«Մենք թույլ չենք տա ոչ մի քաղաքական ուժի շահարկել այս շարժումը և ղեկավարել մեզ»
«Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Փարսադանյանի պարզաբանումը
Այս ակցիան բնապահպանական ակցիա է, և մենք չենք ցանկանում, որ որոշ քաղաքական ուժեր օգտագործեն այս շարժումն իրենց անձնական, քաղաքական նպատակներով:
Մենք կհամագործակցենք միայն նրանց հետ, ովքեր ունեն ազնիվ մղումներ: ԶԼՄ-ներով շատ է քննարկվում, որ Զարուհի Փոստանջյանին ՀԿ-ի ղեկավարները չէին ցանկանում ձայն տալ:
Պատճառն այն է, որ, մեզ հասած տեղեկություններով, նա Երևանում հայտարարություններ էր անում իր կողմից Կապանում հանրահավաք կազմակերպելու վերաբերյալ: Մեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ է, որ մենք կարողացանք այսքան հասունացնել խնդիրը և դեռ ավելի կհասունացնենք, բայց մեզ համար անընդունելի է, որ մեր կատարած աշխատանքը վերագրեին իրենց և մեզ գործիք դարձնեին:
Դա մեզ համար անընդունելի և շատ վիրավորական է, և հայտարարում ենք մեկընդմիշտ` մենք թույլ չենք տա ոչ մի քաղաքական ուժի շահարկել այս շարժումը և ղեկավարել մեզ, քանի որ մեր պայքարը ազնիվ է, մենք մեզ նվիրել ենք այս պայքարին և չենք կարող երաշխավորել այլ ուժերի մտադրությունների անկեղծությունը:
Մենք շարունակելու ենք մեր պայքարը և նման հանրահավաքներ կկազմակերպենք այնքան, մինչև կառավարությունը կասեցնի այս գործընթացը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել