HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիլիջանի ազգային պարկ

Դիլիջանը համարվում է Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկը, այստեղ է գտնվում «Դիլիջան» ազգային պարկը, որի ընդհանուր տարածքը կազմում է 33765 հեկտար, այն բաժանված է երեք գոտիների` արգելոցային, տնտեսական եւ ռեկրեացիոն: «Դիլիջան» ազգային պարկը ստեղծվել է 1958 թ. որպես պետական արգելոց, իսկ 2002 թ. վերափոխվել է ազգային պարկի:

Պարկն ունի բավականին հետաքրքիր ու բազմազան բուսական եւ կենդանական աշխարհ: Այստեղ հայտնաբերված են ավելի քան 977 բուսատեսակներ: Հազվագյուտ, երրորդ դարաշրջանի բուսատեսակներից են` կենին, կովկասյան մրտավարդը եւ այլն:  Հարուստ է ազգային պարկի կենդանական աշխարհը: Կաթնասուններից այստեղ հանդիպում են գորշ արջ, գայլ, անտառային կատու, ոզնի, այծյամ, ազնվացեղ եղջերու եւ այլն: «Դիլիջան» ազգային պարկն ունի վերանորոգված եւ կահավորված ադմինիստրատիվ շենք, այցելուների կենտրոն եւ տեղամասային չորս տնակներ: Գիտական բաժինն ունի կենդանաբան, բուսաբան, ռեկրեացիոն մասնագետ եւ գեոդեզիստ: Տարածքների պահպանությունն իրականացվում է տեղամասերի պետերի, տեղամասային տեսուչների եւ պահպանության բաժնի աշխատակիցների միջոցով:

Ազգային պարկի ՊՈԱԿ-ը իր աշխատանքներն իրականացնւմ է ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված 2007-2011թթ. կառավարման պլանի: «Դիլիջան» ԱՊ ՊՈԱԿ-ի հիմնական խնդիրներն են` բուսական եւ կենդանական աշխարհի պահպանության իրականացումն եւ վերարտադրության ապահովումը: Վերջին յոթ տարիների ընթացքում կատարվել են տարեկան 10 հա ծառատնկման աշխատանքներ, ինչպես նաեւ պարբերաբար իրականացվել են տնկարանների խնամքի եւ փխրեցման աշխատանքներ: «Դիլիջան» ԱՊ ՊՈԱԿ-ը բաղկացած է 2 բաժիններից` գիտական եւ պահպանության: Գիտական բաժինը հիմնականում կատարում է կենդանական ու բուսական աշխարհի ուսումնասիրություններ եւ հաշվառում: Ազգաբնակչությանը իրազեկելու նպատակով անց են կացվում դասընթացներ եւ բացատրական աշխատանքներ, նկարահանվել են երեք ֆիլմեր, տպագրվել տասնյակ բրոշյուրներ եւ բուկլետներ:

«Դիլիջան» ազգային պարկը բաժանված է 4 տեղամասերի, դրանք են. 1. «Դիլիջան» 2. «Շամախյան» 3. «Հաղարծին» 4. «Գոշ»:

Պարկը բաժանված է նաեւ տարածքագործառնական հինգ գոտիների` պահպանական, տնտեսական, ռեկրեացիոն, արգելոցային, արգելավայրային: Էկոզբոսաշրջությունը զարգացնելու նպատակով ազգային պարկի ռեկրեացիոն գոտում առանձնացվել են 11 էկոերթուղիներ, որոնք կահավորված են բացատրական ցուցանակներով եւ ուղիների նշագրումներով: 2009 թ. «Ջուխտակ վանք-Շամախյան» էկոերթուղին կահավորվել է Գերմանական NABU կազմակերպության միջոցներով, որը համապատասխանում է արդի պայմանների պահանջներին: Ռեկրեացիոն բաժինն ապահովված է վրաններով, քնապարկերով, գազօջախներով, հեռադիտակներով եւ զբոսաշրջիկներին անհրաժեշտ այլ պարագաներով, ունենք որակավորված ուղեկցողներ, հեծանիվներ եւ ձիեր: Էկոտուրիզմի ընդլայնումը կնպաստի ագային պարկի եւ հարակից համայնքների զարգացմանը: Ազգային պարկի արգելոցային գոտիները ԲՊԿՉՆ ԾԻԳ-ի միջոցներով 2008 թ. ցանկապատվել են, Աղավնավանքի Կենու պուրակում հիմնվել է 1000քմ փորձահրապարակ:

Նախատեսում ենք պարկի ադմինիստրատիվ շենքում հիմնել բնության թանգարան, վերանորոգել մուտքի քարանձավը եւ տարածքում կառուցել 6-8 տեղանոց հյուրատուն` գիտական աշխատանքներ իրականացնելու նպատակով այցելած հյուրերի բնակության համար:

R

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter