Էներգետիկայի նախարարը Սյունիքում էր
Երեկ աշխատանքային այցով Սյունիք էր այցելել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նախարարն այցելեց մարզի երեք արդյուանաբերական ձեռնարկություններ` «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» եւ «Դինո գոլդ մայնինք քամփնի» ՓԲԸ, որտեղ անցկացվեցին աշխատանքային խորհրդակցություններ:
Արդյունաբերական ձեռնարկություններում անցկացրած հանդիպումներից հետո նախարարը այցի արդյունքները ամփոփ ներկայացրեց լրագրողներին: Նա մասնավորապես նշեց, որ արդյունաբերական ձեռնարկություններում արտադրական ծավալների աճ է արձանագրվել: «Ագարակի կոմբինատում նախորդ տարվա համեմատ արտադրական ցուցանիշներն ավելացել են մոտ 2 անգամ: ԶՊՄԿ-ում բնեղեն արտադրանքի 25 տոկոսով աճ է արձանագրվել, ապրանքային արտադրանքը` մոտ 60 տոկոսով, դրանց զուգահեռ այստեղ բացվել են նաեւ նոր աշխատատեղեր: Կապանի կոմբինատում` «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ում, այս տարի բնեղեն արտադրանքն ավելացել է կրկնակի: Եթե նախորդ տարի մոտ 218 հազար տոննա հանքաքար է վերամշակվել, ապա 2010-ին վերամշակված հանքաքարի ծավալը կազմել է շուրջ 430-435 հազար տոննա: Եվ կարեւորը, որ այս ցուցանիշները եկող տարի նախատեսված է հասցնել մինչեւ 600 հազար տոննայի: Մեր պայմանավորված աշխատատեղերի քանակը, որ եղել է 950, այս պահին աշխատում է 1150 մարդ, եւ, ի ուրախություն կապանցիների, պետք է ասեմ, որ տնօրենը հայտնեց, որ մյուս տարվա ընթացքում կավելացվի աշխատատեղերի քանակը: Այս թվերը խոսում են այն մասին, որ ճգնաժամից հետո հանքարդյունաբերությունը Սյունիքի մարզում ամբողջովին կարելի է ասել վերականգնվել է, նախկին տեմպերի մեջ է, ավելին` բոլորն իրենց արտադրական հզորություններն ավելացրել են», -ասել է նախարարը:
Նա նշել է, որ մարզի լեռնարադյունաբերական ձեռնարկություններում անցկացված աշխատանքային խորհդակցությունները նպատակ ունեին համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո քննարկել առաջիկա անելիք ծրագրերը եւ սպասվելիք զարգացումները, քանի որ համաշխարհային շուկայում տիրող մետաղների ներկայիս գների վիճակը թույլ է տալիս նաեւ, որպեսզի ձեռնարկությունները կարողանան մտածել արտադրական, տեխնոլոգիական, տեխնիկական զարգացումների մասին, ուստի հիմնական շեշտը առօրյա հոգսերից բացի արդեն դրված է զարգացման խնդիրների վրա»:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել կոմբինատների տնօրենների հետ, որ առաջիկա բոլոր ծրագրերն ավելի մանրամասնորեն քննարկվեն մասնագետների հետ, իսկ կառավարությունը կփորձի ցույց տալ հնարավոր աջակցություն`դրանց իրականացման համար:
Ասուլիսի ժամանակ լրագրողները Արմեն Մովսիսյանին հարց ուղղեցին Սյունիքի մարզում վերջին ժամանակներս կարեւոր ու առաջնային դարձած Լեռնաձորի համայնքում ուրանի պաշարների ուսումնասիրման աշխատանքների մասին: «Այս ընկերությունը, որ ստեղծվել է, ընդամենը որոնողական աշխատանքներ է իրակնացնում: Դեռ չգիտենք, ուրան ունե՞նք, թե՞ չէ: Այնտեղ ուսումնասիրում ենք ե'ւ մոլիբդեն, ե'ւ ոսկի, ե'ւ ուրան, ինչ լինի: Թե որը կլինի, որը կշահագործվի, դա պետք է հետո որոշվի: Հաշվի կառնվի մի շարք պայմաններ. ինչ ձեւով է գտնվում, ինչ խորության վրա, դա դեռեւս հարցեր են, որոնց մասին չգիտենք, իսկ այսօր որոշ քաղաքական գործիչներ փորձում են այս ամենից օգուտներ քաղել: Երբ կունենանք, երբ կորոշվի, որ դա շահագործման համար պիտանի է, այն ժամանակ կորոշվի, ինչ տեխնոլոգիաներով կարվի: Առաջնահերթությունը դրվելու է բնապահպանության վրա»,-պատասխանել է Սյունեցի նախարարը:
Մերի Սողոմոնյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել