HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1948

Արարատ Գյուլբանգյան

Ինձ համար այնքան էլ հաճելի չէ շարադրել այս պատմությունը` թողնելով իմ հիմնական զբաղմունքը` փրկել մարմինս վերահաս կործանումից: Բայց եկավ մի պահ, երբ պարզվեց, ավելին` դարձավ օրախնդիր, որ փողի խրոնիկական սղությունը ինձ ուղղակի չի թողնում ամբողջ էությամբ նվիրվելու անձնական գերխնդրիս:

Վաստակածս դրամը չնչին մի բան էր, և ես ստիպված համաձայնեցի պարոն Անդրեի առաջարկությանը` շաբաթական երեք օր չորսական ժամով գրագրություն անել պետական մի արտասովոր հիմնարկում, որն ուսումնասիրում էր կենդանիների և բույսերի վարքը, երբ շրջապատում կատարվում էր որևէ հանցագործություն: Իհարկե, ես տարակուսանք հայտնեցի, թե ինչով կարող եմ օգտակար լինել, մանավանդ որ իմ կրթությունն ու նախասիրությունները հեռու էին թե կենսաբանությունից, թե կրիմինալիստիկայից: Պարոն Անդրեն բացատրեց, որ ես ընդամենը պետք է ներկա լինեմ կենդանիների հարցաքննությանը (բույսերի հարցաքննությունը իրականության այլ չափումների և կենսաբանական բարդ խնդիրների ոլորտ է: Դրան կանդրադառնամ մի ուրիշ առիթով) և գրի առնեմ ամբողջ բովանդակությունը` աչքաթող չանելով որևէ մանրուք, շարժուն մի դրվագ: -Ի՞նչ է, դուք ինձ հիմարի տե՞ղ եք դրել,- այլևս չհամբերելով` ձայնս բարձրացրի ես: -Կարծում եմ` բարկանալու պատճառ չկա,- հանդարտ պատասխանեց նա,- վիրավորվելու` նույնպես: Ամեն ինչ դեռ առջևում է, հետո մենք հենց այնպես մեկ ժամի համար 20 դոլար քամուն չենք տալիս: Հուսով եմ` դուք նույնպես հասկանում եք, որ ամեն ինչ այս գործում առավել քան լուրջ է... Այս խոսակցություննից հետո ինձ համար մի բան, համենայնդեպս, պարզ էր. մեկ ժամի համար վճարում են 20 դոլար, իսկ մնացածը, ինչպես ասում են, տերերի գործն է: Փողը, պարոնայք, ինձ այդ ժամանակ անչափ անհրաժեշտ էր: Հիմա էլ: Եվ դա էր պատճառը, որ ես, առժամանակ կտրվելով իմ հիմնական գործից, շարադրում եմ այս պատմությունը «Լաբիրինթոսի» համար: Ինչևէ, այդ խոսակցությունից երկու օր հետո` պայմանավորված ժամին, ներկայացա պարոն Անդրեին: Նա ձեռքով բարևեց, հետաքրքրվեց` ինչպես են գործերս: -Պարոն Ար,- բարեկամական տոնով շարունակեց խոսակցությունը,- մինչ հարցաքննությունը դեռ ժամանակ կա: Դուք ընդհանրապես ինչո՞վ եք զբաղվում: -Դե գիտեք, ինչպե՞ս ասեմ, հանրօգուտ աշխատանքով չեմ զբաղվում, որևէ բարիք չեմ արարում, որոշակի ընդգծված նախասիրություններ չունեմ: Հիմնականում ձգտում եմ փրկել մարմինս վերահաս կործանումից: -Կարո՞ղ եք, եթե գաղտնիք չէ, մի քիչ ավելի պարզ բացատրել, թե ինչ նկատի ունեք` վերահաս կործանում ասելով... -Դե, գիտե՞ք, ինչպե՞ս բացատրեմ... մի քիչ դժվար է... հասկանում եք... -Լավ, իսկ գոնե ձեզ ինչ-որ բան հաջողվո՞ւմ է... -Առայժմ` մասամբ... -Այսինքն... -Դե, եթե կարողանամ կարգավորել ֆինանսական դրությունս, կենտրոնանալ և առավել շատ ժամանակ տրամադրել իմ գործին, կարծում եմ, որ պետք է իրականացնեմ գերնպատակս: -Այո, պարզ է, պարզ է... հիմա անցնենք մեր գործին: Մենք համագործակցում ենք ոստիկանության, դատախազության և այլ իրավապահ ծառայությունների հետ: Երբեմն լինում են շփումներ նաև ներքին ու արտաքին ընդհանուր անվտանգության հարցերով զբաղվող պետական կառույցների հետ: Չեն բացառվում մասնավոր պատվերները: Մեր հասույթներն ուղղակիորեն կախված են այդ կառույցներին մատուցած մեր ծառայության և ծավալից, և որակից: Ավելի պարզ` մենք ամեն մի բացահայտված հանցագործության դիմաց ստանում ենք մինչև 20 տոկոս հավելավճար, իսկ որոշ բնույթի աշխատանքների դիմաց` նույնիսկ մինչև 60 տոկոս: Բույսերի հարցաքննության պարագայում դրույքաչափերը եռապատկվում են` գումարած նաև տարբեր տիպի խրախուսանքներ: Իսկ եթե հանցագործության բացահայտման գործում հիմնական փաստարկը ներկայացնում է մեր ծառայությունը, և մանավանդ երբ ավանդական հանցանշանները իսպառ բացակայում են, այդ դեպքում վճարումները քառապատկվում են: Այստեղից էլ մեր աշխատանքի որակի ապահովումը դառնում է առաջատար մի գործոն, որը մեզ ստիպում է առանց գլուխ պահելու, բարեխղճորեն կատարել մեր պարտականությունները: Ո՞րն է ձեր խնդիրը այս գործում, պարոն Ար. հարցաքննության ընթացքում ակնդետ հետևել հարցաքնվողին, ուշադիր լսել ու գրի առնել ամեն մի մանրամասնություն: Կարող եք հարցնել, թե ինչո՞ւ պարզապես չի ձայնագրվում հարցաքննությունը կամ տեսագրվում, ապա և ուսումնասիրվում: Մենք, իհարկե, փորձել ենք նաև այդ ուղին, այն էլ գերժամանակակից սարքավորումներով: Արդյունքում` տասնապատիկ վատ ցուցանիշներ, աղավաղված փաստեր: Հասկանո՞ւմ եք, հարկավոր է կենդանի, անմիջական շփում, սրտացավ գրագիր, որն իրոք ուզենա մտնել վիճակի մեջ, հասկանա կենդանուն, զգա բույսի դողը, որոնք նույնպես ունեն մեկ գերխնդիր` փրկել իրենց մարմինը կործանումից: Իսկ դա բոլորից լավ դուք կարող եք անել, պարոն Ար, այդպես չէ՞... -Այո,- ակամա պատասխանեցի ես: -Ուրեմն մտնենք ներս,- շարունակեց իր խոսքը պարոն Անդրեն` մտերմաբար թփթփացնելով ուսիս, ապա առաջնորդեց մի լուսավոր ու մաքուր սենյակ, որտեղ սեղանից, երեք-չորս աթոռից ու տարբեր չափի մի քանի վանդակներից զատ, այլ բան չկար:- Հիմա մենք կզինվենք խոշորացույցներով և կհետևենք, ավելի ճիշտ, կսկսենք հարցաքննությունը: Կատարվել է վատթարագույնը. առայժմ անհայտ հանցագործը սուր կտրող գործիքով սպանել է քաղաքի միակ բանաստեղծին: Դասական հանցանշաններն իսպառ բացակայում են, մեզ համար` հավելավճարի հիանալի հնարավորություն. ոչ մի կասկած որևէ մեկի նկատմամբ: Այնպես որ, բացահայտման միակ տարբերակը մնում է մեր մեթոդը, և, փառք Աստծո, մեր տղաները դիակը զննելիս սպանվածի մորուքի մեջ ձերբակալել են մի արու ոջիլ: -Ո՞ւմ,- տարակուսած բացականչեցի ես: -Մի սովորական արու ոջիլ, որին էլ հիմա մենք կհարցաքննենք: Պարզ է մի բան. տուժողը մաքրակենցաղ մարդ էր, և հիշյալ ոջիլը երբեք նրան չէր կարող պատկանել: Ուրեմն որտեղի՞ց նա հայտնվեց: Իհարկե` մարդասպանի վրայից, քանզի առանց մարդու արյան` ոջիլը միջավայրում գոյատևում է ընդամենը երկու օր: Տուժողը տանը չի եղել 7 օր, վերադարձել է ժամը 19-ի սահմաններում, իսկ երկու ժամ հետո կատարվել է ողբերգությունը: Այս ամենը ճշտված է, և մենք ոչ մի հիմք չունենք չվստահելու դատաբժշկական հանձնաժողովի եզրակացությանը: Իհարկե, կա նաև մի ծայրահեղ միջոց` հերձել ոջիլին` պարզելու համար նրա խմած արյան բաղադրությունը` չնայած այստեղ էլ չի բացառվում վրիպումը: Հնարավոր է` ոջիլը այդ երկու ժամվա ընթացքում հասցրած լինի ծծել թե զոհի և թե դահճի արյունները: Ոչ, ոչ, պետք է մտածել, ձերբակալվել է ընդամենը մեկ ոջիլ, իսկ այդպես չի լինում: Եթե ոջիլը պատկաներ տուժողին, պետք է որ անպայման լինեին նաև այլ ոջիլներ, անիծներ և այլն: Իսկ այդպիսիք չեն հայտնաբերվել: Իսկ եթե սպանվածը ոջիլը «ձեռք է բերել» ճանապարհին, ուրեմն նրա որովայնում պետք է որ հայտնաբերվի ևս մեկ արյան բաղադրություն: Այո, ամեն ինչ ավելի բարդ է: Մի խոսքով, ոջիլը պատկանում է հանցագործին, դա անժխտելի փաստ է նաև նրա համար, որ ոջիլի վրայից մենք զգացինք կնոջ թույլ օծանելիքի հոտ: Ուրեմն միանշանակ կարող ենք ասել նաև, որ մարդասպանը կին է եղել, այն էլ` ոջլոտ: Հիմա լսենք վկային. մոտ եկեք, պարոն Ար, տեղավորվեք, ահա խոշորացույցը, թուղթ և գրիչ: Հարցաքննությունը սկսված է: Ես մոտեցա սեղանին, որի վրա ուղղանկյուն կտրված մի ապակու կտոր նկատեցի, ու երբ խոշորացույցը մոտեցրի, պարզ երևաց ապակուն մեջքով սոսնձված մի ոջիլ, որը, հավանաբար զգալով իր վերահաս կործանումը, անզորությունից տենդագին ցնցում էր երեք զույգ տոտիկները` երևի ցանկանալով ազատվել սոսնձապատ ապակուց: Բայց դա մի ֆանտաստիկ ցանկություն էր այդ փոքրիկ էակի համար այնպես, ինչպես, եթե ես հանկարծ չցանկանայի այլևս փրկել մարմինս կործանումից: -Նստեք, պարոն Ար, և սկսեք գրել,- պարտադրանքի տոն զգացվեց պարոն Անդրեի ձայնում:- Հարցաքննությունը վաղուց սկսվել է, ժամանակն անցնում է... -Ինչպե՞ս, ես ոչ մի ձայն չեմ լսել,- զարմացա ես... -Պարոն Ար, 20 դոլար մեկ ժամի համար, կրկնում եմ, մենք չենք պատրաստվում հենց այնպես վճարել, խնդրում եմ` մի քիչ ուշադիր եղեք: Ես ուղղակի լարեցի լսողությունս և ավելի ուշադիր նայեցի ոջիլին: Մի սովորական ոջիլ էր, ուրիշ ոչինչ: Նրանում արտասովոր բան չնկատեցի, և ինձ մի պահ թվաց, թե այդ ամենը կազմակերպված ներկայացում է ինձ հիմարացնելու համար, բայց ինչո՞ւ, ես ընկա մտածմունքի մեջ. ի՞նչ է այս ամենն ի վերջո նշանակում, ո՞վ է իրականում այս պարոն Անդրեն, ինչո՞ւ հենց ինձ առաջարկեց այս անհեթեթ գործը: Նա, իհարկե, բացատրեց, որ իմ և հարցաքննվող կենդանիների ու բույսերի մեջ ինչ-որ նույնաբնույթ կապ կա, մենք փրկում ենք մեր մարմինները վերահաս կործանումից: Շատ բարի, սակայն որտեղի՞ց նրան այդ ինֆորմացիան նախքան իմ ասելը: Այս ի՞նչ հիմնարկություն է, գրողը տանի, ո՞վ է այս պարոն Անդրեն, մի՞թե իմ նախկին կնոջ հետ որևէ առնչություն ունի այս ամենը: Հնարավոր է` նրանք ծանոթներ լինեն կամ էլ ուրիշ մի բան: Ամեն դեպքում իմ նախկին կինը ընդամենը մի հիմար հավ էր, և ես պարզապես քշեցի նրան իմ բնակարանից: Այո, նա միշտ էլ ինձ հանիրավի վիրավորել է, թե իբր ես թույլ տղամարդ եմ և այլն: Համբերությանս բաժակը վաղուց լցվել էր, և երբեք չզիջեցի իմ սկզբունքները: Կարճ ասած` նա ինձ արժանի չէր: Այս պարոն Անդրեն, այո, իրոք հետաքրքիր է: Լավ, անցնենք գործին` 20 դոլար մեկ ժամի համար, հրաշալի է, վերջապես ի՞նչ է ուզում այս պարոն Անդրեն խեղճ ու կրակ այս ոջիլից: Երդվում եմ` այսպիսի անհեթեթություն առաջին անգամ եմ տեսնում: Ոջիլ, այս քեզ բան, մի փոքրիկ ոջիլ, ընդամենը մի ոջիլ: Ո՞վ է ոջիլը: Ի՞նչ է ուզում աշխարհից: Արյունածուծ մի փոքրիկ էակ, ապրում է հիմնականում գլխի մազածածկ մասում, նաև մարմնի այլ մասերում` աճուկների մազածածկ հատվածներում և այլն: Չէ, ախպերս, որտեղ ցանկանում ես ապրիր, ինչքան անիծ ուզում ես դիր, դա քո անձնական խնդիրն է, այսինքն` որձ ես, մոռացել եմ, ներիր, ձվադրման հետ ողղակի գործ չունես, դու պարզապես փրկում ես մարմինդ կործանումից, ինձ պես: Մի  խոսքով, ամեն ինչ պարզ է, և ավելորդ հուզվելու կարիք չկա: 20 դոլար մեկ ժամի համար, հասկացիր, ոջիլ, դու պետք է խոսես, ինչպե՞ս: Չէ, ապուշ պարոն Անդրեն ինձ 20 դոլար է խոստացել մեկ ժամի համար, եթե ես գրի առնեմ քո վկայությունը սպանության հանգամանքների մասին: -Տոտալ խոշտանգումը արգելվում է,- միջամտեց պարոն Անդրեն,- մենք ստորագրել ենք 1948 թվականի Կոնվենցիան, բայց եթե անհրաժեշտ լինի, կոլորենք տոտիկներից մեկը: Ունենք դատախազի թույլտվությունը, տեղեկացված է նաև նրա փաստաբանը: -Այո, այո, ամեն ինչ պարզ է, ոջիլ, քո տեղը կարող էր մի ուրիշ կենդանի լինել, օրինակ` էգ շուն, դա ինձ ավելի ձեռք կտար: Հասկանո՞ւմ ես, ոջիլ, ես այնպես կխոսեցնեի այդ շանը, որ ուղղակի մազերը բիզ-բիզ կկանգնեին: Իմ առաջին կինը ինձնից փախավ այդ պատճառով: Այսքան բան, վերջ, բավական է, դու ինձ հասկացար, շարժումներիցդ երևում է: Հիմա պետք է, որ մի բան գրեմ, ես գրում եմ... ես գրում եմ... 20 դոլար մեկ ժամի համար, օրական 4 ժամ. կլինի 80 դոլար: Շաբաթական երեք աշխատանքային օր, կլինի` 240 դոլար: Մեկ ամսում 960 դոլար, ոչինչ, լավ է, լավ է, իսկ մեկ տարում` 11.520 դոլար, հիանալի է: Իսկ հետո, օրինակ, 5 տարում, ահա, ահա, 57.600 դոլար, այ քեզ հրաշք: Անմիջապես կմեկնեմ այնտեղ` երեք ծրագրված վիրահատության: Նախ` ստամոքսիս խոցը, հետո` մյուս երկուսը, ընթացքում` փոքր խնդիրները, ոջիլ իմ, ոջիլ, հետո ինչ կանեմ, ախ, հա` «մկաններիս սզուն... ուղեղիս քորը» կբուժեմ, կփրկեմ մարմինս... -Պարոն Ար, շնորհավորում եմ, սկզբի համար վատ չէ, բավականին գրել եք... -Ի՞նչ, ես դեռ ոչինչ չեմ գրել... -Հասկանալի է, առաջին հարցաքննությունն է, հուսով եմ` կամաց-կամաց ձեր շփոթվածությունը կանցնի: Հիմա տեսնենք, թե ինչ է խոստովանել ոջիլը: -Բայց ես իրոք ոչինչ չեմ գրել,- թղթի վրա միայն խզբզոցներ են, կետեր և կարճ գծեր, ապակենտրոն շրջանակներ: -Էհ, պարոն Ար, լավ, թող այդպես լինի, վերջում միասին կպարզենք, հիմա մեզ մոտ ընդմիջում է: Դուք տա՞նն եք ճաշելու, թե՞ այստեղ... -Ճաշելո՞ւ: -Այո, այստեղ մատչելի գներով կարելի է հիանալի սնվել, ես Ձեզ հրավիրում եմ, գնանք: Նախ կզրուցենք, մի դեպք կպատմեմ իմ աշխատանքային, այսպես ասած, բազմամյա փորձից: Կարծում եմ` Ձեզ համար ուսանելի կլինի: Իրոք որ հաճելի ճաշարան էր, ուղղակի զարմանահրաշ ու բացառիկ կղզյակ` բազմապիսի համեղ կերակրատեսակներով: -Պատվիրեք, պարոն Ար,- շարունակեց իր խոսքը պարոն Անդրեն,- ի҄նչ էի ուզում ասել, ի՞նչ, հա, ուրեմն այսպես, ես էլ, երբ նոր էի ընդունվել աշխատանքի, ձեզ պես գրագիր էի, սակայն մի էական տարբերությամբ` դրամը ինձ պետք էր պարզապես զվարճանքների համար, չէ՞ որ ես շատ ջահել էի, նորավարտ մասնագետ և, ամենակարևորը, ամուսնացած չէի: Մի խոսքով, երբ իմ նախկին շեֆը` լուսահոգի պարոն Միշոն, որ հորս ռազմաճակատային մտերիմ ընկերներից էր, ինձ առաջարկեց այդ գործը` այո, գրագրի պաշտոնը, թվաց, թե այդ մարդը պարզապես ապուշի տեղ է ինձ դնում, մանավանդ որ նկատեցի, թե ինչպես բազմանշանակ աչքով արեց հորս: -Պարոն Միշո,- դիմեցի նրան` հուզմունքից կարմրատակած, հիշիր` ես ընդամենը 22 տարեկան էի,- խնդրում եմ ինձ չվիրավորել... -Օհո҄,- բացականչեց նա իր բամբ ձայնով` ձեռքը դնելով հորս ուսին,- համա թե կերպար է հա҄, Հենրի, բացատրիր նրան, թե ինչ է այս ամենը նշանակում, և վաղը ուղարկիր մոտս, թող աշխատի: Հայրս, իհարկե, ինչպես հարկն էր, բացատրեց գործի բնույթը, և ես հաջորդ օրվանից արդեն գրագիր էի: Ինչևէ, առաջին գործս անչափ հետաքրքիր մի պատմություն դուրս եկավ. ձերբակալվել էր մի զինվորական սպա, որը հարբած վիճակում ատրճանակից կրակել էր սեփական կնոջ վրա: Փաստորեն, դա մահափորձ էր, սակայն ոչ այնքան հաջող: Հարևանները վրա էին հասել, և կինը, թևից վիրավոր, տեղափոխվել էր հիվանդանոց: Սպան, երբ հաջորդ օրն արդեն սթափվել էր, խոստովանեց, որ այո, շատ է ափսոսում, որ իրեն չի հաջողվել կնոջը շանսատակ անել, այդ բանը պետք է վաղուց արած լիներ, որովհետև նա մի սարսափելի անառակ է, կապված է իր որձ շան հետ, և ինքը մի քանի անգամ բռնել է նրանց, ինչպես ասում են, հանցանքի պահին: Իր թախանձանքները ոչ մի արդյունք չեն տվել, ցանկացել է տնից դուրս քշել շանը, սակայն կինը սպառնացել է, որ ինքն էլ կհեռանա նրա հետ: Դա դեռ ոչինչ, այս պատմության մեջ ամենացավալին այն է եղել, իհարկե, իր համար նաև ողբերգական, որ այդ ապերախտ կենդանին, որին ինքն է լակոտ հասակից, թրջված ու սոված, փողոցից բերել տուն, պահել, կարգին շուն դարձրել, վերջին ժամանակները այնքան է խանդոտ դարձել, որ նույնիսկ չի թողել իրեն շաբաթը գոնե մեկ անգամ կենակցել սեփական կնոջ հետ: Այնպիսի անհանդուրժելի վարքագիծ է դրսևորել (հատկապես դիտավորյալ միզելը սպայական համազգեստի վրա), որ այլևս անհնարին է եղել համատեղ կյանքը, թե չէ ինքը նույնիսկ հաշտվել էր այն մտքի հետ, որ ոչինչ, թող այդպես լինի, մի կերպ կհամակերպվեր (վերջիվերջո շները հո 20 տարուց ավելի չեն ապրում), և իր կինը, թեկուզ ծերության տարիներին, իրեն կմնա: Բայց այդ մի բանը (սպայական պատվի անարգում) ինքը երբեք չէր կարող հանդուրժել և վճռեց երկուսին էլ պարզապես գնդակահարել: Հենց առաջին կրակոցից շունը ծլկել էր: Երկրորդ գնդակը նույնպես չէր դիպել: Արդեն երրորդը ուղղել էր կնոջ վրա, որը հասցրել էր գիտակցել, թե ինչ էր կատարվում, և մերկանդամ դուրս էր նետվել շքամուտք: Չորրորդ կրակոցով վիրավորել էր նրան ու սարսափելի ճչոցից հետո այլևս ոչինչ չի հիշում: -Այո, պարոն Ար, ասում էի չէ՞, որ համեղ կերակուրներ կան այստեղ,- պատմությունը մի պահ ընդհատեց պարոն Անդրեն` նկատելով, թե ինչպես եմ ախորժակով ուտում:- Մեզ մնում էր պարզել, թե այդ ամենը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Կինը կտրականապես ժխտում էր ամուսնու մեղադրանքը և բղավում, որ նա պարզապես ցնդել է ալկոհոլի տևական ընդունումից, նա վաղուց տղամարդ չէ և նման բաներ: Դե, պարզ է, բոլորս էլ գիտենք` ինչպես են հաճախ այդպիսի դեպքերում արդարանում մեղսագործ կանայք. ծվատում են երեսները, անիծում իրենց բախտը, ճչում, լացուկոծով ցանկանում փակել շրջապատի բերանը: Հարևանները բացարձակ հրաժարվեցին որևէ վկայությունից: Առանց այդ էլ ամեն ինչ պարզ էր: -Արևս վկա, այս կինը բոզ է,- անմիջապես նկատեց լուսահոգի պարոն Միշոն, երբ մենք այցելեցինք նրան հիվանդանոց` որոշ մանրամասներ ճշգրտելու: Իրոք որ, կրակի կտոր էր, բավականին լավիկը: -Սակայն մեզ փաստեր և ապացույցներ էին հարկավոր,- շարունակեց իր պատմությունը պարոն Անդրեն` կում-կում ճաշակելով դառնահամ սուրճը,- հետաքննությունը մնում է հետաքննություն, միայն փաստեր, թե չէ ենթադրություն բոլորս էլ կարող ենք անել: Իսկ փաստերը սուղ էին: Շունն ասես գետնի տակ էր անցել: Մենք հայտարարել էինք համերկրային որոնում: Մի որոշ ժամանակ անցավ, այդ կինը դուրս եկավ հիվանդանոցից, մենք նրան խնդրեցինք, որ միառժամանակ չբացակայի քաղաքից: Ինչևէ, չերկարացնեմ, մի քանի օրից, ինչպես և սպասում էինք, ապերախտ սիրեկանը հայտնվեց, այո, այո, շունը: Մեր մարդիկ, որ օր ու գիշեր հերթապահում էին կնոջ տան շրջակայքում, անմիջապես ձերբակալեցին նրան: Զարմանալին այն էր, որ այդ գործողության ընթացքում շունը ոչ մի դիմադրություն ցույց չէր տվել և չէր էլ փորձել փախչել: Եվ ահա իմ առաջին գործը գրագրի պաշտոնում, հենց այն սենյակում, որտեղ հիմա ոջիլն է պայքարում` փրկելու իր մարմինը (ես մի պահ ցնցվեցի այս բառերից), մենք երկուսով` ես և լուսահոգի պարոն Միշոն, վարում էինք հարցաքննությունը: Հիմա էլ շատ լավ հիշում եմ, ասես երեկ էր, նայեցի շան աչքերին. ոչ մի վախ, ոչ մի քծնանք, տագնապի նշույլ չկար: Նա` այո, այո, շունը, որին ես սկսեցի անկեղծորեն հարգել, երբեք չէր մտածում փրկել իր մարմինը կործանումից, այլ հանդարտ, մի քիչ թախծոտ պառկել էր վանդակում, թվում էր` անցած-գնացած օրերի մասին էր մտածում, վերհիշում ինչ-ինչ հոգեթով պատկերներ, որոնք ընդմիշտ դաջվել էին նրա շնային ուղեղում: -Տղաս, դու դեռ ոչինչ չես գրել,- հանկարծ ցնցվեցի ականջիս տակ հնչած լուսահոգի պարոն Միշոյի ձայնից,- ինձ թվում է` այս շունը ինչ-որ բան է ուզում ասել... Ավելի ուշադիր նայեցի շան աչքերին, և ամեն ինչ հասկանալի էր, ես պարտավոր էի գրել և գրեցի: Հիմա այնքան էլ լավ չեմ հիշում թե ինչ, բայց մոտավորապես այսպիսի մի բան էր. «Հարցաքննության ընթացքում մեղադրյալը տրամաբանորեն հիմնավորեց, որ ինքը բացարձակապես անմեղ է և մերժում է իր տիրոջ մեղադրանքները: Ընդհակառակը, ինքը հաստատ համոզված է, որ իր տերը պարզապես խեղաթյուրվել է ալկոհոլի տևական չարաշահումից և ամենօրյա խանդի տեսարաններ է սարքում իր անլիարժեքությունը սքողելու համար: Խնդրում է, որ իր տիրոջը ուղարկեն համապատասխան տեղ` լիարժեք բուժում ստանալու: Բոլոր դեպքերում ինքը սիրում է իր տիրոջը և շարունակում է հավատարիմ մնալ նրան»: Գրելուս պահին այդ բարեկիրթ կենդանին անհամբեր որսում էր իմ հայացքը և իր շնային բնազդով փորձում ինչ-որ բան գուշակել: Երբ վերջացրի, կրկին նայեցի նրա աչքերին, նա ամեն ինչ զգաց ու հասկացավ: Կարևորը, որ նա բավարարված էր, և պետք չէր այլևս ստորացնել այդ կենդանուն: Հաջորդ լուսաբացին շանը գնդակահարեցին, դիակը նետեցին աղբանոց: Սպային ուղարկեցին հոգեբուժարան` հարկադիր բուժման: Նա այնտեղ մնաց մինչև իր կյանքի վերջը: Իմ կապը նրա կնոջ հետ շարունակվեց մի քանի տարի, մինչև որ նա ընդմիշտ հեռացավ քաղաքից: Հետո ես ամուսնացա... Ընդմիջումն ավարտվեց, մենք վերադարձանք քննասենյակ, ուր մի անտանելի հավակնոտ ու ագրեսիվ, երաժշտության նմանվող աղմուկ էր իշխում, ասես շոգեքարշ գնալիս լիներ, որի վրա շների մի ամբողջ ոհմակ էր հաչում, հետո տնքոցներ, բայց` ոչ մարդկային, թվում էր, թե ձիեր են տնքում, ապա կոյողու ջրերի ձայնը, հետո ծափեր` բուռն ու երկարտև, կրկին տնքոցներ. նյարդերս այլևս չդիմացան: -Այս ի՞նչ խելագարություն է,- համարյա գոռացի ես... -Ոչինչ, ոչինչ, հիմա կանջատենք, սա երաժշտության նոր ուղղություն է` սինթեզված բնական ձայներից, ես կասեի` գերռեալիստական երաժշտություն: Բնականությունը այնքան է հզոր, որ ուղղակի շշմեցնում է: Կվարժվեք, սա, հավատում եմ, ապագայի երաժշտություն է, իր տեղը հաստատ կգտնի: Այս երաժշտությամբ մենք ցնցող արդյունքների ենք հասել հարցաքննությունների ընթացքում: Բույսերի պատասխան ռեակցիան բավական շոշափելի է, կենդանիների մասին էլ չեմ ասում: Երաժշտության հեղինակը մեր աշխատակիցներից մեկն է, և գիտե՞ք` ինչ է կոչվում այդ աշխատանքը` «Նախատոնական ուղերձ ժողովրդին»: Ինչևէ, շարունակում ենք հարցաքննությունը, դեռ երկու ժամ ունենք: Երաժշտություն կոչվող այդ սարսափելի աղմուկը դադարեց: Պարզ էր, որ այն մեր գործի բաղկացուցիչ մասն էր կազմում` հոգեբանական, ֆիզիոլոգիական մի ճնշիչ գործոն` առանց որի երևի թե հնարավոր չէր ամբողջացնել հարցաքննությունների արարողակարգը: Պարոն Անդրեն անտարբեր ծխում էր, ծուխը փչում ոջիլի վրա, մերթընդմերթ ինչ-որ բան հարցնում նրան, որը ես ընդհանրապես չէի ընկալում և ոչ այն պատճառով, որ ուշադիր չէի, այլ, ինչպես շուտով հասկացա, այդ հարցումների արտասովոր լեզվի պատճառով: Հարցերն անծանոթ մի լեզվով էին հնչում, որը նաև որոշ ընդհանրություններ ուներ իմ մայրենի լեզվի հետ, և տարօրինակն այն էր, որ ինձ սկսեց թվալ, թե ես էլ ինչ-որ ժամանակ խոսել եմ այդ լեզվով: Նա բավականին վարժ էր խոսում, ու իմ զարմանքը հասավ գագաթնակետին, երբ նկատեցի, որ ամեն մի հարցին անմիջապես հետևում է ոջիլի անզուսպ պատասխան վարքագիծ. կարծես մերթ նրան դաղում էին շիկացած ասեղով, մերթ սառը ջուր լցնում նրա վրա: Նա այնպես էր ցնցվում ու թափահարում տոտիկները, ասես ուր որ է ճայթելու էր: Ամեն ինչ պարզ էր. այդ ոջիլի վերջը եկել էր, և չարժեր մտածել նրա մասին, մանավանդ որ ինձ համար այդ ամենը բացարձակ աբսուրդ էր: Դա անուղղակի հաստատեց պարոն Անդրեն` մատուցելով իր աշխատանքային կենսփորձի  մի դրվագը. գրիր ինչ ուզում ես, ինչը քեզ ձեռնտու է... հաստատ է մի բան. եթե այս հիմնարկությունը ֆինանսավորվում է, նշանակում է` այն պետք է աշխատի, կամ հարկավոր է ձևացնել, թե աշխատում է: Իսկ այն, որ հավելավճարը կախված է աշխատանքի որակից, մեղմ ասած, աչքակապություն է: Այսպիսի բաներ, պարոնայք: Իսկ միգուցե ե՞ս եմ սխալ գնահատում իրավիճակը, շտապել պետք չէ, իրականում ամեն ինչ ավելի բարդ է: Պետք է խոստովանել` միայն զսպվածութուն, մի խոսքով` ինձ ոչինչ չի հետաքրքրում, ես բացարձակապես ոչ մի բան չեմ ցանկանում իմանալ: Այն լեզուն, որով խոսում է, ավելի ճիշտ` հարցաքննում է պարոն Անդրեն, ես չեմ հասկանում (այդ հարցումները սկսում էին դանդաղ ազդել իմ նյարդերի վրա), և հետո` իմ ինչի՞ն է, թե ում, որտեղ, ինչպես են սպանել: Ինձ պետք է միայն հուզի հասարակ մի բան` 20 դոլար մեկ ժամի համար և վերջ: Բավական է, այս ի҄նչ անտանելի տոթ է այստեղ: Օ҄ֆ, ուղղակի զզվելի է: Այդ զոհը, այդ բանաստեղծը, ով է նա, սատանան գիտի: Ընդամենը մի բանաստեղծ, ի՞նչ էր ուզում աշխարհից, բնակվում էր մի փոքրիկ անտառապատ քաղաքում և չկարողացավ իրեն պաշտպանել մի ոջլոտ քածից, որը նրան պարզապես շանսատակ արավ: Ես ձեզ եմ հարցնում. ո՞ւմ էր պետք այդ բանաստեղծը` նա, որ չկարողացավ փրկել իր մարմինը վերահաս կործանումից: Ուրեմն թույլ էր և ցավալիորեն մոլորված: Կարծել է, թե գրելով կփրկի իրեն, և վրիպել է: Իսկ ի՞նչ էր գրում նա` այդ բանաստեղծը, հիմա, հիմա... ...եվ ես մոլորված շրջապտույտում, Հոսում եմ ցած` Կավս խառնած ջրերի Տիղմ ու ցեխի հետ... Սա ի՞նչ բանաստեղծություն է, պարոնայք, ինքներդ դատեք, ընդամենը` մի անզոր հեծկլտոց: Ո՞ւր են հոգին, պայքարը, երկաթը: Չէ, եղբայր, լավ է, որ մեռել ես, միևնույն է, տառապելու էիր վախից, օր օրի չորանալու, դու երբեք ի վիճակի չէիր լինի փրկել մարմինդ: Օ҄ֆ, այս ինչ գարշելի տոթ է: -Պարոն Անդրե, մի գաղափար է ծնվել, թույլ տվեք իրագործել այն: Այս ոջիլին ես կտանեմ տուն և այնտեղ հանգիստ, հոգեհարազատ մթնոլորտում ամեն ինչ գրի կառնեմ: Հիմա նյարդերս փոքր-ինչ լարված են, չեմ կարող կենտրոնանալ: -Սիրելի պարոն Ար, այդ մեկը ես չեմ կարող անել. խստիվ արգելվում է վկային, այն էլ միակ, առանց Փոխգնդապետի թույլտվության և հատուկ ջոկատի հսկողության, տեղափոխել հիմնարկության տարածքից: Իսկ եթե նա փախուստի դիմի կամ էլ ինքնասպա՞ն լինի, որոշ անկանխատեսելի հետևանքներ էլ կան. երբեք ոչինչ չպետք է բացառել: -Նա ինչպե՞ս կարող է փախչել այս վիճակում կամ որևէ այլ բան անել... -Ես ինչ գիտեմ, մեծ աշխարհ է, ամեն ինչ հնարավոր է: Մենք նաև իրավունք չունենք ձեր անձը վտանգելու: Պատկերացնո՞ւմ եք, եթե մարդասպանը իմանա, որ միակ վկան գտնվում է ձեր տանը (իսկ դա չի բացառվում), ինչ կարող է պատահել: Իհարկե, նախօրոք կփորձի կաշառել ձեզ, դե դուք էլ մարդ եք, սայթաքում եք, ու արի, ինչպես ասում են, էշը ցեխից հանիր: Ինչպիսի չլսված խայտառակություն մեր ծառայության համար: Իսկ մյուս դեպքում պարզապես ձեր տունը հօդս կցնդի: Ի վերջո, ես ինչպե՞ս պետք է բացատրեմ միակ վկայի բացակայությունը, եթե հանկարծ Փոխգնդապետը պահանջի նրան: -Կարծում եմ` ելք կա: Մենք այս ոջիլի փոխարեն մեկ ուրիշ ոջիլ կբերենք այստեղ, իսկ սրան կտանեմ մեր տուն, ամեն ինչ վերջացնելուց հետո եղունգներով կճզմեմ: Այսքան բան: -Էխ, պարոն Ար, լավ տղա եք երևում, ինչ ասեմ, դուք հավատո՞ւմ եք Աստծուն... -Իսկ ինչո՞ւ եք հարցնում, դա որևէ կապ ունի՞ այս գործի հետ: -Ոչ, ուղղակի կապ չունի, պարզապես մի միտք ծագեց գլխումս: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու մեր Տերը խաչվեց հենց այնպես, առանց որևէ շոշափելի դիմադրության: Կարծում եք այն բանի համար, որ Իր վրա վերցնի համայն անբարո մարդկության մեղքերը և Իր արյամբ փրկի՞ նրանց, այո՞: Ինձ թվում է, որ` ոչ: Նա երբեք այդպես պարզամիտ չէր կարող լինել, առավել ևս` գործել, որովհետև դա ճիշտ մոտեցում չէր կարող լինել Գործին: Նա ստույգ գիտեր, որ համայն մարդկության մեղքերի համար պատասխան պիտի տա միայն նույն ինքը` համայն մարդկությունը, կամ գոնե նրա մի մասը: Եվ տալիս է: Ավելին` այդպիսի մոտեցումը Գործին ճակատագրական սխալ կլիներ և կունենար սպասվածի ճիշտ հակառակ արդյունք: Հարցնում եք` ինչո՞ւ, ասեմ. այդ նույն մարդկությունը, տեսնելով, որ միանգամից, հենց այնպես, առանց որևէ լուրջ փոխզիջման, ընդամենը Միակի խաչվելով, ներվել են դարերով գործած բոլոր մեղքերը, կարող է մի այդքան, գուցե երկու անգամ ավելի ոճիրներ գործել` ակնկալելով կրկին ու կրկին ներվելու շանս, քանզի պետք է գրվեր` 1000 անգամ ներիր: Եվ ի՞նչ կատարվեց. մեր Տերը, Իր անձը զոհելով և մեր մեղքերը արյամբ քավելով, կխրախուսեր մեզ նորից ու նորից ավելի զազրելի մեղքեր գործել: Երդվում եմ` Նա այդպես երբեք չէր կարող մտածել: Դուք համաձա՞յն եք երևույթի մեկնաբանման իմ այս հայեցակարգի հետ: -Ինձ համար անչափ դժվար է միանգամից որոշակի պատասխան տալ, պետք է խորհել... -Խորհեցեք, պարոն Ար, խորհեցեք, ես նույնպես շատ բան չեմ հասկանում, բայց մի հարցում հաստատ համոզված եմ, կանխազգում եմ: Բանաստեղծությունը, որպես այդպիսին, ավելի ճիշտ` մտածողության ձև, պետք է վերանա, մոտ է նրա վախճանը, և բնավ չարժե հուզական երանգներ հաղորդել այդ երևույթին: -Դուք ի՞նչը նկատի ունեք,- ներքին մի անորոշ տագնապով ուղիղ նայեցի նրա աչքերին,- հարցաքննության ընթա՞ցքը, թե՞ բանաստեղծության` որպես գրական ժանրի անհետացման խնդիրը... -Էականը դա չէ, սիրելի պարոն Ար,- ձեռքը մտերմաբար ուսիս դնելով ու մի երկար հոգոց հանելով` փոքր-ինչ դանդաղ շարունակեց նա:- Ամեն ինչ այս մոլորակի վրա խստագույնս փոխկապված է, կարծեմ այդպես են ասում: Հիմա դուք ինքներդ դատեք, մեր Տերը, ըստ մեկնաբանման իմ մեթոդի, չէր կարող, առանց որևէ լուրջ փոխզիջման կամ երաշխիքների, կատարել այդ Արարքը: Դա կլիներ պարզապես Անպտուղ Գործ: Ուրեմն ի՞նչ է կատարվել իրականում, ահա մի բարդագույն խնդիր, որը, կարծում եմ, կարիք ունի գոնե դույզն-ինչ պարզաբանման: Մենք հակված ենք այն տեսակետին, որը պնդում է, թե Փոխզիջումը նախօրոք կայացած է եղել` և ոչ Ցածում, այլ` Վերևում: Այսինքն` համայն մարդկություն կոչված զանգվածը բացարձակ անտեղյակ է եղել իր ճակատագրի նախագծման որևէ ինֆորմացիայից: Այստեղից էլ այդ զանգվածի զրոյական դերը մի կողմից այդ` հիրավի մեծագույն, իսկ մյուս կողմից էլ, մեղմ ասած, անտրամաբանական Գործում: Անձամբ ինձ համար այդ Գործը իրոք Արարք է, եզակի մի Երևույթ: Բայց որոշ ճղճղան, ես կասեի` թերուս դեմոկրատներ այդ Արարքը գնահատում են որպես հակադեմոկրատական, նույնիսկ դիկտատորական վարվելակերպ: Ես չեմ ընդունում նրանց փաստարկները, երբեք էլ պարտադիր չէ հաշվի առնել զանգվածի կարծիքը. այն հաճախ է խանգարում Գործին: Իսկ ինչ վերաբերում է աբսուրդի պարագային, դա խոսակցության այլ նյութ է: Շարունակենք մեր կանխավարկածի մեկնաբանումը. ուրեմն, Արարքը նախօրոք հաշվարկված էր և ծրագրավորված, նաև կայացված էր Փոխզիջումը: Դրա անժխտելի ապացույցն է «Գրվածը պետք է իրականանա» ուղեցույց մարգարեությունը: Ավելի պարզ ու հստակ դիվանագիտություն, կարծում ենք, գոյություն չունի: Ի վերջո, որն էր այս ամենի շարժիչ ուժն ու նպատակը: Միայն եսասիրությունը, անսահման, տիեզերական Եսասիրությունը, որով իր ողջ էությամբ ներշնչված էր մեր Տերը, և հենց սա է նրա մեծագույն Արժանիքը. նա էլ քեզ պես, սիրելի պարոն Ար, ձգտում էր ժամ առաջ փրկել Մարմինը վերահաս կործանումից: Ահա այստեղ է, որ աբսուրդը փոխակերպվում է իրական ուժի, ճշմարտության: Անվրեպ գործում է կոդավորված մարմինը, հոգին այս պարագայում բավականին նահանջ է ապրում. նրա դերը հասցվում է նվազագույնի և զուտ խորհրդանշական ներկայություն է ապահովում: Մարմնի յուրաքանչյուր բջիջ ուղղակի հևում է տենդագին սպասումից: Պահը վայրկյան առ վայրկյան մոտենում է, պետք է փրկվել այս անգամ վերջնականապես և հավիտյան: Ինքնասպանությունը, որպես կանոն, իսպառ բացառվում է, հարկավոր է լույս, օրը ցերեկ, անթիվ վկաներ, զանգված, արյուն, շատ արյուն, այլապես ոչինչ չի ստացվի, բան դուրս չի գա: -Ուրեմն, Մեր Տիրոջ Արարքը եզակի է և չունի նախադեպ` չթողնելով նաև որևէ շանս ուրիշներին` կրկնելու նույնը հետագայում... -Այո, այդպես է, դրա համար էլ մեզ արտոնված է փրկել միայն մեր հոգիները, բայց երբեք` մեր մարմինները, այլապես երևույթը կարժեզրկվի: Եվ այս պարզ ճշմարտությունը չեն ուզում հասկանալ բանաստղծները, և գիտե՞ք` ինչու: Ասեմ, իմացեք, այդ թշվառականների մեջ ի սկզբանե կուտակված են բազմաշերտ էգոիստական լիցքերը, որոնք պարբերաբար այնքան են լարվում, որ ձեռք են բերում Աստվածայինին մոտ ունակություն, սակայն շեշտում եմ` Աստվածայինին մոտ, բայց ոչ երբեք հավասար: Դրա համար էլ նրանք նույնպես դատապարտված են, ինչպես մյուս բոլորը: Խորհեցեք այս ամենի մասին, պարոն Ար, և գրեք վկայությունը: Ոջիլին ձեզ եմ հանձնում, կարող եք տանել տուն: Ցտեսություն: *** Այս պատմության հետագա բովանդակությունը, կարծում եմ, նպատակահարմար չէ մանրամասն շարադրել, այլ նպատակահարմար է հաղորդել որոշակի ամփոփ ինֆորմացիա այն մտահոգությամբ, որ ժամանակակից ընթերցողը դարձել է ջղային, ես կասեի` անչափ դյուրաբորբոք, և տեղին չէ ավելի խճողել առանց այն էլ նրա հոգեցունց առօրյան: Իմ այս մտահոգությամբ համակվեց նաև խմբագիրը, և ինձ մնում է միայն «Լաբիրինթոսի» ընթերցողներին տեղեկացնել, որ ի վերջո մենք եկանք այն կարծիքին, որ տպագրվի խնդրահարույց մի քանի հարցադրումների նվազագույն մեկնաբանություն, որպեսզի շարադրանքը չմնա անավարտ: Նպատակահարմար համարեցինք անդրադառնալ երեք կարևորագույն հիմնահարցերի. 1. Ոջիլի (այն է` վկայի) ճակատագրի հիմնահարցը: 2. «Փրկել մարմինը վերահաս կործանումից» Դոկտրինան և նրա հնարավոր կիրառության մի քանի հարցեր: 3. Պարոն Անդրեի «Բանաստեղծության վախճանը» թեզը և Աստվածաշնչյան հիմնադրույթները փորձաքննության ենթարկելու թույլատրելիության բարոյականությունը: Առաջին հարցադրումը միտումնավոր է այդպես ձևակերպված, քանզի համոզված եմ` ոջիլի ճակատագիրը ավելի լայն տեսադաշտ ու հիմնախնդիրներ է ընդգրկում, քան, ասենք, բանաստեղծի սպանության բացահայտման խնդիրը: Սպանության բացահայտումը ընդհանրապես զուտ քրեական օպերատիվ խնդիր է, որը բնորոշում է դատաիրավական համակարգի տակտիկան, ընթացիկ գործառույթը, իսկ այդ դեպքում` ոջիլի, ասել է թե` վկայի կարգավիճակի պրոբլեմը անհամեմատ տարողունակ իրավաբանական կատեգորիա է, որը և իրավամբ դասակարգվում է իրավական սանդղակի ստրատեգիական մակարդակում: Այս առումով, խորանալ սպանության բացահայտման մանրամասների մեջ, կարծում եմ, ճիշտ չի լինի մի քանի տեսանկյունից: Նախ` որպես վնասակար ժամանց հասարակության առանց այդ էլ ընկճված նյարդային էներգիայի անօգուտ սպառման տեսակետից, և երկրորդ` հանրային ոչ այնքան կարևոր հիմնահարցի անիմաստ չարչրկման առումով: Ի վերջո, հերթական, առօրեական, պարզունակ սպանություն է` մեկը նրանցից, որոնց մասին մեզ տեղեկացնում են լրատվական միջոցները: Ասենք նաև, որ այս սպանությունը, քաղաքական որևէ երանգ չի ունեցել: Ինչևէ, ոջիլի ճակատագիրը. նա ողջ է և շարունակում է իր վկայությունները: Նրան տրված են տեղաշարժվելու որոշակի կենսատարածք, սնունդ, զվարճանալու և սեքսի հնարավորություն: 1948 թվականի Կոնվենցիայի պահանջները բավարարված են: Դուք արդեն իսկ գիտեք, կարող եմ կրկին հավաստել, որ Դոկտրինայի հիմնադրույթների գաղափարաբանությունը և ապա ձևակերպումը իմ կողմից եղել է անողոք մի տրամաբանության հետևանք, որն էլ, իր հերթին անմիջականորեն սինթեզվել էր դառնագույն ու վշտոտ մի կենսակերպի պարտադրանքից: Այդ դաժան գոյավիճակն էր, որ ինձ հասցրել էր հուսահատության, ապա` հարված հարվածի հետևից` անհաղթահարելի թվացող կրկնակի տառապանք` ամուսնական կյանքիս ձախողումը: Հարվածը աննախադեպ նենգ էր ու սոսկալի չար, և հետևանքն էլ չուշացավ` տղամարդկային կամքիս ու մաքառման ոգուս բացարձակ փլուզում: Ի՞նչ էր ինձ մնում անել, կա՞ր արդյոք որևէ մի սփոփանք, կազդուրիչ դեղատոմս իմ արնածոր սրտի համար: Հոգեցունց դեպրեսիան ստիպեց ինձ կատարել ճակատագրական ընտրություն` կամ ինքնասպան լինել, կամ... Մի խոսքով, Դոկտրինայի հիմնադրույթները սինթեզվել են անբնական մի գոյավիճակի ճնշման ներքո, և ես հստակ գիտակցում եմ, որ դրանք կարիք ունեն վերանայման: Ամեն ինչ փոփոխվում է, նոր ժամանակները մատնանշում են վարվեցողության նորագույն կանոններ: Չնկատել դրանք, չըմբռնել ժամանակի խորհուրդը, կնշանակի ապրել մոլորված եզան պես և դավադիր խնդիրներ ստեղծել սեփական անձի համար: Դոկտրինայի արդիականացված տարբերակի համալրման աշխատանքները լրջագույն կերպով շարունակվում են, հուսով եմ` մի քանի շաբաթից ես այն կներկայացնեմ շահագրգիռ անձանց: Ասեմ նաև, որ կենտրոնական հիմնադրույթը` փրկել մարմինը վերահաս կործանումից, մնում է անփոփոխ: Իսկ ինչ վերաբերում է Դոկտրինայի կիրառական հարցերին, տեղեկացնեմ, որ հընթացս լուծվում են նաև դրանք: Լրացուցիչ ձեռնարկ է տպագրվելու` որպես օժանդակ ուղեցույց: Ուզում եմ ընթերցողներին տեղեկացնել նաև, որ հարկ չկա չափից դուրս հրապուրվել Դոկտրինայի, այսպես ասած, կազդուրիչ, մարդասիրական ներուժից: Իհարկե, այդ ամենը կա, բայց եզակի այս փաստաթուղթը ավելի շատ տեսական մի ուղեցույց է, և դրա իրատեսական կիրառությունը կյանքում պայմանավորված է շահագրգիռ անհատի զուտ ֆինանսական կարգավիճակով: Պատրանքայնությունը այս հարցում ոչ մի լավ բանի չի հանգեցնի, մենք իրավունք չունենք ոչ ոքի մղելու ծայրահեղության: Դոկտրինան երբեք չի կարող և չպետք է դառնա սոցիալական, առավել ևս քաղաքական ապակայունացման գործոն: Նա, նախ և առաջ, անհատի անձնական հոգեվիճակի ծրագիր է և հասարակական բարդ հիմնահարցերին նրա առնչությունը պետք է պայմանավորել միմիայն «1 երջանիկ անհատ + N թվով անհատներ» բանաձևի գործնական տեսքով: Չի բացառվում, որ «Լաբիրինթոսի» քննախույզ ու բծախնդիր ընթերցողը դժգոհ մնա մեր մեկնաբանման հնարավոր անկատար, գուցեև ինչ-որ տեղ պարզունակ մոտեցումներից: Ի վերջո, ոչ ոք այս արևի ներքո պարտավոր չէ, ինչպես ասում են, ուրիշի ջուրը գցած քարը հանելու: Իհարկե, մենք հարգում ենք պարոն Անդրեի ազատ ու անկաշկանդ արտահայտվելու իրավունքը, բայց միաժամանակ հիշեցնում ենք.  Աստծունը` Աստծուն...: Իսկ բարոյականության հիմնահարցե՞րը: Գրողը տանի, ո՞վ պիտի վերջիվերջո այս երկրի վրա հնչեցնի բարոյականության զանգը: Ապա մի շուրջներդ նայեցեք. խելագարվել կարելի է, մենք համարյա անդունդի եզրին ենք և դադարել ենք նույնիսկ առավոտյան մաքրել մեր ատամները: Ո՞վ է տեսել միանգամից այսքան տհաճ հոտ արձակող բերան: Եվ ցավալին այն է, որ ոչ մեկը չի ցանկանում իր վրա վերցնել պատասխանատվության մի փոքր բաժին: Շատ վատ է, պարոնայք, անչափ վատ, այսպես ապրել այլևս հնարավոր չէ: Բոլորը պահանջատեր են դարձել, ուզում են հա ուզում, ոչ ոք որևէ բան անշահախնդիր տալ չի ցանկանում: Եթե մի քիչ էլ այդպես շարունակվի, ոչ միայն բանաստեղծության վախճանը, այլև մեր բոլորի վերջը կգա: Այս հսկա մոլորակի տարբեր ծագերում մարդ հանգիստ չունի. մի մաքուր, խաղաղ անկյուն չի մնացել: Ուր որ նայում ես` աղետ, ողբ ու կական: Պատերազմները շարունակվում են, զոհեր, զոհեր, զոհեր: Ինչ մի դժվար բան է որևէ գեներալի համար ահավոր չափերի արյունոտ մի սպանդ կազմակերպել: Ահա քեզ բանաստեղծության վախճան, մի բան էլ ավելի: Խնդրեմ, կարող եք վիճարկել: Սակայն, ճշմարիտ եմ ասում, պետք չէ հուսահատվել, ընկնել անկումային տրամադրությունների գիրկը: Դոկտրինան առաջարկում է անհատի փրկության և գոյատևման փրկարար ծրագիր: Անհատը հասարակության զարդն է, հիմնարար բջիջը. «1 երջանիկ անհատ + N թվով երջանիկ անհատներ»` Դոկտրինայի սփոփիչ բանաձևը: Ահա և վերջ, մնացածը թողնում եմ ձեր ներհայեցողությանը, փորփրեք ձեր երևակայությունը, փնտրեք, կրկին ջանացեք: Ես նորից եմ շեշտում. պարտավոր չեմ տալ պարոն Անդրեի վիճարկելի գաղափարների հանգամանալից մեկնաբանությունը: Իմ սեփական կարծիքը ոչ ոքի չեմ ուզում պարտադրել: Ես Աստվածաբան չեմ, իմ քիթը երբեք չեմ խոթել Աստծու գործերի մեջ. Նրա կամքը և գործելակերպը ես չէ, որ պիտի քննեմ: Տասնապատիկ ավելի ուսյալ պարոններ կան, խնդրեմ, ասպարեզը նրանցն է: Հավատաքննության սարսափները իմ նյարդերի համար չեն, հազիվ է խելքս գլուխ եկել, մարմինս քիչ-քիչ կազդուրվում է: Չէ҄, եղբորս պես, ինձնից ձեռք քաշեք: Ես փրկում եմ մարմինս վերահաս կործանումից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter