HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եվրադատարանը կատարում է ճիշտ նույն գործառույթը, ինչ ՀՀ դատական վերին ատյանը»

Եվրադատարանը գանգատների 90%-ը վերադարձնում է` առանց քննության

ՀՀ մի խումբ քաղաքացիներ բաց նամակ / դիմում-բողոք են հղել Արդարադատության միջազգային կոմիտեի փոխնախագահ Պոլ Հաուչ Ֆենգերին և Եվրոպական հանձնաժողովի Մարդու իրավունքների բաժնի միջազգային կապերի պատասխանատու Վոյչեխ Վիսոցկուն: Բաց նամակում ասվում է. «Սույնով ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական համակարգը կայացած չէ:

Գաղտնիք չէ, որ այն ծայրահեղ կոռումպացված է և հայ հանրությունը զրկված է ներպետական իրավական պաշտպանության արդար ու արդյունավետ միջոցից: Գրեթե բացահայտ` կոպտորեն խախտվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Անարդարությունն ամենուր է և անվերահսկելի: Հայ մարդն իր հույսը չի կարող դնել ոչ դատախազության, ոչ ոստիկանության, ոչ էլ դատարանի վրա: Այդ կառույցներն աշխատում են միմյանց հետ պայմանավորված, հստակ գծագրված միասնական սխեմայով` համագործակցելով երկրի այն պետական մարմինների հետ, որոնք կոչված են ապահովելու անձանց իրավունքների և հատկապես սեփականության իրավունքի պաշտպանությունը: Դրանք են` պետական կադաստրը, արխիվը, նոտարիատը, քաղաքապետարանը, Վարչական շրջանները և այլն: Բոլորը միասին, կարծես մեկ միասնական սերտաճած մարմին լինեն: Աշխատում են շատ պարզ մեխանիզմով. փաստաթղթերը կեղծվում են, բնագրերը թաքցվում կամ ոչնչացվում: Անհնարին է որևէ պետական մարմնի արխիվից կամ նոտարական գրասենյակից ստանալ անշարժ գույքի վերաբերյալ կամ քեզ անհրաժեշտ որևէ այլ ԲՆԱԳԻՐ փաստաթուղթ` նույնիսկ ոչ դատախազության, ոչ էլ դատարանի միջոցով: Պայմանավորված կերպով մեկը մյուսի կեղծիքը կոծկում է, ու վճիռները կայացվում են կեղծված ու վիճելի փաստաթղթերի հիման վրա: Այդպիսով, քանի որ մեր երկրի հիմնական օրենքի համաձայն` արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները, հայ մարդն ընկնում է շրջափակման մեջ: Եվ իր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար ստիպված է լինում հարկադրաբար անցնել ներպետական բոլոր գործընթացների միջով ու դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` հույս ունենալով այնտեղ արդարադատություն գտնել: Սակայն այստեղ էլ կոռումպացված համակարգը գտել է ելքը. Եվրադատարանում ՀՀ ներկայացուցիչներ են գործուղվել հենց այն անձինք, որոնք միանշանակ շահագրգռված են կատարված կեղծիքները կոծկելու և ՀՀ դատարանների կայացրած անօրինական վճիռներն ի ցույց չհանելու մեջ: Վերջին տարիներին մեր, ինչպես նաև մեր համերկրացիների նկատած որոշ երևույթներ սկսել են անվստահություն սերմանել նաև Եվրադատարանի նկատմամբ: Մեր կարծիքով Հայաստանից Եվրադատարան ուղարկված գանգատների 90%-ը թաքցվում է այլազգի դատավորներից: Նույն քաղաքացուց 1-ից ավելի ստացված գանգատները, որոնք, ըստ կանոնակարգի, պետք է քննվեն ոչ թե միանձնյա, այլ կոլեգիալ կարգով, դիտավորյալ գրանցվում են մեկ համարի տակ, դիտարկվում են որպես մեկ գործ ու նախորդի շարունակություն, և դրանց վրա ավտոմատ հագցվում է «անընդունելիության» իրենց կարած-կարկատած նույն շապիկը: Շատ հաճախ էլ անհասկանալի պատճառներով չենք ստանում Դատարանի պատասխան գրությունները կամ ստանում ենք 2-3 տարի ուշացումով, այն էլ` բազմաթիվ գրավոր կամ հեռախոսային հիշեցումներից հետո: Ընդհանրապես չենք ստանում մեր գործերի վերաբերյալ քարտուղարության զեկուցագրերը և մեր գանգատների անընդունելիության մասին Կոմիտեի որոշումները: Մեր հեռախոսային կամ գրավոր պահանջներին Դատարանի աշխատակիցները պատասխանում են, որ այդ փաստաթղթերը մեզ չեն տրամադրվի, քանի որ դրանք կոնֆիդենցիալ աշխատանքային փաստաթղթեր են: Դա հակասում է Դատարանի աշխատանքի թափանցիկության սկզբունքին, հետևաբար առաջացնում է անվստահություն` դատարանի իրավացիության, օրինականության և անկողմնակալության նկատմամբ: Այլազգի դատավորների կամ դատարանի այլ պաշտոնատար անձանց անվան տակ ստորագրվում են գրություններ, կամ էլ նման անձինք իրենց ստորագրությունը դնում են հայերենով գրված գրությունների տակ, ու դրանք, առանց որևէ կնիքի ու միևնույն շաբլոնով ձևակերպված տեքստով, ուղարկվում են գանգատարկուներին: Արդյունքում ստացվում է այնպես, որ Եվրոպական դատարանը կատարում է ճիշտ նույն գործառույթը, ինչ ՀՀ դատական վերին ատյանը, այն է` գանգատների 90%-ը, առանց քննության կամ լավագույն դեպքում` անհիմն պատճառաբանությամբ, ետ է վերադարձվում: Ելնելով վերոգրյալից, խնդրում ենք Ձեր հնարավորությունների և իրավասությունների շրջանակներում ջանքեր գործադրել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախ վերականգնի իր հեղինակությունը հայ հասարակայնության շրջանում, ապա վերահսկողություն սահմանի Հայաստանի ներկայացուցիչների գործունեության նկատմամբ` խստիվ արգելելով դրանց միջամտությունը մեր գործերին, և ի վերջո, արդարացի լուծում տա մեր անհետաձգելի ու կենսական խնդիրներին, որոնք ուղղակիորեն վտանգում են մեր  առողջությունն ու կյանքը:

Խորին հարգանքով, մի խումբ ՀՀ քաղաքացիների անունից` Ռ.Ղազարյան «Դալմա-Սոնա» հիմնադրամի ՀԽ նախագահ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter