HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Նախկին քաղբանտարկյալը կալանավայրի նոր մոդել է առաջարկում

«Իմ ձերբակալությունն էլ, ազատվելն էլ քաղաքական որոշում էր: Այստեղ քրեական, իրավական խնդիր մի փնտրեք, չկա նման բան: Քաղաքական պատվեր էր. հանձնարարվեց գերագույն իշխանության կողմից ձերբակալել, ձերբակալեցին, հանձնարարվեց ազատել, ազատեցին»,- ասում է նախկին քաղբանտարկյալ, ՀՀՇ մարզային խորհրդի նախագահ, ՀԱԿ անդամ Աշոտ Մանուկյանը, ով, 2 տարի 8 ամիս անցկացնելով կալանավայրում, վաղաժամկետ ազատ է արձակվել:

ՀՀՇ-ականի խոսքով` մարտի 1-ին 100-ից ավել մարդ ձերբակալվեց: Կամաց-կամաց մաղվելով` վերջում մնաց մոտ 60 հոգի, որոնց մի մասն էլ ազատվեց համաներմամբ: Իսկ 13 հոգու, որոնց թվում` Աշոտ Մանուկյանին, իշխանություններն, իր խոսքով, պատանդ պահեցին: 13-ից առաջինը նա է ազատվել կալանավայրից: Համոզված է, որ մինչև հունվար մյուսներին էլ կազատեն: Իր վաղաժամկետ ազատումը նա միջազգային կառույցների կողմից մեր իշխանությունների վրա գործադրված ճնշումների հետևանք է համարում, ինչը, նրա կարծիքով, ընդդիմության հետևողական գործունեության արդյունքն է: «Այլապես մեզ կամ բանտում կփտեցնեին կամ այնպես կանեին, որ մենք ինքնասպան լինեինք: Կմտածեին` էս գլխացավանքից ազատվեն. մենք իրենց համար գլխացավանք ենք»,- ասում է Աշոտը:

Աշոտ Մանուկյանը կեղծ է համարում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքն էլ, դատ ու դատաստանն էլ: Համոզված է, որ նախօրոք որոշված էր, թե ինչ հոդվածով են դատելու իրեն: Իմանալով էլ` այնպիսի հոդված են առաջադրել, որի վրա հետո համաներումը չտարածվի: Նրա գործը դատարան է ուղարկվել Քր.օր.-ի 316 հոդվածի 1-ին մասով: Երեք դատական նիստից հետո այն փոխարինվել է նույն հոդվածի 2-րդ մասով` օրենքի ներկայացուցչի նկատմամբ կյանքի, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով: Հոդվածի երկրորդ մասով էլ պատիժ է սահմանվել 5-10 տարի ազատազրկում:

Իր ասելով` սկզբում տուժող չկար, երկու վկա էին, որոնք մոտավորապես վկայում էին, թե լսել են` ինքը հայհոյել է, սպառնացել: Բայց տեսնելով, որ իր մեղավորությունը չի ապացուցվում, «ըստեղից-ընդեղից վկաներ գտան»: Ավելացան ևս երկու վկաներ, և հայտնաբերվեց տուժողը: Աշոտ Մանուկյանը հատկապես չի մոռանում նրանցից մեկի ցուցմունքը: Ոստիկաններից մեկը վկայում էր, որ Աշոտ Մանուկյանը քարով խփել է: Իր խոսքը հաստատում էր նրանով, որ նրանց կողմը նայելով` բացի Մանուկյանից բոլորի ձեռքին քար էր տեսել: Այստեղից եզրակացնում էր, որ նա քարն արդեն նետել էր:

Աշոտ Մանուկյանը հիմա էլ է պնդում, որ ոչ մի իրավապահի հետ նույնիսկ ինքնապաշտպանության նպատակով բախում չի ունեցել և ոչ ոքի քարով չի խփել: Այդ իրավիճակում ի±նչ դիմադրության, ինքնապաշտպանության մասին կարող էր խոսք լինել, եթե, նրա ասելով, ոստիկանները ժողովրդից շատ էին և մինչև ատամները զինված: Դատավարությունից հետո նրան տեղափոխել են Նուբարաշենի, հետո Վանաձորի քրեակատարողական հիմնարկ:

Անազատության մեջ անցկացրած օրերն արդեն չի հիշում. մղձավանջային երազ էր, որից արթնացել է: Նրա հոգեբանության մեջ էլ ոչինչ չի փոխվել: Միայն մի քիչ զգուշավոր է դարձել խոսելիս: Ասում է` բանտում նորմալ պայմաններ են եղել, նորմալ, մարդկային հարաբերություններ: Իր հանդեպ վերաբերմունքն էլ տարբերվել է մյուս կալանավորներից: Եվ թեպետ իր տպավորությունների մասին պատմելով` ասում է, որ Նուբարաշենի համեմատ Վանաձորի քրեակատարողականը «հինգաստղանի հյուրանոց էր», բայց Նուբարաշենում էլ ուրիշ ազատություններ կային` սննդի, տեսակցությունների հետ կապված, բայց գործող ամեն ինչից դժգոհ` ընդդիմադիրն այս համակարգից էլ է դժգոհ:

«Էս համակարգը հիմքից քանդել ա պետք: Խորհրդային Միությունից ժառանգած, մեր իրականության հետ ոչ մի կապ չունեցող, իներցիայով փոխանցված համակարգ ա»,- ասում է նախկին կալանավորը եւ կալանավայրի նոր մոդել առաջարկում: Նրա համոզմամբ` ձերբակալվածների, դատապարտվածների 80%ևի նկատմամբ կարելի է ազատազրկումից տարբեր պատժամիջոցներ կիրառել: Ֆինանսական տույժը, օրինակ, նա ավելի ծանր պատիժ է համարում, քան ազատազրկումը: Նրա կարծիքով` դրանից հանցագործն ավելի շատ հետևություններ կանի:

Բայց դատապարտյալների համար ավելի լավ հեռանկար է պատկերացնում` նրանցով բնակեցնելով սահմանային դատարկված գյուղերը. այնտեղ նրանց տուն կհատկացվի, հողամաս և կպարտավորեցվի մշակել այն: Կթույլատրվի իրենց հետ այնտեղ տեղափոխել նաև ընտանիքը: Տարեվերջին աշխատանքի 40%-ը կմնա «բանտարկյալին», իսկ մնացած 60%-ով կվճարվի պետական տույժը: Դատվածությունը մարելուց հետո էլ «նախկին կալանավորը» կարող է մնալ և բնակություն հաստատել այդտեղ ու դեռ հողն ու տնատեղն էլ սեփականաշնորհել: Կալանավորների համար այսպիսի երանելի ապագա է տեսնում Աշոտ Մանուկյանը: Նա համոզված  է, որ համազգային շարժումը չի մարել, պարզապես պայքարի գործընթացն է ժամանակավորապես դադարեցվել:

լուսանկարը`Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter