարներով: Հավաքված բազմությունը բարձր վանկարկում ու դեմ էր արտահայտվում ուրանի ծրագրին: «Բա իհարկե դեմ ենք, մարդկանց օզնում ըն սաղ-սաղ սպանի՞ն: Իբրեւ քիչ ըք ճառագայթահարված մհենգ ալ ուրանի հանք ըն օզում պենան: Ոչ մի դեպքում, իրանց հուվա թողնում տի պեն անին: Թող կան ստեղ ապրին հետո ասին` ուրանը վնաս չի», - բարկացած ասում էր ցույցին մասնակից 60-ամյա մի պապիկ: Հանրահավաքին մասնակցելու էին եկել նաեւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Զարուհի Փոստանջյանին թեեւ զրկել էին ելույթ ունենալու հնարավորությունից եւ արգելել օգտվել բարձրախոսից, այդուհանդերձ պատգամավորը փորձում էր իր ասելիքը բնակիչներին փոխանցել առանց բարձրախոսի: Սակայն բնակիչների բարձր վանկարկումներից ու համառ պահանջներից հետո Զարուհի Փոստանջյանին ի վերջո թույլատրեցին ելույթ ունենալ, եւ պատգամավորը հավաքվածներին կոչ արեց միասնական լինել ու պայքարել ծրագրի դեմ` տեղեկացնելով, որ ուրանի  հարցով իրենք դիմել են ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովին, որի նախնական որոշումով` Հայաստանի կառավարությունը խախտել է միջազգային նորմերը: «Հարգելի սյունեցիներ, սա պայքար է հանուն մեզ, հանուն Արցախի եւ Հայաստանի Հանրապետության: Սա պայքար է հանուն մեր ազատագրության: Եթե մենք այսօր թույլ տանք, որ շահագործվի ուրանի հանքավայրը, նշանակում է, որ մենք մեր հայ մարդուն հասցնում ենք արտագաղթի մեր բնօրրանից: Մենք չպետք է սա թույլ տանք, ընդհակառակը, այնպիսի քաղաքականություն պիտի տանենք, որ մեր երեխաները շատանան մեր բնօրրանում, որ մեր հայրենակիցները, որ 1915թ. ցեղասպանությունից հետո ստիպված են եղել լքել մեր երկիրը եւ պանդուխտ դառնալ, հետ դառնան իրենց երկիրը, եւ ոչ թե դատարկենք մեր երկիրը, իսկ այս ծրագիրը դատարկման ծրագիր է, թուրքական ծրագիր է: ՀՀ կառավարության որոշումը վերաբերում ոչ միայն Սյունիքի մարզին, այլեւ հանրապետության բոլոր մարզերին: Պետք է համախմբվենք եւ դադարեցնենք կառավարության այս որոշումը»,- իր ելույթում նշեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը: Ելույթ ունեցավ նաեւ Տիգրան Խզմալյանը, ով ցույցի մասնակիցներին հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ՀՀ ընդերքը պատկանում է ՀՀ քաղաքացիներին: «Արդյոք զարմանալի չէ՞, որ հենց Սյունիքում, որ ժամանակին ազատագրել է Գարեգին Նժդեհը, կատարվում է մի բան, որի իրականացնողները երդվում են Նժդեհի անունով, բայց միաժամանակ դատարկում այս հողը»,- ասաց կինոռեժիսորը: Ուրանի ծրագրի դեմ բողոքի ելույթներով հանդես եկան նաեւ շարքային քաղաքացիներ: Հանրահավաքի վերջում կազմակերպիչները հայտարարեցին, որ այսպիսի հանրահավաքները շարունակական են լինելու, եւ պետք է պայքարել այնքան ժամանակ, մինչեւ ուրանի պաշարների որոնողական աշխատանքները դադարեցվեն, եւ կառավարության ընդունած որոշումները չեղյալ հայտարարվեն:

Մերի Սողոմոնյան

Լուսանկարը` «Էկոլուրի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter