Սահակաշվիլին ախալքալաքցիներին հայերեն է ողջունել
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր հանդիպել է Ախալքալաքի բնակիչների հետ: Մ. Սահակաշվիլին Ախալքալաքի գլխավոր փողոցում հավաքված բնակիչներին ողջունել է հայերեն: Ինչպես հաղորդում է www.apsny.ge կայքը, Վրաստանի նախագահը բնակիչներին շնորհավորել է Թբիլիսին Սամցխե-Ջավախքին կապող նոր ավտոմայրուղու շինարարության ավարտի կապակցությամբ: Մ. Սահակաշվիլին այսօր նաև մասնակցել էր այդ ճանապարհի բացմանը: Մասնագետների հավաստմամբ, 224 կմ երկարությամբ նոր ճանապարհը կրճատում է Թբիլիսիից Ախալքալաք հասնելու ժամանակահատվածը` 8 ժամից դարձնելով մոտ 2.5-3 ժամ:
«Այսօր երջանիկ և պատմական օր է ողջ Վրաստանի համար: Վրաստանում վերջին դարերի ընթացքում երեք կարևոր ճանապարհ է կառուցվել: Ռազմա-վրացական ճանապարհի նպատակն էր ոչնչացնել Կովկասի և մասնավորապես Վրաստանի ազատությունները և գաղութացնել դրանք: Երկրորդ` Ռոկյան թունելով անցնող ճանապարհի առաքելությունն ու գործառույթը վրացական այս տարածաշրջանի և մյուս շրջանների հետ գոյություն ունեցող դարավոր կապերը լիկվիդացնելն էր, ինչի հետևանքով վնասվել են պատմական կապերը»,- ասել է Մ. Սահակաշվիլին: Նա նշել է, որ այս երրորդ ճանապարհն ամբողջությամբ հակադրվում է նախորդներին, քանի որ այն տանում է դեպի Վրաստանի միասնականացումը, բոլոր ռեգիոնների ամբողջականացումը:
Սահակաշվիլին հիշեցրել է, որ ինքն իրականացրել է այն խոստումը, որ տվել էր տեղացի բնակիչներին: «Ես խոստացել էի այս ճանապարհը 4 տարի առաջ և կատարել եմ խոստումս: Երկու տարի առաջ ես խոստացել էի երկաթգծի կառուցումը, և մենք դրա կառուցումը կավարտենք իմ պաշտոնավարման ավարտին: Այդ ճանապարհը կարող է աշխատանքով ապահովել ավելի շատ մարդկանց, քան ռուսական ռազմաբազան էր ապահովում: Այդ ճանապարը տարածաշրջան կբերի հարստություն և բարեկեցություն»,- հայտարարել է Միխեիլ Սահակաշվիլին:
Վրաստանի նախագահը նաև առանձնացրել է Նինոծմինդայի և Ախալքալաքի ոստիկանապետներ Արսեն Կարապետյանին և Սամվել Պետրոսյանին`նշելով, որ նրանք թույլ չեն տվել ռուս օկուպանտներին մուտք գործել Բորժոմ: «Այս հողը պահպանել են վրացիները և հայերը միասին: Այդպես է եղել նաև անցյալում, այդպես կլինի նաև ապագայում: Վրաստանի ուժը տանկերի և հրացանների մեջ չէ, այլ մեր միասնության մեջ է»,- ընդգծել է նախագահը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել