Միջազգային գիտատեղեկատվական ցանցն արդեն հասանելի է գիտական հանրությանը
Այսօր ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի է ունեցել Springer գիտատեղեկատվական հրատարակչության հետ համագործակցության եւ Գրադարանային կոնսորցիումի գործունեության վերաբերյալ սեմինար:
Սեմինարի ընթացքում կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հայտարարել է, որ համաշխարհային գիտական ճանաչում ունեցող Springer հրատարակչության հետ ս.թ. նոյեմբերի 23-ին երկարատեւ բանակցությունների արդյունքում կնքվելու է անդամակցության պայմանագիր, համաձայն որի` Հայաստանի բոլոր պետական գիտական հիմնարկությունները հնարավորություն կստանան անվճար օգտվելու տվյալ հրատարակչության ծառայություններից:
Սա ենթադրում է մոտ 1700 գիտական ամսագրերից եւ 5 տարի տեւողությամբ գիտական գրականությունից սեփականության իրավունքուվ օգտվելու հնարավորություն: Այդ պայմանագրի շրջանակներում ՀՀ գիտական կազմակերպությունները կկարողանան օգտվել, ինչպես նաեւ ներբեռնել Springer հրատարակչության գիտական գրականությունը՝ ստեղծելով սեփական վիտուալ էլեկտրոնային գրադարանները:
Ս. Հարությունյանը նշել է, որ նմանատիպ ծառայությունները տրամադրվում են մոտավորապես 1 մլն 500 հազար ԱՄՆ դոլարով, սակայն Հայաստանին հնարավորություն է տրվել այդ ծառայություններից օգտվել՝ վճարելով միայն այդ գումարի 10 %-ը՝ 150 հազար ԱՄՆ դոլար:
Springer հրատարակչության հետ աշխատանքները Հայաստանում համակարգելու է Էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումը, որը Միջազգային գրադարանային կոնսորցիումի անդամ է: Գիտական կազմակերպությունները, Էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումին անդամակցելու համար պետք է վճարեն տարեկան ընդամենը 50-60 հազար դրամ անդամավճար: Այս առումով էլ Ս. Հարությունյանն ավելացրել է, որ հետագայում գիտական հիմնարկներին կտրամադրվեն լրացուցիչ միջոցներ՝ կոնսորցիումի անդամավճարները վճարելու նպատակով:
Ինչպես հայտնում են Գիտության պետական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, վերջում կոմիտեի նախագահն ավելացրել է, որ 2012 թ. նախատեսվում է որպես պետական նպատակային ծրագիր ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել ՀՀ-ում «Գրիդ» գրադարանային վիրտուալ ցանց ստեղծելու նախագիծ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել