ԲՆ-ն այդպես էլ չհամարձակվեց գնահատել Սեւանի էկոհամակարգին հասցված վնասը
Բնապահպանության նախարարությունն այդպես էլ չհամարձակվեց գնահատել Սեւանա լճի էկոհամակարգի վնասը, որը հասցրել է «Զանգեզուր Էքսիմպ» ընկերությունը Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա փոքր ՀԷԿ անօրինաբար կառուցելու արդյունքում: Հիշեցնենք, որ հենց այս պահանջն էր պարունակում Գավառի Օրհուս կենտրոնում կլոր սեղանի մասնակիցների դիմումը, որոնց անունից նախարարությանը դիմեց «ԷկոԼուր»-ը:
Նախարարության թիվ 5/23.5/52827 նամակում նշված է, որ «ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակվել է «Սեւանի արդյունագործական եւ էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու եւ ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, ինչի N1 հավելվածի 6-րդ կետով նախատեսվել է «Սեւանա լճի ավազանում նոր ՓՀԷԿ-ի կառուցման բացառում` Սեւանա լիճ թափվող գետերի էկոլոգիական վիճակի բարելավման եւ ձկնաշխարհի վերականգնման համար» դրույթ»:
Վնասի վերաբերյալ նամակում նշված է, որ «համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության` ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձն ինքն է պարտավոր հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ` ինքնակամ կառույցի քանդման եւ հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «համայնքի ղեկավարը քաղաքաշինության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը եւ օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը»:
Ինչ վերաբերվում է կենդանական աշխարհին պատճառված վնասին, ապա այն հաշվարկել հնարավոր չէ, քանի որ ձկների անկում չի հայտնաբերվել»:
Նախարարությունը ոչ մի կերպ չի արձագանքել հասարակության դիմումում բերված փաստերին այն մասին, որ
• խախտվել է Արգիճի գետի ջրավազանը
• ստորգետնյա աղբյուրների ջրերը լցվում են ոչ թե գետի, այլ շինարարների կողմից փորված խրամուղի մեջ
• խախտվել է Սեւանա լճի ջրամատակարարումը, քանի որ Արգիճի գետը ամենագլխավոր ջրային երակներից մեկն է
• խախտվել է լեռնային լանդշաֆտների ջրային հաշվեկշիռը, որոնց պահպանումը համարվում է էկոլոգիական անվտանգության ծրագրի, որտեղ նախարարությունն ունի ազգային համակարգող, առաջնահերթություններից մեկը եւ այլն:
Մենք պնդում ենք, որ Արգիճի գետի ավազանում ընկերության գործունեության վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ստուգումներ անցկացնի եւ արդյունքները հրապարակվեն:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել