HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

87 % հարստացված ուրան Հայաստանում չի եղել և չկա

Վրաստանի իշխանությունների կողմից հայտնաբերված հարստացված միջուկային այդ նյութը Հայաստանում չի եղել և չկա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: Այդ դեպքում ինչպես է միջուկային հարստացված նյութը հայտնվել Վրաստանում` Աշոտ Մարտիրոսյանը չկարողացավ ասել. «Ինչպես է հայտվել կամ միգուցե չի էլ հայտնվել, մենք ոչ մի տեղեկություն չունենք»: Մաքսակետերում համապատասխան սարքավորումներ վաղուց են տեղադրված, որը, սակայն, չի հայտնաբերել հարստացված ուրանի այն ծավալը, որը, ըստ վրացական կողմի, ներմուծվել է Հայաստանից: Աշոտ Մարտիրոսյանը նշում է, որ իրենք հստակ տեղեկություններ չունեն, թե իսկապես հարստացված ուրանը Հայաստանով է անցել, թե ոչ: Հայաստանի քաղաքացիների մոտ հայտնաբերված Նովոսիբիրսկի ծագում ունեցող ուրանը 87 % հարստացման է եղել:  Իսկ Աշոտ Մարտիրոսյանն ասում է, որ հայկական ատոմակայանում օգտագործվող վառելիքը հարստացման երեք տեսակի է` 1.6 % , 2,4 %, 3,6 %: 87 % հարստացված ուրան Հայաստանում չի եղել: Միևնույն ժամանակ Ա. Մարտիրոսյանը չժխտեց, որ հայկական ատոմակայանում օգտագործվում է ռուսական վառելիք` հենց Նովոսիբիրսկի ծագման, ավելի կոնկրետ` Տվեր գործարանի: Պատասխանելով «Հետքի» հարցին, թե ինչպե՞ս կանդրադառնա այս դեպքը Հայաստանի միջազգային վարկանիշի վրա, Աշոտ Մարտիրոսյանը նշեց. «Քանի որ միջուկային նյութը Հայաստանում չի եղել, Հայաստանում նման միջուկային նյութ չկա, կարծում եմ, որ դա բացարձակապես ոչ մի նշանակություն չունի և չի կարող ունենալ Հայաստանի միջազգային հեղինակության վրա»: Ավելին, բանախոսը նշեց, որ Հայաստանը կատարում է կոնվենցիաներով ու համաձայնագրերով ստանձնած բոլոր պարտավորությունները, և մինչև հիմա չի եղել որևէ շեղում այդ պահանջներից: Լրագրողների այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է, արդյոք, ուրանը դուրս բերվեր ատոմակայանից, բանախոսը միանշանակ ժխտեց: Նա բացատրեց, որ ատոմակայանի պահեստարաններում ուրանը գտնվում է վառելիքային հավաքածուի մեջ, որի քաշը 250 կգ է, և այդ վառելիքից ուրան հանելը տեսականորեն անհնար է, քանի որ ուրան հանողը կստանա այնքան մեծ ռադիոակտիվ ճառագայթում, որ հավանաբար այդտեղից այլևս չկարողանա դուրս գալ: Եթե մինչև 1987 թվականը աշխատած միջուկային վառելիքը հատուկ գնացքներով տեղափոխվել էր Ռուսաստան, 87-ից հետո այդ վառելիքն ատոմակայանի գլխավոր մասնաշենքից տեղափոխվում է հատուկ այդ նպատակով կառուցված չոր պահեստարան, որը գտնվում է ատոմակայանի տարածքում: Թափոնները բաժանվում են ըստ ակտիվության` ցածր, միջին և բարձր, ինչպես նաև հեղուկ, պինդ ու գազային: Ցածր ակտիվության թափոնները փակվում են ցածր ակտիվության պահեստարանում, որը գտնվում է ատոմակայանի տարածքում` 500 մետր հեռավորությամբ, միջին ակտիվությանը` ատոմակայանի անմիջական տարածքում է, իսկ բարձր ակտիվության թափոնները պահվում են ատոմակայանի ռեակտորային սրահում: Աշխատած միջուկային վառելիքը թույլ չի տրվում տեղափոխել Ռուսաստան, որովհետև Ադրբեջանի կողմից երկաթգիծը չի գործում, Վրաստանով տանելն առայժմ անհնար է` վնասված են Վրաստան-Աբխազիա երկաթգծերը: Թարմ միջուկային վառելիքը հնարավոր է տեղափոխել ինքնաթիռով, որովհետև ունի աննշան ակտիվություն, աշխատած միջուկային վառելիքը, ունենալով շատ մեծ ակտիվություն, հնարավոր չէ տեղափոխել ինքնաթիռով, դրա համար անհրաժեշտ են հատուկ ֆուրգոններ, որտեղ ապահովվեն թե միջուկային վառելիքի ֆիզիկական պաշտպանություն, թե հովացումը, թե անհրաժեշտ ջերմաստիճանը: «Հետքի» հարցին, թե հնարավոր է Հայաստանը կարողանա ուրան հարստացնել, Աշոտ Մարտիրոսյանը բացառեց` նշելով, որ Հայաստանում որևէ կառույց ուրան հարստացնել չի կարող, քանի որ դա հսկայական կոմպլեքսներ են, որոնք իրենց մեջ ներառում են սկսած ուրանի հանքի արդյունահանումից, անջատումն ամբողջ հանքաքարից, ավելորդ էլեմենտներից, մետաղական մասերից, վերջացրած այլ հանգամանքներով, օրինակ` այդ գործընթացը պահանջում է հսկայական տարածքներ, սարքավորումներ և միլիոնավոր դոլարներ: «Տեսականորեն հնարավոր է, իսկ գործնականորեն չէ, որովհետև Հայաստանը նման ծրագիր չունի»,- հավելեց Ա. Մարտիրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter