Ռաֆիկ Պետրոսյանը փոխել է վերաբերմունքը Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի նկատմամբ
Նույնիսկ կողմ է, որ ՄԻ պաշտպանի աշխատավարձը բարձրացվի
Այսօր Ազգային ժողովում քննարկվեց 2009թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույցը:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ գոհ է պաշտպանի զեկույցից, քանի որ ի տարբերություն նախորդ տարիների զեկույցների` այս զեկույցը շատ կառուցողական է: «Այն հայհոյանքները, որ նա տեղում էր պետական մարմինների հասցեին, վարկաբեկում էր նրանց, այդ թվում` դատախազությանը, հատուկ քննչական ծառայությանը, այս զեկույցում չկային»,- ասաց Ռ.Պետրոսյանը:
Պատգամավոր Արծվիկ Մինասյանը Ռ.Պետրոսյանից հետաքրքրվեց, թե արդյոք նա բավարա՞ր է համարում մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն «ըստ ուղղությունների, այդ թվում` մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված»:
«Ինչ վերաբերում է մարտիմեկյան դեպքերին, ապա հենց այստեղ է, որ իմ կարծիքով պաշտպանը գերազանցել էր իր լիազորությունները և այնպիսի նախադասություններ էր գրել` տեռորիստական, ոստիկանական պետություն և այլն»,- ասաց հանձնաժողովի փոխնախագահը:
Ռաֆիկ Պետրոսյանին դուր չի եկել նաև այն, որ պաշտպանը ավելի շատ ոլորտների է անդրադարձել, քան պահանջվում է իրենից: Սակայն չթաքցրեց իր գոհունակությունը, որ այս զեկույցում հայհոյանքներ չկան:
«167 էջանոց զեկուցագիր է գրել: Նա նույնիսկ այնպիսի մանրամասների մեջ է մտել, որոնց կարիքը չկար: Իմիջիայլոց, ստանդարտ է այդ զեկույցը. վերցրել է Եվրախորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների ձևը և տեղայնացրել է»,- ավելացրեց Ռ.Պետրոսյանը:
Միաժամանակ պատգամավորն ասաց, որ պետական բյուջեով նախատեսված է բարձրացնել ՄԻ պաշտպանի աշխատավարձը` այն հավասարեցնելով Սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձին: Նախատեսվում է բարձրացնել նաև Պաշտպանի աշխատակազմի աշխատողների աշխատավարձերը:
«Ժառանգություն» խմբակցությունից պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հետաքրքրվեց Ռ. Պետրոսյանից, թե ինչո՞ւ է նա միշտ դժգոհել Պաշտպանի զեկույցներից, սակայն այսօր գոհունակություն է հայտնում 2009թ. զեկույցից:
Լ.Ալավերդյանի խոսքերով` Մարտի 1-ի փաստահավաք խմբի գործունեությունը տապալվել է ՄԻՊ աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ: Եվ այսօր Լ.Ալավերդյանը զարմացել է` լսելով, որ Ռ.Պետրոսյանը գոհ է Պաշտպանի աշխատանքից:
«Փոխարենը պատժեք ու չբարձրացնեք աշխատավարձերը` այսօր այդ հարցն եք բարձրացնում: Արդյոք չե՞ք խրախուսում այս զեկույցի ավելի պասիվ դիրքորոշումը, քան եղել է մինչ այդ»,- հարցրեց Լարիսա Ալավերդյանը:
Ռաֆիկ Պետրոսյանն էլ ասաց, որ աշխատավարձերը բարձրացվելու են զեկույցի հրապարակումից մոտ 7 ամիս հետո: Նշեց նաև, որ պաշտպանը մինչ այս զեկույցը քաղաքականացրել է իր գործունևթյունը և պետական մարմիններին մեղադրել տարբեր տեսակի հանցագործությունների մեջ: «Այժմ նա թողել է այդ ոճը, իմ կարծիքով` շատ ճիշտ կերպով, և այդ տեսակետից եմ գոհ»,- ասաց Ռ. Պետրոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել