«Եթե կա գող նախարար, թող հենց այստեղից էլ նրան տանեն մեկուսարան»
ԱԺ ամբիոնից հայտարարեց Վիկտոր Դալլաքյանը
«Եթե ձեզ թվում է, որ Ազգային ժողովում քննարկվում է Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, չարաչար սխալվում եք»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Պատգամավորի խոսքերով` այսօրվա քննարկումը վերաբերում էր «սպիտակ ձեռնոցներով պետական բյուջեից գողություն կատարած անձանց», եւ հաշվետվությունը պարզապես առիթ էր գողերին անդրադառնալու համար:
«Վերականգնված եւ բացահայտված գումարի չափը կազմում է մոտ 7 մլրդ 700 միլիոն դրամ: Եթե համեմատություն կատարենք, կարող ենք ասել, որ ուսումնասիրվել է պետբյուջեի 10 տոկոսը: Այսինքն` եթե ուսումնասիրվեր ամբողջ բյուջեն, հիմքեր կան ասելու, որ բյուջեից գողացված միջոցները կկազմեին 200-250 մլն ԱՄՆ դոլար»,- ասաց Վ. Դալլաքյանը:
Պատգամավորը հրավիրեց ներկաների ուշադրությունն այն բանի վրա, որ նրա բնորոշմամբ` գողությունները կատարվել են տուբերկուլյոզի, պրոթեզավորման, հոգեկան հիվանդների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար նախատեսված գումարներից:
Վիկտոր Դալլաքյանն առաջարկեց գողերին պատժել հրապարակայնորեն: Ըստ նրա` հաջորդ ՎՊ հաշվետվության քննարկման ժամանակ պետք է ԱԺ հրավիրվեն նաեւ գլխավոր դատախազը, վարչապետը, ինչպես նաեւ այն նախարարները, որոնց նախարարություններում ստուգումներ են իրականացվել ու չարաշահումներ արձանագրվել:
«Եթե կա գող նախարար, թող հենց այստեղից էլ նրան տանեն մեկուսարան»,- ավելացրեց պատգամավորը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել