Փոխնախարարը հավաստում է, որ ոչ միայն անարգել անցել է սահմանը, այլև 3 ժամ շրջել է Ախալքալաքում
«Հետքի» հարցերին պատասխանել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը
Ի՞նչ խոչընդոտներ են եղել Վրաստան կատարած Ձեր այցի ընթացքում, կարողացե՞լ եք անարգել մուտք գործել Ջավախք:
Անկեղծ զարմանքով եմ ծանոթացել «Սարդարապատ» շարժման տարածած հայտարարությանը, որտեղ հիշատակվող փաստերը, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: Դեռ ավելին, Ջավախքում ոչ միայն մեր կողմից վաղօրոք նախատեսված բոլոր միջոցառումները կայացել են ամբողջ ծավալով ու պատշաճ մակարդկով, այլև Վրաստանի մայրաքաղաքում օգտակար հանդիպումներ եմ ունեցել վրացի իմ գործընկերների հետ: Հանդիպումների այս շարքին անդրադարձ են կատարել նաև հայկական հեռուստաընկերությունները:
Կոնկրետ որտե՞ղ եք եղել:
Ես առնվազն 3 ժամ պտույտներ եմ արել Ջավախքի ամենատարբեր մասերում: Ինձ ընկերակցել են իմ գործընկերները Վրաստանի համապատասխան նախարարությունից` երկու փոխնախարարներ, հայ պատգամավորներից մեկը` Ջավախքից: Հենց Ախալքալաքում շրջել ենք 3 առանձնադպրոցում: Իմ գործընկերներն ինձ ծանոթացնում էին նոր կիսակառույցների հետ, երկու խաղահրապարակ ենք այցելել` արհեստական խոտածածկով փոքրիկ ֆուտբոլային դաշտեր: Այցելել ենք շինարարության մի վայր, որտեղ կառուցվում էր 50-մետրանոց նոր լողավազան: Ինձ ուղեկցել են նաև Հայր Բաբկենը և շրջանային ղեկավարներ:
Դուք սահմանը նորմա՞լ եք անցել, ավելորդ ձգձգումներ կամ խոչընդոտներ չե՞ն եղել:
Սահմանն իմ անցնելու գործընթացը ոչ միայն նորմալ է եղել, այլ գերգերազանց եմ գնահատում: Դա տևել է մինչև 20 րոպե, չեմ էլ հասկացել, որ սահման եմ անցել. շատ արագ է եղել: Անկեղծ ասած` ես մոտ 2 ժամ ուշացել էի, վատ էի զգում դրա համար, փոխանակ Երևանից դուրս գայի առավոտյան 10-ին, ստացվել էր, որ 13-ին եմ դուրս եկել: Մի քիչ էլ անհարմար էր, որ իմ գործընկերները, ճանապարհի եզրին կանգնած, ինձ են սպասել:
Այդ դեպքում ինչո՞ւ է տարածվել, որ Ձեզ թույլ չեն տվել ազատ տեղաշարժվել Վրաստանի տարածքով և երկար ժամանակ տեղում սպասեցրել են:
Չեմ կարող ասել. առաջինը թերևս այն, որ ես Երևանից ուշ եմ դուրս եկել և այնտեղ 2 ժամ 20 րոպե նախատեսվածից ուշ եմ հասել: Երկրորդը` ամսի 24-ին իմ ուշանալու հետ կապված իմ այնտեղի գրաֆիկը որոշակի փոփոխություն է կրել, խտացվել է բավականին, որովհետև ես պետք է հասնեի Թբիլիսի, նախօրոք նախարարի հետ հանդիպում էր նշանակված: Հիմա սպասում ենք իրենց նախարարի այցին, նրանք շատ հետաքրքրված են նախագահի հովանու ներքո բնակարանային, սոցիալական ապահովության ծրագրերով:
Շատ կարևոր բան եմ ուզում շեշտել, որ նման պարագայում, եթե հանկարծ իրականության մոտ լիներ, բնականաբար, հենց Բավրայի անցակետից ետ կդառնայի, սա միանշանակ է: Չհասկացա, թե ինչու էր այդպես արձագանքը և այդքան ուշացումով: Ես արդեն 26-ի երեկոյան Երևանում էի: Այդքան անցել է, և նոր են անդրադառնում:
Հ.Գ. Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հայր Բաբկեն Սալբիյանը ևս հաստատեց, որ ինքն Ախալքալաքի սպորտային համալիրում հանդիպել և ողջունել է փոխնախարարին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել