HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քաղաքացիների իրավունքներն ամենից շատ ոտնահարվում են ոստիկանությունում

Շուշան Ոսկանյանը բողոքում է, որ ոստիկանության Վանաձորի բաժանմունքի քննիչներ Վաղինակ Մարտիրոսյանը, Վահե Հովհաննիսյանը եւ եւս մեկը, որի անունը ինքը չհիշեց, հոգեբանական ճնշում են գործադրել իր վրա` սպառնալով, որ կզրկեն մայրական իրավունքներից եւ 4 երեխաներին կտեղափոխեն մանկատուն, եթե իրենց պահանջած ցուցմունքը չգրի:

Կինն էլ, մայրական իրավունքներից զրկվելու վախից դրդված, գրել է քննիչների թելադրածը ու մի քանի օր անց այդ մասին բողոքով տեղեկացրել Լոռու մարզի դատախազին: Շ. Ոսկանյանը ոստիկանություն էր հրավիրվել որպես վկա: Նրա ամուսինը` Սլավիկ Ոսկանյանը, սպանության եւ ավազակային հարձակման մեջ էր մեղադրվում եւ ձերբակալվել էր հոկտեմբերի 7-ին:

«Բայց ի՞նչ օգուտ, դրանից հետո կանչեցին, որ ցուցմունքս փոխեմ, ու մի քանի օր անց ամուսինս կալանավայրում մահացավ»,- ասում է Շուշան Ոսկանյանը: Ոստիկանությունում իրականացված բռնությունները միայն հոգեբանական ազդեցությամբ չեն ավարտվում, կան նաեւ ֆիզիկական բռնության դեպքեր, որոնց մասին քաղաքացիները կամ չեն բարձրաձայնում կամ էլ վախենում են իրենց անունից հանդես գալուց: Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի ուսումնասիրություններով` ոստիկանությունում անձանց ծեծի ենթարկելը, բռնությունն ու խոշտանգումները կիրառվում են հիմնականում ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով: Եղել են նաեւ դեպքեր, երբ Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության բաժին, որտեղ հայտնաբերել են կապտուկներով եւ մարմնի վրա խոշտանգման հետքերով քաղաքացիների:

2009 թ. ՄԻ պաշտպանի աշխատակազմին հասցեագրված բողոքներից մեկի հետքերով ՀՀ ոստիկանության բաժին կատարած այցելության ժամանակ` Պաշտպանի ներկայացուցիչների հետ հանդիպման պահին, քաղաքացու քթից արյուն է հոսել: ՀՀ ՄԻՊ տարեկան զեկույցներում միշտ քննադատության է ենթարկվում ՀՀ ոստիկանությունը, քանի որ քաղաքացիների դիմում- բողոքների գերակշիռ մասն ուղղված է հենց ոստիկանության դեմ: Ինչպես 2008, այնպես էլ 2009 թվականներին քաղաքացիներից ստացված գրավոր բողոքներով ոստիկանությունը զբաղեցրել է առաջին հորիզոնականը: 2008-ին Պաշտպանի գրասենյակը քաղաքացիներից ստացել է ոստիկանության դեմ ուղղված 259 գրավոր բողոք, իսկ 2009-ին` 225:

ՀՀ ոստիկանության շտաբի պետ, գեներալ-մայոր Է. Ղազարյանը «Հետքի» հարցմանն ի պատասխան ասաց, որ ոստիկանությունից քաղաքացիների բողոքների ընդհանուր թիվն ուղղակիորեն կապված է ոստիկանության մատուցած ծառայությունների եւ քաղաքացիների հետ շփման զգալի ծավալի հետ: «Ոստիկանությունը պետական կառավարման մյուս մարմինների համեմատությամբ բոլորից շատ է շփվել բնակչության հետ: Ուստի ճիշտ կլիներ անդրադառնալ ոչ թե ստացված բողոքների բացարձակ թվերին, այլ գնահատական տալ քաղաքացիների հետ շփումների ծավալի համադրությանը»,- նշեց Է. Ղազարյանը:

Շտաբի պետի տեղեկացմամբ` ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների նկատմամբ կոպիտ, անհարգալից եւ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունք դրսեւորվելու վերաբերյալ քաղաքացիներից կամ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջոցով ստացված բողոքներով, ոստիկանության կողմից հայտնաբերված փաստերով 2008-ին ծառայողական քննություններով ոստիկանության 16 ծառայող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության, իսկ 2009-ին` 51 ծառայող: 2008 թ. մեկ ծառայող ենթարկվել է քրեական պատասխանատվության, իսկ 2009-ին` 3: Պաշտպանի անցյալ տարվա զեկույցում նշված է, որ ոստիկանության դեմ քաղաքացիների դիմում-բողոքների բովանդակությունը նախորդ տարիների համեմատությամբ գրեթե չի փոխվել:

Ոստիկանության աշխատակիցների գործողությունների (անգործության) եւ որոշումների դեմ ուղղված դիմում-բողոքները վերաբերել են քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններ անհիմն բերման ենթարկելուն եւ անազատության մեջ պահելուն, այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցների դրսեւորած անմարդկային վերաբերմունքին եւ խոշտանգումներին, հանցագործությունների մասին հաղորդումներին քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված կարգով ընթացք չտալուն, որպես մեղադրյալ ներգրավված անձանցից բռնությամբ եւ սպառնալիքի ազդեցությամբ ցուցմունքներ կորզելուն, քաղաքացու օրինական պահանջով անձնագիր չտրամադրելուն եւ այլն:

«Ընդունենք, որ խոշտանգումների վերաբերյալ դիմում-բողոքներով քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնմանը հասնելը մեր իրականության մեջ գրեթե անհնար է: Քաղաքացիների ներկայացրած փաստերը` ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց նկատմամբ բռնությունների եւ խոշտանգումների դրսեւորման վերաբերյալ, ՀՀ ոստիկանությունը մշտապես համարում է իրականությանը չհամապատասխանող եւ անհիմն: Ցավով պետք է արձանագրել, որ նման երեւույթներն արդեն արատավոր պրակտիկա են դարձել մեր իրավապահ համակարգում, իսկ տիրող անպատժելիության մթնոլորտը հանգեցնում է նմանատիպ դեպքերի աճին»,- նշված է Պաշտպանի 2009 թ. տարեկան զեկույցում: Ոստիկանությունից դժգոհ են նաեւ մարզերի բնակիչները: Եթե 2008 թ. առաջին կիսամյակում Պաշտպանի գրասենյակը Արագածոտնի մարզից ընդդեմ ոստիկանության ստացել էր 1, ապա 2009-ի նույն ժամանակահատվածում` 3 դիմում, Արարատի մարզից 2008-ին` 2, 2009-ին` 4 դիմում, Կոտայքից` համապատասխանաբար 7 եւ 8 դիմում: Ոստիկանության գործողություններից բողոքել են նաեւ Լոռու մարզի բնակիչները: Եթե 2008 թ. առաջին կիսամյակում այս մարզից ոստիկանության դեմ ստացվել է 3 դիմում, ապա 2009-ին` 11-ը: Ոստիկանության շտաբի պետ Է. Ղազարյանը, անդրադառնալով Լոռու մարզին, նշել է, որ ՄԻՊ գրասենյակին ուղղված դիմում-բողոքներից ոստիկանությունը իրազեկ է միայն 4-ին, որոնցով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, իսկ թե ինչ միջոցներ` չի մանրամասնում: 2010 թ. արդյունքները դեռ հայտնի չեն. Պաշտպանի գրասենյակը քաղաքացիներից ստացված դիմումները կամփոփի տարեվերջին: ՄԻՊ գրասենյակը մարզերից ընդհանուր բնույթի ամենամեծ թվով նամակները ստանում է դարձյալ Լոռու մարզից: 2009-ի առաջին կիսամյակում մարզից ստացվել է 42, իսկ այս տարի` 39 գրավոր դիմում-բողոք: Սակայն, Պաշտպանի գրասենյակ ներկայացված դիմում-բողոքների թիվը տարեցտարի նվազում է: 2008 թ. ՄԻՊ գրասենյակը ստացել է 4090 դիմում-բողոք, 2009-ին` 3783 դիմում-բողոք, իսկ 2010-ի հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը` 2272 դիմում-բողոք:

Հարցին, թե ինչո՞ւ է դիմումների թիվը նվազում, արդյոք դա քաղաքացիների վստահության կորստի նշան չէ՞` Պաշտպանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը պատասխանեց, որ դիմումների թիվը պայմանավորված է առաջին հերթին քաղաքական իրադրությամբ, ինչի վառ ապացույցը 2008 թ. գրասենյակ մուտքագրված մեծաթիվ դիմումներն են (պայմանավորված նախագահական ընտրությունների եւ դրան հաջորդած մարտի 1-ի դեպքերով - Գ. Բ.): Այժմ քաղաքական իրադրությունն այլ է, եւ համեմատաբար հանգիստ մթնոլորտ է: Մամուլի քարտուղարի խոսքով` որոշ չափով բարձրացել է նաեւ քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը, եւ բողոքներն ուղարկվում են իրական հասցեատերերին:

«Ինչ վերաբերում է քաղաքացիների դժգոհություններին` հատկապես ոստիկանությունից, ասեմ, որ այս տարվա արդյունքները դեռ չունենք, ուսումնասիրությունը շարունակվում է: Ուստի չենք կարող պատճառների մասին խոսել: Բայց դիմում-բողոքների թիվը պետք է մտահոգի ոստիկանությանը»,- ավելացրեց  Ծ. Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter