HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովրդի և բնության դեմ գնացողների պատիժն անխուսափելի է»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը նոյեմբերի 16-ի նիստում Անկախություն հռչակելուց հետո թվում էր, թե յուրաքանչյուր հայ մասնակիցն է լինելու հայրենի բնօրրանի վերականգնմանը: Կարծում եմ` բոլորիս համար հասանելի և իրագործելի էր այն գաղափարը, որ ոչ միայն պետության կառավարման ձևի վերաբերյալ նախատեսվող որոշումների կայացմանը պետք է կարևոր մասնակցություն ունենար ողջ հանրությունը, այլև հասարակության ակտիվ մասնակցությամբ պետք է իրագործվեին շրջակա միջավայրի վերաբերյալ մշակվող և ընդունվող հայեցակարգերն ու նախագծերը: Մինչդեռ մեր պետության կառավարումը կենտրոնացավ մի քանի անձանց ձեռքում, ովքեր մերժեցին ճանաչել քաղաքացիներին հանրային նշանակության կյանքում ներգրավվելու, դրա վրա ներազդելու իրավունքը` վերջնահաշվում մեզ անթույլատրելիորեն փորձելով մեկուսացնել մեր պետության, մեր ու մեր երեխաների ներկայի և ապագայի վերաբերյալ որոշումների ընդունումից: Նման վարվելակերպը հանգեցրեց մեր ժողովրդի և մեր երկրի միասնականության խաթարմանը, որի ամենացավալի փաստը ներկայիս ՀԱՏՎԱԾԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է: Այս հատվածականության վտանգավորությունն ու դրա հաղթահարման հրամայականը պետք է գիտակցենք բոլորս: Հատվածականությունն իր մի շարք դատապարտելի դրսևորումներով մեր երկրում խորը ճգնաժամ է առաջացրել: Ունենք հասարակական խեղված հարաբերություններ, որտեղ մարդու և նրա արժանապատվության ստորացումը համատարած է դարձել: Հատվածականության ջատագովներն ու կիրառողները չեն ցանկանում ճանաչել մեր ժողովրդին, չեն ուզում զգալ մեր ցավը: Նրանք խաբում են ոչ միայն մեզ, այլև իրենք իրենց և իրենց մերձավորներին: Ծրագրելով վերջնական խեղման ենթարկել մարդկային հարաբերություններն ու հայ ժողովրդի ինքնությունը` նման հոգեխեղվածները արդեն չեն կարողանում հաշտ ապրել նաև բնության հետ` իրենց արատավոր գործունեությունը ուղղելով Հայաստանի բնության դեմ: Ասվածի ապացույցներն են` Լուռու մարզի Թեղուտի հանքավայրի հնարավոր շահագործումը, Սյունիքի մարզի ուրանի հանքավայրերի հետախուզումը ապագա շահագործման նպատակով, բնության և նրա ընդերքի, ըստ էության` անխնա ավերումն ու շահագործումը, Երևանի կանաչ տարածքների մեծածավալ վերացումը, հայրենի անտառների բարբարոսական հատումները, Սևանի նկատմամբ անհոգի վերաբերմունքը և այլն: Այս ամենի հետ մեկտեղ` վերնախավում կան իրականությունը սթափ ու ազնվորեն գնահատելու ներքին մղում ունեցող անձինք, ովքեր, այնուհանդերձ, հատվածական համակարգի ստեղծած ճահճում իրենց ավելի տաք և պաշտպանված զգալով, վախենում են դուրս գալ այնտեղից, քանի որ իշխանական «փոթորիկն» իրենց համար միանգամից անդառնալի հետևանքներ կառաջացնի: Մարդը չի ծնվում որպես հերոս կամ մարտիկ. նրա  գիտակցությունն է, որ կռվելու, մարտնչելու ունակություն է տալիս: Կարծում եմ` դեռ ուշ չէ, ուստի եկեք վերացնենք խեղումները, կռիվ տանք և հաղթենք հատվածականությանը: Եկեք վերացնենք. սերունդներին` ԴԵՄ, արտագաղթին` ԿՈՂՄ ընդունված որոշումները, նաև մշտապես հիշենք, որ ժողովրդի և բնության դեմ գնացողների պատիժն անխուսափելի է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter