HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի պաշտպանություն թուրք գրող Դողան Ախանլիի

Օրերս Բեռլինում մի խումբ քաղաքացիներ ցույց են կազմակերեպել` ի պաշտպանություն Քյոլնում բնակվող գրող եւ մարդու իրավունքների պաշտպան Դողան Ախանլիի, որը ձերբակալվել է այս տարվա օգոստոսի 10-ին Թուրքիայում, երբ երկարատեւ ընդմիջումից հետո ցանկացել է այցելել իր հիվանդ հորը: Նրանք Գերմանիայի կառավարությունից պահանջել են միջոցներ ձեռք առնել իր երկրի քաղաքացուն ազատ արձակելու համար: Դողան Ախանլիին օգոստոսի 20-ից պահում են Թեքիդաղի գավառի Մեթրիս  բանտում` մեկուսացած խցում, խիստ սահմանափակ վիճակում: Թուրքիան ազգությամբ թուրք գրողին մեղադրում է 1989 թ. որպես դավադիրների ղեկավար Թուրքիայի սահմանադրական կարգը հեղաշրջման միջոցով փոխելու փորձ կատարելու եւ որպես ավազակային խմբի ղեկավար քաղաքի տարադրամի փոխանակման կետերից մեկում զինված հարձակում կազմակերպելու մեջ: Դ. Ախանլիի դատապաշտպանը նրան ներկայացված մեղադրանքը համարել է «ոստիկանության կողմից հորինված թատերգություն»: Գերմանիայում ի պաշպանություն Դողան Ախանլիի հանդես եկողները նրա ձերբակալումն ու մեղադրանքը կապում են գրողի աշխարհայացքի հետ: Նա դատապարտում է 1912-23 թթ. Թուրքիայի իրագործած 3,5 մլն քրիստոնյաների ցեղասպանությունը, որը մինչ օրս ժխտում է Թուրքիան, եւ ինչպես հրապարակախոս Գյունթր Վալռաֆն է հայտարարում` «թուրքական արդարադատության որոշ շրջանակ վրեժ է լուծում այն անհանդուրժելի հեղինակներից, որոնք տարիներ ի վեր Հայոց ցեղասպանությունը թեմա են դարձրել»: Դ. Ախանլին ծնվել  է 1957 թ. Փոքր Ասիայի հյուսիս-արեւելքում եւ բանակի 1980 թ. հեղաշրջումից հետո ապրել է թաքստոցում: 1983-87 թթ. ձերբակալվել է ու պահվել է Կոստանդնուպոլսի  բանտում, որտեղ ենթարկվել է կտտանքների: 1991 թ. նրան հաջողվել է փախչել Գերմանիա որպես քաղաքական ապաստանյալ, եւ 2001 թ. Գերմանիայի քաղաքացիություն է ստացել: Իր վեպերում, հոդվածներում, հարցազրույցներում, ինչպես նաեւ Գերմանիայում իրականացրած մշակութային ծրագրերում Ախանլին շարունակ պայքարել է պատմական հանցանքը ուրանալու դեմ, խոսել է բաց եւ ազատ, մերկացրել թուրքական պետության ճնշումները, պաշտպանել ազգային փոքրամասնությունների եւ մարդու իրավունքերը: Ժիրայր Քոչարյան Բեռլին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter