Սեմինար` ոստիկանների համար
Նոյեմբերի 15-ին և 16-ին Երեւանում անցկացվեց «Ոստիկանական ծառայողների համար հասարակական կարգի պահպանության եւ վատ վերաբերմունք չկիրառելու մասին» թեմայով սեմինարը, որը կազմակերպել էր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ իրավական հարցերի գլխավոր քարտուղարությունը` ՀՀ ոստիկանության հետ համատեղ:
Սեմինարն անցկացվեց «Ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թվականների բարեփոխումների» ծրագրի շրջանակներում, որն ընդունվել է այս տարվա ապրիլի 1-ին` Կառավարության որոշմամբ: Սեմինարի հարցերի շրջանակը քննարկվել էր Եվրոպայի խորհրդի հետ միասին: Հիմք էին ընդունվել վերոնշյալ ծրագրի դրույթները: Մասնավորապես.
- Հասարակական կարգի եւ անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունների (այդ թվում` ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի գործադրման առումով) իրականացման իրավական բազայի կատարելագործման ոլորտում միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրում,
- Զանգվածային անկարգությունների կանխման ուղղությամբ միջազգային փորձի ուսումնասիրում, մասնագիտական գիտական գիտելիքների կատարելագործում,
- Հասարակական կարգի պահպանման գործում հասարակայնության ներգրավմանն ուղղված միջազգային փորձի ուսումնասիրում եւ ներդրում:
Սեմինարին մասնակցելու, նշված ոլորտում եվրոպական առաջավոր փորձը ներկայացնելու, ինչպես եւ երկուստեք քննարկումների նպատակով Երեւանում էին Վիլլեմյեն Լոսը` ԵԽ գլխավոր քարտուղարությունից, եւ ԵԽ փորձագետներ ՄաքՔլին Ջանիսն ու Բերթ Բուլթմանը: Սեմինարին բացման խոսքով հանդես եկան ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ԵԽ գլխավոր քարտուղարության ծրագրի ղեկավար Վիլլեմյեն Լոսը և ոստիկանության շտաբի պետի տեղակալ Արմեն Ղուկասյանը: Սեմինարին մասնակցում էին ոստիկանության կենտրոնական ապարատի եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավար ծառայողներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել