HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ինչի՞ կհանգեցնի կառավարության «ամբիցիոզ» ծրագիրը

Շուտով կսկսվի 2012թ, պետբյուջեի քնարկումները: Հաշվի առնելով, որ Հայաստանում առաջիկա երկու տարիները ընտրական են, կառավարությունը հավանաբար ավելի զգուշավոր կլինի գումարների բաշխման հարցում: Ըստ իշխանական մեր աղբյուրների, այս անգամ ավելի շատ է շեշտադրվելու սոցիալական ոլորտը: Թեեւ այդ քայլով իշխանությունները նպատակ ունեն ընտրողներին սիրաշահել, սակայն, ինչ խոսք, սա դրական ազդեցություն կունենա քաղաքացիների սոցիալ-կենցաղային պայմանների վրա, եթե իհարկե, դրան զուգահեռ չթանկանա առաջին անհրաժեշտ ապրանքների գինը կրկնակի կամ եռակի:

Օրերս Հայաստանի վիճակագրական ծառայությունը հրապարակեց օգոստոս ամսվա ցուցանիշները, ըստ որի նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.6 տոկոս: Օգոստոսի տնտեսական ատիվության ցուցանիշի հիմնական ապահովողը գյուղատնտեսությունն է՝ 21.3 տոկոս աճով:

Հաշվի առնելով ոլորտում ապահովագրության բացակայությունը եւ բարձր ռիսկայնությունը, դժվար է ասել, որ աճը երկարատեւ կարող է լինել: Մանավանդ, տարերային աղետների ու գների թանկացման արդյունքում անմշակ հողերի պակաս Հայաստանում չի նկատվում, ինչին անհաղորդ է կառավարությունը: Օգոստոսին արդյունաբերական աճը կազմել է 12.5 տոկոս, իսկ շինարարության ոլորտում գրանցվել է 25 տոկոս անկում:

Հայաստանի տնտեսության համար ոչ լավատեսական կանխատեսում է արել նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)՝ իր հրապարակած World Economic Outlook զեկույցում: Ըստ այդմ՝ 2012թ-ին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4,3%' այս տարվա համար կանխատեսված 4,6%-ի փոխարեն:

Այս ֆոնին ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ տնտեսական եւ զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հերմինե Նաղդալյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե գալիք տարի տնտեսական աճի ցուցանիշներն ավելի բարձր են լինելու եւ կառավարությունը նախատեսում է դրական առումով «ամբիցիոզ» ծրագիր, որով հասնելու է հակաճգնաժամային ցուցանիշներին:

«Որոշակի տնտեսական աճ այսօր արդեն ունենք, ընդ որում ունենք ավելին, քան կանխատեսել Էինք: Եվ արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում թվերը ցույց են տալիս, որ աճ, իրոք կա: Իհարկե, եթե այդ աճը համադրելու լինենք անկման աստիճանի հետ, այն համեստ է, բայց կարծում եմ այստեղ կարեւորը համադրելը չէ, այլ այն, որ ճիշտ ուղղու վրա ենք: Կարծես թե մտել ենք հակաճգնաժամային միջոցառումների համար կառավարության իրականացրած միջոցառումների արդյունքի ստացման փուլը»,-ասում է Հ, Նաղդալյանը:

Ըստ պատգամավորի՝ այսօր էլ կառավարությունը մի շարք ծրագրեր է մշակում, որոշներն արդեն ավարտական փուլում են, ինչը միտված է տնտեսական աճի ցուցանիշները բարելավելուն: Հերմինե Նաղդալյանն առանձնացրեց արտահանման աջակցության ծրագիրը, որն արդեն քննարկվում է տնտեսվարող շրջանակների, հասարակական կազմակերպությունների հետ:

«Այդ ծրագիրն էական աջակցող տարրեր է իր մեջ պարունակում, որոնք հաշվարկված են կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ գործողությունների համար»,-ավելացնում է պատգամավորը:

Անդրադառնալով տնտեսության զարգացման թիվ մեկ «թշնամուն»՝ մենաշնորհին, Հերմինե Նաղդալյանը նշեց, թե Հայաստանում մենաշնորհների մասին շատ դեպքերում ավելի շատ ենք խոսում, քան իրականում կա: Սակայն, չթաքցրեց, որ մենաշնորհն իրոք վնասում է տնտեսության աճին եւ կառավարության հիմնական կռվաններից մեկն էլ լինելու է դրա դեմ պայքարը՝ տնտեսական աճին հասնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter