HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերականգնվել է Հրազդանի կիրճի հենապատը

Գարնանը Հրազդանի կիրճում փլուզված հենապատի տեղում այսօր կառուցված է նոր ու անվտանգ հենապատ: Կրող գրունտներից սկսած երկաթբետոնյա նոր հիմք է գցվել: Նախորդ դարի 50-ականներին կառուցված հենապատին արդեն փոխարինում է նորը: Մոտ օրերս կսկսվեն նաև սալիկապատման աշխատանքները։ Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետը նշեց, որ ամենաբարդ աշխատանքներն արդեն իրականացված են. «Հենապատի կրող բետոնյա մասը լրիվ ավարտված է: Շինարարներն անցել են հարդարման աշխատանքներին, իսկ վերևի հատվածում նախատեսված են ճանապարհի նորոգման աշխատանքներ»։ Արդեն տեսանելի է նաև փլուզված ճանապարհի տեղում կառուցված նոր երթևեկելի գոտին: Այստեղ այժմ հողային ու խճային աշխատանքներ են իրականացվում: Եվս մի քանի օր, և ճանապարհը երթևեկելի կլինի: Ճանապարհի ու հենապատի փլուզման հետևանքով կիրճի այդ հատվածում առաջացել էր մոտ 7-8 մետր խորությամբ փոս: Ստեղծվել էր վթարավտանգ իրավիճակ, անանցանելի էր դարձել Պռոշյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը: Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն անձամբ եղավ տեղում: Խնդրին արագ լուծում տալու նպատակով քաղաքապետի կողմից նույն վայրում տրվեցին համապատասխան հանձնարակականներ: Ճանապարհի փլուզման հիմնական պատճառը, մասնագետների դիտարկմամբ, ճանապարհի տակով հոսող գրունտային ջրերն են եղել, որոնք տարիներ շարունակ քայքայել են հիմքը: Դրան նպաստել է նաև ջրահեռացման համակարգի բացակայությունը: Ծրագրի համաձայն, լուծում է ստացել նաև այդ խնդիրը: Բետոնյա հենապատի մեջ տեղադրվել են ջրահեռացման դրենաժային համակարգեր: Մայրաքաղաքում այժմ ընթացող կարևորագույն ծրագրերից է նաև Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման երկրորդ փուլը, որը Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մեկնարկեց այս տարի: Ծրագրի շրջանակներում, խճուղում կառուցվում է  տրանսպորտային էստակադա: Այս պահին այստեղ հողային աշխատանքներ են ընթանում։ Փողոցի նիշից մոտ 5 մետր բարձրությամբ էստակադայի տակով Ծիծեռնակաբերդի խճուղին, ըստ նախագծի, գործելու է նույնությամբ: Նոր էստակադայի կառուցումը զգալիորեն կթեթևացնի երթևեկությունը: Եղեռնի հուշահամալիրի և մարզահամերգային համալիրի կողմից եկող տրանսպորտային հոսքերը այլևս չեն խոչընդոտի խճուղու անընդհատ երթևեկությունը, ինչը հնարավորություն կտա մեքենաներին ձախ շրջադարձ կատարել։  Սա հիմնականում կսպասարկի Եղեռնի հուշահամալիրի և մարզահամերգային համալիրի այցելուներին։ Էստակադայի հիմնական շինարարությունը կավարտվի մինչև տարեվերջ, ասֆալտապատումը կիրականացվի գալիք տարի: Ի դեպ, երկրորդ փուլով ընթացող շինարարությունը չի խոչընդոտի Ծիծեռնակաբերդի խճուղու երթևեկությանը։ Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրի իրականացման համար Երևանի համաքաղաքային բյուջեից 750 մլն դրամ է հատկացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter