70-91 տարեկան 183 մասնագետ` Ալիխանյանի ինստիտուտում
Այսօր Ազգային ժողովում 2009 թ. կատարողականն էր ներկայացնում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Այդ կարեւոր փաստաթղթի ներկայացման ժամանակ պատգամավորները հերթով լքեցին դահլիճը, եւ Ի. Զաքարյանը բազմաթիվ չարաշահումների մասին իր հաշվետվությունը կարդաց կիսադատարկ դահլիճում:
Պետական եւ համայնքային մարմիններում բյուջետային միջոցների օգտագործման նկատմամբ իրականցված ստուգմամբ արձանագրվել է 1 մլրդ 307 մլն 446 հազ. դրամի անարդյունավետ ծախս:
Անդրադառնալով պետբյուջեի միջոցների անարդյունավետ ծախսումներին` Ի. Զաքարյանը նշեց, որ էկոնոմիկայի նախարարության Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի հաստիքացուցակում առկա են մեկ հաստիքով ձեւակերպված, բայց չաշխատող բավականին մեծ թվով մարդիկ: «Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ տեսել 0.25, 0.5 եւ 0.75 դրույքով աշխատողների»,-նշեց Ի. Զաքարյանը:
Նշված ինստիտուտում տարեկան ընդհանուր աշխատավարձը կազմում է 50 մլն դրամ: Շուրջ 200 մարդ ձեւակերպված է 1 դրույքից պակաս դրույքաչափով: Ձեւակերպվածներից 183-ը 70-91 տարեկան մասնագետներ են: «Ես տարիքն էլ եմ հարգում, ամեն ինչն էլ հարգում եմ, բայց կարծում եմ` ծախսն անարդյունավետ է»,- ավելացրեց Վերահսկիչ պալատի նախագահը:
7 մլն 700 հազար դրամի անարդյունավետ ծախս էլ կատարվել է ծառատունկի շրջանակներում: Ծառեր են տնկվել Սեւանի ափին` 1905 մետր նիշից ցածր, այն դեպքում, երբ խոսվում է այդ նիշից ցածր հատվածների մաքրման մասին: «Եթե տարածքը պիտի մաքրենք, էլ ի՞նչ ծառատունկ ենք անում, նպատակը ո՞րն է»,-ասում է Ի. Զաքարյանը:
Հետաքրքիր բացահայտում էլ կատարվել է Շիրակի մարզի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգում: Վարկային ծրագրերի շրջանակներում 31 մլն 900 հազար դրամ է հատկացվել համակարգի ավտոտնակների կառուցման համար: Ավտոտնակները կառուցվել են, սակայն, երբ հերթը հասել է դրանց օգտագործմանը, պարզվել է, որ դարպասները փոքր են եւ ավտոմեքենաները չեն կարող ներս մտնել ու մնացել են դրսում:
«Բիո ունիվերսալ» ՍՊԸ-ի կողմից էլ հակադաբաղանյութի գներն են խիստ չափազանցված եղել: Գյուղնախարարության անուշադրության հետեւանքով պետական բյուջեին հասցվել է 556 մլն դրամի վնաս: Դաբաղանյութ արտադրող եւ վաճառող ընկերությունը 1 դեղաչափի գործարանային գինը սահմանել է 35 ցենտ: Դեղը մինչեւ կհասներ Երեւան, ճանապարհին կտրուկ աճել է` դառնալով 47 ցենտ: Տարբեր ընկերությունների ձեռքի տակով անցնելուց հետո վերջում պետական բյուջեի վրա նստել է 75 ցենտ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել