
Հասարակ մարդիկ, որոնք փող չունեն, չեն էլ կարող վարկ վերցնել
ՀՀ Կառավարության 12.06.2008 թ. 706-Ն որոշման համաձայն` Գեղարքունիքի մարզի Ճամբարակ եւ Շիրակի մարզի Աշոցք ու Ամասիա տարածաշրջանների գյուղական համայնքների համար 2008 թ. հունիսի 1-ից մեկնարկեց գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական ծրագիրը:
Ծրագրի նպատակն էր թիրախային տարածաշրջանների համայնքներում գյուղմթերքների արտադրությամբ կամ վերամշակմամբ, ագրոտուրիզմով զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի, այդ թվում` լիզինգի տոկոսադրույքի մասնակի կամ ամբողջությամբ սուբսիդավորումը:
Ծրագրով նախատեսվում էր սուբսիդավորել տրամադրվող վարկի տոկոսադրույքի 10 տոկոսային կետին համարժեք մասը: Վարկը ստանալու պահից հաշված` վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ տրամադրված վարկի տոկոսադրույքները սուբսիդավորվում էին ամբողջությամբ: Սպառողական, առեւտրի կամ հիփոթեքի նպատակով վերցված վարկերի տոկոսադրույքները չէին սուբսիդավորվում: Վարկի գումարը չպիտի գերազանցեր 5 մլն դրամը: Վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամկետը չպիտի գերազանցեր 12 ամիսը: Այս ծրագրով սուբսիդավորվում էին վարկառուի միայն մեկ վարկի տոկոսադրույքները: Տույժերը կամ տուգանքները սուբսիդավորման ենթակա չէին:
Եթե վարկառուն ստացել էր վարկն ու ապահովում էր նախագծի բոլոր պայմանները, ապա իրավունք ուներ դիմելու տոկոսադրույքի սուբսիդավորման համար: Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնելու էին բանկերը: Սուբսիդավորված գումարը Գյուղատնտեսության ֆինանսավորման կառույցը փոխանցելու էր վարկառուի բանկային հաշվին` բանկի կամ վարկային կազմակերպության հայտի հիման վրա: Վարկի սուբսիդավորումը դադարեցվում էր, եթե վարկը օգտագործվել էր ոչ նպատակային:
Վարկի ոչ նպատակային օգտագործման փաստն արձանագրվելու դեպքում վարկառուն պարտավորում էր մեկ ամսվա ընթացքում վերադարձնել վարկի փաստացի վճարված տոկոսադրույքի սուբսիդավորված գումարը: Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում էր, եթե վարկը դառնում էր ժամկետանց, եւ վերականգնվում, եթե այդ ժամկետը չէր գերազանցում 180 օրը, ընդ որում` սուբսիդավորվում էր նաեւ 180 օրվա վարկի համար վճարված տոկոսավճարը:
Փորձնական ծրագրի համար Կառավարությունը տրամադրել էր 100 մլն դրամ: Ծրագրի շահառուներ էին դարձել 2 մարզից ընդամենը 60 համայնքի վարկառուներ: Շիրակի մարզի Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջանների 44 համայնքից ներկայացված 2339 հայտից հաստատվել էր միայն 1778-ը: Շիրակի մարզպետարանի Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանի փոխանցմամբ` կային համայնքներ, որ ընդհանրապես վարկառուներ չունեին եւ այս ծրագրի շրջանակներում չէին էլ փորձել դիմել:
«Գործընթացն էնպիսին էր, որ վարկառուն նախ պիտի դիմեր բանկին կամ վարկային կազմակերպությանը, որոնք աշխատում էին պիլոտային ծրագրով: Փողը Կառավարությունը գյուղացուն չի տալիս: Պարզապես նրա մուծած վարկային գումարից սուբսիդավորված մասը հանվում է,- պարզաբանում է Մովսես Մանուկյանը,- կրկին առկա է գրավադրման խնդիրը: Բանկ դիմած գյուղացին նախ պիտի հաստատվի որպես վարկառու, պարտաճանաչ կատարի առաջին մուծումը, ու հենց այդ պահից սկսած է տոկոսադրույքը սուբսիդավորվում պետության կողմից»:
Պրն Մանուկյանն ասում է, որ հիմնական խնդիրներն առաջանում են գրավադրման առարկայի հետ կապված: Այսօր ոչ բոլոր գյուղացիական տնտեսություններն են ի վիճակի իրենց ուզած գումարի դիմաց համարժեք գրավ ներկայացնել, եթե հաշվի առնենք, որ գրավադրված առարկան, որպես կանոն, բանկը շուկայական արժեքից միշտ ցածր է գնահատում:
«Եթե մի ժամանակ վերցնում էին անշարժ գույք, ասենք` տուն, մեքենա, գյուղտեխնիկա, հիմա Գյուղփոխբանկը նաեւ վարելահողեր է վերցնում,- ասում է Մ. Մանուկյանը,- Կառավարության կողմից իրականացվող այս ծրագրի առավելությունը վարկի տոկոսադրույքների սուբսիդավորումն է, մնացյալ գործառույթները, բանկային բոլոր տեսակի քաշքշուկները շարունակում են մնալ նույնը»:
Քանի որ վարկային ողջ ռիսկը կրում են բանկերը, ուստի շահառուներին վարկերը տրամադրվում են գրավային, տոկոսային եւ արտոնյալ ժամկետի վերաբերյալ սեփական քաղաքականությանը համապատասխան: «Գումարն այս ծրագրով տրվում էր 3 տարի ժամկետով եւ հատկապես լավ հնարավորություն էր այն վարկառուների համար, որոնք լիարժեք համապատասխանում էին ծրագրին ու հնարավորություն ունեին վարկավորվել զրո տոկոսադրույքով, երբ Կառավարությունն ամբողջությամբ է սուբսիդավորում: Սա լավագույն տարբերակն էր, իհարկե, որին չնչին մի տոկոս հնարավորություն ուներ համապատասխանելու,- ասում է Մ. Մանուկյանը,- քանի որ շատ դժվար է գտնել մեկին, ով վերջին երեք տարում գյուղատնտեսական վարկ վերցրած չլինի: Եթե այդպիսիններն էլ հայտնվում էին, ապա պարզվում էր, որ չունեն համապատասխան գրավ»:
Ծրագրի հենց սկզբում Շիրակի մարզում բավական ակտիվ շարժ է նկատվել դիմումատուների առումով: Աշոցքն ու Ամասիան ընտրվել էին` հաշվի առնելով աղքատության անհամեմատ ավելի բարձր ցուցանիշը: Մարդիկ հիմնականում դիմել են վարկը անասնապահության զարգացման նպատակով օգտագործելու համար: Սակայն շատ-շատերը հետագայում գործընթացի կեսից հրաժարվել են` բախվելով բանկային թղթատարությանը, կատարելով տարբեր գործարքների համար պահանջվող գումարային մուծումներ, որոնք պայմանագրում արտացոլված չեն:
«Ենթադրենք` գյուղացին գնում է վարկ վերցնելու: Այն, որ բանկը բարձր տոկոսադրույքներ է առաջարկում, այդ պահին, գոնե այս ծրագրի շրջանակներում, երբ գիտես, որ 10% պիտի սուբսիդավորվես, այդքան էլ չի վախեցնում: Գրավի առարկան էլ ինչ-որ տեղ էդքան խնդիրներ չի առաջացնում, որքան այդ բանկային ձեւակերպումները,- մտահոգություններն է կիսում գյուղվարչության պետը,- այդ բոլոր նախնական մուծումները` ծառայության վարձ, շենքի գրավադրման համար վկայական հանելու հետ կապված մուծումներ կադաստրում, նոտարական գրասենյակում, գնահատողն իր հերթին է փող ուզում... ամենաքիչը 100 հազար դրամի հասնող գործընթաց է, որը 1000 դոլար վարկ վերցնողի համար ավելորդ բեռ է: Մարդը, ենթադրենք, 360 հազար դրամի վարկ պիտի ձեւակերպի, 100 հազարը, դեռ ոչ մի բան չարած, ծախսում է տարբեր տեսակի ձեւակերպումների վրա»:
Խնդրի հետ կապված դժգոհություններ բազմիցս արտահայտել են վարկառուները: Նրանցից մեկին հանդիպեցինք «ԱԿԲԱ» բանկի Գյումրիի մասնաճյուղում, որտեղ վերջինս մուծումներ էր կատարում: «Հետքի» հարցին վերջինս խոստացավ պատասխանել անունը չհրապարակելու պայմանով:
«Դեռ վարկի ձեւակերպումը չավարտած` արդեն 20 հազար դրամ մուծում ես բանկի ծառայությունների համար, տեխնիկան պիտի գնահատես` գնահատողի փող, կադաստրի վկայականի համար` փող, նոտարական գրասենյակ ոտքդ դրիր` փող, դրանք գումարում, գումարում ես, մեկ էլ տեսնում ես, որ թիվ է դառնում ու արդեն չես էլ ուզում, թե էդ վարկը վերցնես,- նշեց զրուցակիցս,- ես ձեր ասած ծրագրից չեմ օգտվում, բայց գիտեմ մարդու, որ ուզեց, դիմեց, բայց կեսից թքեց, հեռացավ, ներվերը չհերիքեց: Էդ ասածդ սուբսիդավորումը, որ Կառավարությունը նախաձեռնել է, շատ լավ բան է, ո՞վ չի ուզենա, բայց մենակ խնդրի մե կողմը կտեսնին, բանկն էլի կմնա բանկ` իրա պահանջներով: Բանկերից պիտի սկսել: Հասարակ մարդիկ, որոնք փող չունին, չեն էլ կարող վարկ վերցնել կամ էլ էդ նախնական մուծումների երեսից պիտի պարտքի տակ ընկնին»:
Մեկնաբանել