
Ինչպե՞ս է անհետացել տեղեկանքը
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում լսվեց «Ժամանակ» օրաթերթի (հրատարակիչ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ) վերաքննիչ բողոքն ընդդեմ Բելլա և Սեդրակ Քոչարյանների:
Նիստին ներկա օրաթերթի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց դատարանին, որ վերաքննիչ դատարան ներկայացված փաստաթղթերից բացակայում է մի տեղեկանք, որը եղել է կցված ընդհանուր իրավասության դատարանի փաստաթղթերին: Ըստ փաստաբանի` այդ փաստաթղթում կետ առ կետ գրված է, թե ինչպես պետք է մերժվի օրաթերթի հակափաստարկները` կապված ներկայացված հայցի հետ:
Ն.Բաղդասարյանը նաև նշեց, որ դրանում համոզվելու համար կարելի է լսել ընդհանուր իրավասության դատարանի նիստերի ձայնագրությունը, որտեղ դատավորը հարցեր է հղում պատասխանողին տվյալ տեղեկանքի վերաբերյալ: Եվ փաստաբանը միջնորդեց տվյալ տեղեկանքը կրկին կցել գործին:
Դատարանը ընդմիջեց նիստը, որպեսզի քննարկի փաստաբան Բաղդասարյանի միջնորդությունը, սակայն ընդմիջումից հետո հայտարարեց, որ դատաքննությունը հետաձգվում է: Դատարանը որոշեց բողոքի քննությունը հետաձգել և ծանոթանալ ընդհանուր իրավասության դատարանի փաստաբանի նշած նիստի արձանագրությանը՝ պարզելու տեղեկանքի կցված լինելը գործին: Դատական նիստի օր նշանակվեց հոկտեմբերի 6-ը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել