Մարզպետարաններում ձկնաբուծարանների մասին նախընտրում են չխոսել. դրանց տերերը պաշտոնյաներ են
Արտեզյան հորերը Արարատի եւ Արմավիրի մարզերի ամենամեծ խնդիրներից են: Օրեցօր բազմացող ձկնաբուծարանների պատճառով գյուղերը ջրազրկվում են, եւ մի քանի տարի հետո որոշ բնակավայրերում արդեն խմելու ջուր չի լինի: Կառավարությունը, ի դեմս բնապահպանության նախարարության, վերջին մի քանի տարիների ընթացքում, առանց լուրջ ուսումնասիրություններ կատարելու,
ջրօգտագործման թույլտվություններ էր տալիս` չմտածելով, որ ջուրն անսպառ չէ, եւ մի օր կարող է աղետալի վիճակ ստեղծվել: Իսկ մարզպետները արդարանում են` ասելով, թե հորերի թույլտվություններն իրենք չեն տվել, եւ խնդրի լուծումը միայն բնապահպանության նախարարության ձեռքում է: 2009 թ. կատարած գույքագրման արդյունքներով` հանրապետությունում 5424 խորքային հոր կա, որից 1900-ը` Արմավիրում, իսկ 1200-ը` Արարատի մարզում:
«Հետքն» արդեն անդրադարձել է խորքային հորերի խնդրին, պարզել է, որ խոշոր ջրօգտագործողները ձկնաբուծարաններն են, որոնք վերջին մի քանի տարիներին մեծ թափով գործունեություն են ծավալում Արարատյան դաշտավայրում: Հատկապես մարզպետարանների պաշտոնյաները խուսափում են ձկնաբուծարանների մասին բարձրաձայնելուց: Ձկան բիզնեսով հիմնականում զբաղվում են պատգամավորներն ու բարձրաստիճան պաշտոնյաները, եւ տեղական իշխանությունները վերջիններիս հետ ավելորդ խնդիրներ չեն ուզում ունենալ:
«Այդ խնդիրը մենք չենք ուսումնասիրում, բնապահպանության նախարարությունն է ուսումնասիրություններ արել, իրենցից ճշտեք»,- ասաց Արարատի փոխմարզպետ Կառլեն Հակոբյանը: «Իսկ դուք մտահոգված չե՞ք, որ ձեր համայնքները ջրազրկվում են»,- հարցնում ենք Կ. Հակոբյանին:
«Ոչ միայն մտահոգություն ունենք, այլ ավելի վատ բան ունենք, բայց, ախպոր պես, էդ խնդիրն իմ հետ մի կապի: Ձկնաբուծարանները կան, շահագործում են, խնդիրը կա, ոչ մեկը չի կարող պատճառներն ասի, կամ ասի` ինչի է ըսենց կամ ընենց: Դա կառավարական մակարդակի քննարկում է, մենք դրա հետ գործ չունենք, մեր կոմպետենցիան չի»,- պատասխանեց փոխմարզպետը:
Կառլեն Հակոբյանից հետաքրքրվեցինք` արդյոք ձկնաբուծարաններ ունեցող պաշտոնյանների գործոնո՞վ են պայմանավորված իր խուսափողական պատասխանները: «Չէ, ընդհանրապես կապ չունի: Վնասի, օգտակարության, ընդերքի, եսիմ ինչի մասին մենք բան չենք կարող ասել, որովհետեւ մենք այդ մասնագետները չունենք, ինֆորմացիային չենք տիրապետում»,- նշեց Կ. Հակոբյանը:
Երբ փոխմարզպետին ասացինք, որ գյուղերը մարզի վարչական տարածքում են, եւ մարզպետարանը պետք է հստակ դիրքորոշում ունենա, պատասխանեց. «Տարածքներ շատ կան, որ մերն են, բայց դրանց տեր ու տիրակալը մենք չենք, այս դեպքում բնապահպանության նախարարությունն է դրանց տերը: Հա, ի՞նչ անենք, որ համայնքները մերն են, էլի մերն են, հո չեմ ասում` մերը չեն: Այդ հարցերով դիմեք նախարարություն»,- խոսակցությունը եզրափակեց Կառլեն Հակոբյանը:
Արարատյան դաշտավայրում կա 234 ձկնաբուծարան, որից 87-ը` Արարատի մարզում, իսկ 147-ը` Արմավիրի: Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը չժխտեց, որ որոշ գյուղեր արդեն ջրազրկվում են, եւ մոտ ապագայում, իրոք, լուրջ խնդիր է ծագելու: Արդեն ջրի պակաս է զգացվում Գրիբոյեդով, Ապագա, Երասխահուն եւ Թուրքիայից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող Մարգարա գյուղերում: Վարչության պետն ասաց, որ դեռեւս 2008 թ. այդ մասին իրազեկել են Կառավարությանը, մոտ ժամանակներում էլ ջրային ռեսուրսների նոր ուսումնասիրություն է կատարվելու Արմավիրում, իսկ նոր թույլտվություններ Կառավարությունը չի տալիս: «Եթե չգիտեք, ասեմ, որ արդեն հաշվիչներ են դրվելու հորերի վրա, այլ եղանակ չկա, պետք է ֆինանսական տարբերակով ազդել, որ հորերից անխնա ջուր չվերցնեն եւ ջուրը խնայեն»,- ավելացրեց Ա. Այվազյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել