HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրվա ֆայտոնը վերադառնում է

Գյումրեցի տարեցների հիշողություններում դեռ պահպանվել են կենտ ձի լծող ֆայտոնչի Վանուշը, Օվոն, Ցոլակը, Բաբիենց Հայկը, «Կռունկը», Կարոն, «Վիսյոլի Վարդանն» ու ֆայտոնչի Գրիշը: Երբ քաղաքը լցվեց մեքենաներով, շատերը հրաժարվեցին ֆայտոններից: Գյումրեցի ֆայտոնչիներից «Կռունկ»-ն էր, որ մինչեւ վերջ չդավաճանեց իր տրանսպորտային փոխադրամիջոցին, եւ ֆայտոնչի Գրիշն էր, որ երկար ընդմիջումից հետո, 60 տարեկանում նորից ձեռքն առավ մտրակը:

Գյումրի եկած օտար մեկը, 80-ամյա ֆայտոնչի Գրիշի կառքը նստելով, հարցրել է. «Քեռի, ճի՞շտ  է, որ ջահել ժամանակ կառքը միշտ կանգնած ես քշել»: Ծերունու խորշոմած դեմքին ժպիտ է խաղացել: «Էն օրվանից, երբ «խառլե» Սերոբը առաջին սատանի ձին (մոտոցիկլետը) քաղաք բերեց ու կանգնած քշեց, ձիերս խրտնան: Էդ օրվանից ես նստած կքշեմ»:

Քանի՜ հարս ու փեսա է նստել Գրիշ պապի կառքը, քանի՜ հարսանիք է զարդարել ու շուք տվել այն:  Մուրադենց Գրիշը մահացավ 98 տարեկանում` արհեստն ու ֆայտոնչու մտրակը 37 թոռներից ժառանգելով ամենասիրելիին` Սամվելին: «Իսկ ինչո՞ւ դուք»,- հարցնում եմ Սամվել Մուրադյանին:

«Ես պապիս շատ կսիրեի` պապիս ու ձիերին,- պատասխանում է ֆայտոնչի Գրիշի Սամվել թոռն ու ժպտում,-փոքրուց միշտ իրա հետ եմ եղել, ուր էլ գնացել է: Իրանից թաքուն կմտնեի ֆուրղունի վրա դրած մեծ սնդուկը, որի վրա պապս կնստեր, ու կերթայի հետը «Զակո զերնո»-ի պահեստները, ուրտեղ պապս կաշխատիր: Ինքն էլ իբր թե խաբար չէր, հենց կելնեի սնդուկից, քիչըմ կնեղենար վրես ու վերջ: Կզգար, որ ընձի դուր կուգար ֆուրղունն էլ, ֆայտոնն էլ, ձիերն էլ»:

Մուրադենց Սամվելը 57 տարեկան է: Զբաղվում է դարբնությամբ, թեպետ տոհմական դարբիներ չեն Մուրադյանները ու քաղաքում առավել հայտնի են որպես «ֆայտոնչի Գրիշենց թախում (ազգ)»: Հայրը խորհրդային տարիներին զոդող է աշխատել: Ինքն էլ է հետագայում ձեռքը վերցրել զոդման սարքը: Սակայն Սամվելին առավել ձգում է ստեղծագործ աշխատանքը: Հիմա երկաթից դռներ ու ճաղավանդակներ է պատրաստում, բայց անպայման` գեղեցիկ նախշերով: Արդեն մի քանի տարի է` ֆայտոններ ու կառքեր է պատրաստում: «Մուրադենք, պապիս հերանց մասին է խոսքը, հարուստ են եղել: Հետո կուլակաթափ են էրել: Պապս` ֆայտոնչի Գրիշը, մի երեք-չորս սրոկ նստած-ելած է,- անկեղծանում է Սամվելը,- 3 անգամ կռվի համար է նստել, վերջի անգամը` ձի ծախելու»: Նախքան համաշխարհային երկրորդ պատերազմի սկսվելը ֆայտոնչի Գրիշը ձին վաճառել է: Երբ «ֆրոնտի» կարիքների համար եկել են Գրիշի ձին տանելու, պատասխանել է, թե «չունիմ, ծախել եմ»: «Ա՜, ուրեմն դու գիտեիր, որ պիտի պատերազմ սկսվի, ձիդ ծախել ես»,- եղել է եկողների եզրակացությունը: Գրիշն էլ, առանց երկար-բարակ մտածելու, հայտարարել է, թե. «Ստալինը չիդեր, որ պատերազմ բդի եղնի, ես ուրդի՞ց իմանայի»: Սամվելի պատմելով` հենց այդ արտահայտության համար էլ պապին 8 տարով աքսորել են Սամարղանդ: Հարազատ Գյումրի ֆայտոնչի Գրիշը կարողանում է վերադառնալ միայն 1949-ին:

«Պապիս, փաստորեն, դատել էին քաղաքական հայացքների համար,- Սամվելը ծիծաղում է,- դե որ հետ էր եկել, ուրիշ գործ չէին տա, ինքն էլ ֆուրղուն կքշեր: Սկզբից «Ուտիլը» կաշխատեր, երկաթ-մերկաթ կհավաքեին, կտանեին կհանձնեին, հետո` «Զակո զերնո-ն»: Բայց ինքը սիրով կեներ էդ գործը: Պարզ է, որ ֆուրղունը ֆայտոն չէ, ընիկ բեռնատար է, ֆայտոնը` մարդատար, բայց կարեւորը, որ նույն ֆունկցիան էր ու ձի կլծեր: Պապս կենդանի շատ կսիրեր, հատկապես ձիերին»: «Քաղաքի վերջին ֆայտոնչին «Կռունկն» էր, որ մինչեւ վերջ քշեց ֆայտոնը, իրանից առաջ իրանց կնուտը ֆայտոնչի Կարոն ու Վիսյոլի Վարդանն են վար դրել,- հիշում է Սամվելը,- հետո մե օրմ տղոնցով նստած կեղնին, պապս կըսե, թե` ֆայտոն բդի հանեմ: Ընկերները չեն հավատա, թե էս տարիքում էլ ինչ ֆայտոն: Էդ ժամանակ պապս արդեն 60-ն անց էր: Բայց դե արդեն մտքին դրել էր: Գնաց Թիֆլիսից ջարդուխուրդ եղած մե ֆայտոնմ բերեց,  Քյառ Դավիթ անունով դարբին ընկերմ ուներ, ընիկ դզեց, դզմզեց, ոտի հանեց, ձիմ էլ ճարեց ու սկսեց քշել»: Երկրորդ ֆայտոնը եւս սարքվում է ֆայտոնչի Գրիշի ընկերների ջանքերով, իսկ ահա երրորդ ֆայտոնի հեղինակը դառնում է Սամվելը: «Ես հըլը նշանված չէի, որ սկսեցի սարքել,- պատմում է Սամվել Մուրադյանը,- իրեք հատ պապի համար սարքեցի, հետո սկսեցի մեր համար սարքել: Էս որ կտեսնիք` ֆայտոնն ու կառքը, իմ 14-րդ գործն է: Հենց փող չեմ ունեցել, սարքել ծախել եմ: Բայց մեր բակը երբեք դատարկ չի եղել, միշտ ֆայտոնը կանգնած է եղել: Ըսոնք էլ որ հանկարծ ծախեմ, անպայման տեղը բդի ուրիշը սարքեմ»: Դժվարը հարմար լծկան ձի գտնելն է, որ հանգիստ լինի, աղմուկից, մեքենաներից չվախենա: «Մենք էլ չենք կրնա պատահական ձին առնինք գանք: Բդի իրար սազվին: Հըմի էս ֆայտոնին որ կլծենք, էն մե ձին մյուսից փոքր է, որ կանգնին իրար կողքի, էն մեկը չի էրեվա: Համ էլ լավ կեղնի, որ միանման էղնի, ըսենք` սպիտակ կամ սեւ,- ասում է Սամվելը,- էս քանի վախտն իմացել ենք, որ Ամասիայի գյուղերից մեկում լավ ձի կծախեն 400 հազար դրամով, բդի էրթանք տեսնինք: Մեր ուզածն որ եղավ, կառնինք»: Սամվելը պատմում է, որ ձի առնելով հարցը չի լուծվում: Պիտի հետը աշխատեն, քաղաք դուրս բերեն, անընդհատ կողքին լինեն, մինչեւ կենդանին սովորի տարաբնույթ աղմուկներին: Սամվելն ասում է, որ կենդանին հիմնականում վախենում է թղթից եւ պոլիէթիլենային տոպրակներից: «Ձին ինչի հոտը որ չի առնի, ըդուրից կվախենա,- բացատրում է ֆայտոնչի Գրիշի թոռը,-մեր քաղաքի ուլիցներն էլ ինչն է շատ, ցելաֆոնը: Քամին կֆըռռցնե, բերե կենդանու մռութին կհագցնե, խեղճ հարիֆն էլ կխրտնի: Ըդուր համար շատ ժամանակ կտանինք զիբլի ամանի մոտ կկապենք, որ վարժվի»:

Սկզբնական շրջանում Սամվելի ուղեւորները միայն եկեղեցու շուրջ թափառող մուրացիկ երեխաներն էին, որ 90-ականներին բավական շատ էին: «Էդ երեխեքի հավեսը կամ մառոժնի ուտելն էր կամ ֆայտոնով ման գալը,- պատմում է Սամվելը,- փողը կհավաքեին, գուկային, էդ էլ իրանց աղա քեֆն էր, շատ վախտ չէին նստի, փողը կուտային, թե` հոպար քշե, մենք կպնինք: Էն վախտ մարդիկ հավես չունեին, որ ֆայտոն նստեին: Հմի նոր-նոր հավեսի են եկել, էն էլ հարսնիքների համար կկանչեն: Մարդ կա, եթե ֆինանսը կներե, համ լիմուզին զագաս կուտա, համ ֆայտոն, համ էլ էս կառեթը գուզեն: Հիմնականում հարս ու փեսի համար կառեթն է հարմար: Չնայած երկու օր առաջ մեր բարեկամի տղու հարսնիքին երկու ֆայտոնն էլ հանել էինք, մեկի մեջ չաղլջոնք էին, էն մեկի մեջ գուզեինք, օր ազապ բաշին նստեր, զույգերին էլ կառքի մեջն էինք նստցրել: Ես որ նշանվա, իմ հարսնիքիս մենակ «Գազ-24» ու «ֆիյաթ» էր, բայց ես ու հարսը ֆայտոնով տուն հասանք: Չէր էղնի, որ ֆայտոնչու թոռը ավտոյով գար, բդի ֆայտոն էղներ»:

Կառքեր պատրաստելու միտքը Սամվելը հղացել է 1970-ականներին, ֆրանսիական «Ֆան ֆան տյուլպան» ֆիլմի դիտումից հետո: Սկզբում պատրաստել, վաճառել է` Տուապսե, Անապա, Մոսկվա, Երեւան: Հետո որոշել է, որ գյումրեցին էլ պիտի օգտվի այդ գեղեցկությունից:

«Ֆայտոնն ինչխոր էս քաղաքի խորհրդանիշն էղնի: Ընիկ կկանգնցնենք հրապարակում տուրիստների կամ մեր քաղաքացիների ման գալու համար,- բացատրում է Սամվելը,- բայց կառքը մենակ հարսնիքների համար է: Հիմնականում էլ հարսնիքատերերն էդ նպատակով զագաս կուտան, որ հարսն ու փեսեն անպայման կառքով եկեղեցի էրթան: Էս վերջերս դաժե Կիրովականից ենք հրավեր ունեցել: Երկու հարսանիքի ենք մասնակցել մեր ձիերով ու կառեթով»: Սամվելը պատրաստվում է ֆայտոնների թիվն ավելացնել: Ինքը մեքենա էն գլխից չի սիրել, չի էլ սովորել վարել, իրենը ֆայտոնն է: Ասում է` ֆայտոնչի Կարոյի տղա Վանոն էլ մտադրվել է իրենց ֆայտոնը հանել: «Ֆայտոնը վերադառնա գը Գյումրի,- կարծիք է հայտնում Սամվելը,- չիդեմ` պատճառն ինչ է, բայց կզգամ, որ գյումրեցիք ըդուր պահանջը ունին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter