HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Ապօրինաբար շարունակում է կալանքի մեջ պահվել

Սպանության մեջ մեղադրվող Արմեն Կիլինկարովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Կալանավորման ապօրինի որոշում է կայացվել, որն անփոփոխ է մինչ օրս: Այդ մասին դատական նիստում հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Արմեն Կիլինկարովի շահերի պաշտպանությունն ստանձնած հանրային պաշտպան Ռուբեն Հակոբյանը, ով համոզված է, որ այս եւ նախաքննության ընթացքում թույլ տրված այլ ապօրինություններ ընթացել են դատարանում մեղադրանքը պաշտպանող Լոռու մարզի դատախազության դատախազ Արմեն Շիրոյանի իմացությամբ, որը նաեւ մասամբ դատավարական ղեկավարում է իրականացրել նախաքննության վերջին փուլում: Փաստաբանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալին ապօրինի կալանքի մեջ պահելու հանգամանքը բողոքարկելու է ՀՀ գլխավոր դատախազին: Ըստ Ռուբեն Հակոբյանի` Արմեն Կիլինկարովի դեպքում միանշանակ առկա է քննիչի կամ դատախազի կողմից ակնհայտ անմեղ անձին ապօրինի քրեական պատասխանատվության ենթարկելու դեպք, քանի որ օրենքը պատասխանատվության է ենթարկում ռազմամթերք պահելու, փոխադրելու կամ կրելու համար: Իսկ փորձագիտական եզրակացությամբ` սպանվածի դիակի մեջ հատնաբերվել են որսորդական փամփուշտի լիցք հանդիսացող գործարանային արտադրության կոտորակներ, որոնք կրակված են ողորկափող հրազենից. վերջինիս համար օրենքով պատիժ չի նախատեսվում: Այս փաստով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանքի կիրառումն ակնհայտ ապօրինի որոշում է: Ի դեպ, որսորդական հրազենն էլ չի հայտնաբերվել, եւ ապացուցված չէ, որ այն օգտագործվել է Կիլինկարովի կողմից: Ինչ վերաբերում է կալանքի ժամկետը երկարացնելուն, ապա դատախազ Արմեն Շիրոյանը հիմք է ընդունել այն, որ Կիլինկարովին մեղադրանք առաջադրելու համար հարցում է արվել մեղադրյալին հանձնած պետության` ՌԴ գլխավոր դատախազությանը` նրա համաձայնությունն ստանալու, բայց պատասխանը դեռեւս չի ստացվել: Քննիչի կողմից այս հիմքն առաջին անգամ վկայակոչվել է 2010 թ. ապրիլի 17-ին: Սակայն նման հարցմամբ Լոռու մարզի դատախազը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին զեկուցագիր է ներկայացրել միայն նույն թվականի ապրիլի 23-ին: «Ինչ է ստացվում, առկա է դատարանի պաշտոնատար անձի կողմից խաբելու` փաստաթղթերով ապացուցված դեպք` հանուն նրա, որ Կիլինկարովն անպայման մնա կալանքի տակ,- ասում է փաստաբանը եւ ավելացնում,- ես չեմ հավատում, որ խաբեության այդ փաստը դատավարական ղեկավարում իրականացնելիս Շիրոյանը չի նկատել»: Վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ՌԴ գլխավոր դատախազությունից մերժում ստանալով` քննիչն այդ նույն հիմքով որոշում է կայացրել ապօրինի զենք պահելու եւ կրելու դեպքով քրեական հետապնդում չիրականացնել Կիլինկարովի նկատմամբ: «Մի՞թե մինչ այդ որեւէ մեկը չէր հաշվել, որ վաղեմությունը բոլոր դեպքերում անցած է, ինչպե՞ս են կալանքի տակ երկարատեւ պահելու հիմք դիտարկում եւ հարցում անում այլ պետությանը. վառ ապացույց ակնհայտ ապօրինության մասին»,- շարունակում է փաստաբանը: Ըստ նրա` քննիչը քրեական հետապնդում չիրականացնելու որոշում պետք է կայացներ ոչ թե վաղեմության ժամկետը անցած լինելու հիմքով, այլ հանցակազմի բացակայության: Փաստաբանը համոզված է, որ քրեական գործով մինչդատական վարույթն ընթացել է քրեադատավարական օրենքի բազմաթիվ էական եւ ոչ էական խախտումներով: Դա պարզ է դառնում հենց միայն մեղադրական եզրակացությունից. մեղադրողը հաստատել է մի մեղադրական եզրակացություն, որը ենթակա չի եղել հաստատման: Մեղադրական եզրակացության մեջ ընդգրկված չեն քննիչի կողմից որպես վկաներ հարցաքննված Զարուհի Սահակյանի, Ալվարդ Էվոյանի, Հարություն Էվոյանի ցուցմունքներն այն մասին, որ Արսեն Շաքարյանին սպանողը Նորիկ Ղազարյանն է, ընդ որում` Հարություն Էվոյանն իր ցուցմունքում նշել է, որ իրեն այդ մասին անմիջականորեն հայտնել է Նորիկ Ղազարյանը: Հաստատված մեղադրական եզրակացության նկարագրական-պատճառաբանական մասում որպես Արմեն Կիլինկարովի մեղքը հիմնավորող ապացույցներ նշված են 13 վկաների ցուցմունքներ, որոնք իբր թե իմացել են, որ Շաքարյանին սպանել է Արմեն Կիլինկարովը: Սակայն նշված չէ, թե որտեղից են նրանք իմացել այդ մասին: Ըստ նրանց ցուցմունքների` քաղաքի ընդհանուր խոսակցություններից: Վկաների մեծ մասի առաջին հարցաքննության ժամանակ քննիչն այդ հարցը նույնիսկ չի էլ տվել նրանց: Իսկ տասը տարի անց տրված այդ նույն հարցին վկաները պատասխանել են` չենք հիշում: Փաստաբանը մատնանշում է այս խախտումը եւ որպես հիմնավորում բերում այն իրավական դրույթը, ըստ որի` չեն կարող որպես ապացույց օգտագործվել եւ մեղադրանքի հիմքում դրվել այն նյութերը, որոնց ստացման աղբյուրը չի նշվում կամ հայտնի չէ: «Արդյոք դատախազը չի՞ իմացել օրենքի հիշյալ իմպերատիվ պահանջները, բնական է իմացել է, իմանալով էլ չի վերացրել այդ խախտումը եւ անթույլատրելի ապացույցներ ընդգրկելով մեղադրական եզրակացության մեջ` փորձ է արել տպավորություն ստեղծել, թե տեսեք` գործով 13 վկաներ կան»,-ասում է փաստաբանը: Վերջինս անդրադառնում է նախաքննական մարմնի կողմից թույլ տրված այլ խախտումների. վկա Տարոն Աբգարյանն իր լրացուցիչ ցուցմունքում հստակ նշել է, որ այն մասին, որ սպանությունը Կիլինկարովն է կատարել, ինքը լսել է ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցներից, երբ ինքը հարցաքննության է գնացել: Մեղադրողն այս ցուցմունքն ընդգրկել է մեղադրական եզրակացության մեջ, բայց տեղեկության աղբյուրը չի նշել: Վկա Արմեն Կոստանդյանը լրացուցիչ ցուցմունքում հայտնել է, որ առաջին հարցաքննության ժամանակ ինքը չի տվել Արմեն Կիլինկարովի անունը որպես սպանությունը կատարողի, քանի որ չի իմացել եւ մինչ օրս էլ չգիտի, թե ով է հանցանքը կատարողը, իսկ ցուցմունքը իր ձեռքով չի գրել եւ հետո չի կարդացել, թե ինչ է գրված: Այս հատվածը նույնպես խմբագրվել է եւ չկա մեղադրականում: Վկա Արթուր Գրիգորյանը լրացուցիչ ցուցմունքում հայտնել է, որ Գագիկ Կիլինկարովին մարմնական վնասվածք պատճառելու օրը, երբ Լեւոն Կիլինկարովը գնացել է Արմենին փնտրելու, նրա հետ գնացել է նաեւ վերջինիս ընկեր Նորիկը, որը նույնպես եկել էր Գագիկին տեսնելու: Ցուցմունքի այն հատվածը, որը վերաբերում է Նորիկ Զաքարյանին, դուրս է մնացել եզրակացությունից, չկա դրա վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի իրավական գնահատականը: Ամբաստանյալ Կիլինկարովի նախկին պաշտպան Ադելինա Հակոբյանը 2010 թ. մայիսի 6-ին գործը քննող ավագ քննիչ Սիրադեղյանին ստորագրությամբ հանձնել է գրավոր միջնորդություն` պահանջելով ճշտել, թե Ալավերդի քաղաքի բնակիչ Նորիկ Ղազարյանը 2000 թ. դեկտեմբերից մինչեւ 2001 թ. փետրվարի վերջն ընկած ժամանակահատվածում կոնկրետ որ օրն է մեկնել ՌԴ: Քննիչը մինչեւ նախաքննության ավարտը այդ միջնորդության վերաբերյալ որոշում չի կայացրել` արհամարհելով Քր.դատ.օր.-ի մեկ տասնյակից ավելի իրավական նորմերի կատեգորիկ պահանջները: «Եթե կատարեին համապատասխան հարցում, կպարզվեր, որ Նորիկ Ղազարյանը ՀՀ-ից ՌԴ մեկնել է դեպքից շատ քիչ անց, ինչով նաեւ թեկուզ անուղղակի ձեւով կհաստատվեին մի քանի վկաների ցուցմունքներ»,- ասում է փաստաբանը: Ըստ Ռուբեն Հակոբյանի` խախտվել է Քր.դատ.օր.-ի մի կարեւոր դրույթը. անձը որպես մեղադրյալ քրգործի մեջ կարող է ներգրավվել միայն բավարար ապացույցների ամբողջության դեպքում, ինչը նշանակում է, որ որոշակի անուղղակի ապացույցների համակցությունը բավարար չէ: Մեկ ապացույցի, օրինակ` մեկ վկայի ցուցմունքի հիման վրա անձին չի կարող մեղադրանք առաջադրվել: Ուստի փաստաբանը միջնորդեց դատարանին. մեղադրողից պահանջել գործում ներգրավել նոր ապացույցներ` պարզելու, թե ինչով է հիմնավորված համարել Կիլինկարովի հանցանքը, եթե, ըստ Ռուբեն Հակոբյանի, գործի մեջ չկա գոնե մեկ ուղղակի ապացույց: Հիմք ընդունելով վերը նշված թերացումները, խախտումներն ու ապօրինությունները եւ դրանց նկատմամբ դատախազ Շիրոյանի մոտեցումը` պաշտպանական կողմը կասկած հայտնեց այս գործում նրա անկողմնակալ դիրքորոշման վերաբերյալ եւ բացառելով նրա հետագա մասկացությունը քրեական գործով վարույթում որպես մեղադրող դատախազ` բացարկ հայտնեց նրան: Դատարանը, սակայն, մերժեց պաշտպանական կողմի` դատախազին բացարկ հայտարարելու միջնորդությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter