HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաչիկ Դաշտենցի 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են

Երեկ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հանդիսավորությամբ նշվեց բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, մանկավարժ Խաչիկ Դաշտենցի 100-ամյա հոբելյանը: Երեկոյին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կառավարության անդամներ, մտավորականներ, արվեստագետներ: Շնորհակալական խոսքով հանդես եկավ գրողի դուստրը` Անահիտ Դաշտենցը: Հոբելյանական երեկոյից զատ` թատրոնի ձմեռային այգում կբացվի ցուցահանդես, որին կներկայացվեն Խաչիկ Դաշտենցի` Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահվող ձեռագրերը, նամակները, գրքերը, թարգմանական աշխատանքներն ու լուսանկարները: Խաչիկ Դաշտենցի 100-ամյակի հոբելյանական տարում անցկացվել են հանդիսություններ, միջոցառումներ, հուշ-ցերեկույթներ նշանավոր գրողի անունը կրող դպրոցներում: ՀՀ մշակույթի նախարարության պատվերով նկարահանվել է գրողի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված 2 փաստավավերագրական ֆիլմ` «Բրաբիոն ծաղիկ որոնողը» (ռեժ. և հեղինակ Տարոն Ղափլանյան) և «Խաչիկ Դաշտենց» (հեղ. Արփեն Մովսիսյան): Հոբելյանական ծրագրի շրջանակներում վերահրատարակվել են «Ռանչպարների կանչը» վեպը, «Ֆայտոն Ալեք» պոեմը, որին կից թողարկվել է խտասալիկ` ՀՌ-ի «Ոսկե ֆոնդում» պահվող պոեմի ռադիոձայնագրությունը: Տպագրության ընթացքում է «Տիգրան Մեծ» չափածո պատմական դրաման: Հոբելյանական հանձնաժողովն ու գրական աշխարհը հիշատակի տուրք են մատուցել` այցելելով գրողի վերջին հանգրվան` քաղաքային պանթեոն: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի միջնորդությամբ նախատեսվում է գրողի անունով անվանակոչել Գյումրու փողոցներից մեկն ու տեղադրել հուշատախտակ: Իր մասին Խաչի Դաշտենցը գրել է. «Ծնվել եմ 1910 թ. Սասունի Խութ-Բռնաշեն գավառակի Դաշտադեմ գյուղում: Մեր գյուղը Սև սարի վրա էր, իսկ այդ սարի ետևը Մշո դաշտն էր: Մորս չեմ տեսել... այնուհետև հիշում եմ, որ պատերազմ եղավ... հայրս մահացավ Մուշ քաղաքում, և հորեղբայրս ու քեռիներս գաղթեցին Մուշից: Ճանապարհին մեծ եղբորս` Գրիգորի հետ տարվել եմ Բասենի որբակայանը: Ապա... Ալեքսանդրապոլի... Թբիլիսիի...Ղարսի... Լենինականի մանկատներ: ....ավարտել եմ միջնակարգ դպրոցը 1926 թ.: Իմ առաջին բանաստեղծությունները գրել եմ այդ դպրոցի գրասեղանների վրա...: Եվ ապա Երևանի պետական համալսարան (1929-1932), որից հետո Մոսկվա, օտար լեզուների ինստիտուտ (1935-1940) և այնուհետև` նորից Հայաստան: 1940 թ-ից... ապրում եմ Երևանում... Անկուսակցական եմ: Սակայն կուսակցության մեջ, թե կուսակցությունից դուրս` կարևորը ժողովրդին և հայրենիքին ազնվորեն ծառայելն է: Այն մարդը, որ իր գործով չի նպաստում այս վեհ նպատակին, մոլախոտ է աշխարհի վրա: Մնացյալը ցրված է իմ գրվածքներում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter