Փաստաբան Ե. Վարոսյանը` Փաշինյանի խախտված իրավունքների մասին
Նիկոլ Փաշինյանի համար սահմանված պատժի չկրած մասի կրճատման հաշվարկ կատարելու վերաբերյալ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Տ. Նավասարդյանի կողմից 25.05.2010թ. կայացված որոշմամբ պատժի կրճատման հաշվարկը կատարվել է ակնհայտ սխալ, որի հետևանքով Ն. Փաշինյանի պատժաչափը փաստացի ավելացել է շուրջ հինգ ամիս ժամանակով:
Կատարվածը հանգեցրել է ՄԻԵԿ 5-րդ («Յուրաքանչյուր ոք ունի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետեւյալ դեպքերում եւ oրենքով uահմանված կարգով. ա) անձին oրինական կերպով կալանքի տակ պահելը իրավաuու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո»:) և 7-րդ («Չի կարող նաեւ նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին»:) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման:
1. Ներկայացնելու համար խախտման էությունը նախ պետք է պարզաբանել պատիժ, պատժաչափ հասկացությունները:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (Պատժի հասկացությունը եւ նպատակները). «1. Պատիժը պետական հարկադրանքի միջոց է, որը դատարանի դատավճռով պետության անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ և արտահայտվում է այդ անձին իրավունքներից ու ազատություններից օրենքով նախատեսված զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ»:
Ակնհայտ է, որ պատժաչափ հասկացությունն իրենից ներկայացնում է այն պատժի չափը, որը դատարանի դատավճռով պետության անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ: Ն. Փաշինյանի նկատմամբ պատիժը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 19.03.2010թ. կայացված դատավճռով, որն անփոփոխ է թողնվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից 09.03.2010թ. կայացված որոշմամբ և մտել է օրինական ուժի մեջ: Ուստի Ն. Փաշինյանն իր նկատմամբ նշանակված պատիժն սկսել է կրել այն պահից սկսած, երբ նրա վերաբերյալ կայացված դատավճիռը մտել է ուժի մեջ:
Նախքան դատավճռի ուժի մեջ մտնելը, Ն. Փաշինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, որևէ կերպ չի կարող նույնացվել պատժի հետ, չի կարող համարվել պատժի կրում: Անձի նախնական կալանքի և պատժի նույնացումն անթույլատրելի է ՄԻԵԿ 5-րդ հոդվածի տեսակետից: Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահին Ն. Փաշինյանի նկատմամբ նշանակված է եղել պատիժ 7 տարի ժամանակով ազատազրկման ձևով, որը նա հենց այդ պահին սկսել է կրել, միաժամանակ ուժի մեջ են մտել նաև համաներում հայտարարելու մասին ԱԺ որոշումը կիրառելու վերաբերյալ, ինչպես նաև նախնական կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը պատժին հաշվակցելու մասին որոշումը: Այդ պարագայում ակնհայտ է, որ Ն. Փաշինյանը որևէ պատիժ կրած չլինելով` ունեցել է 7 տարի ժամանակով նշանակված, չկրած պատիժ, որի կեսը պետք է կրճատվեր համաներում հայտարարելու մասին որոշման համաձայն, ապա պատժին պետք է հաշվակցվեր նաև նախնական կալանքի տակ գտնված լինելու ժամանակը:
Նշվածը, իհարկե, կիրականացվեր, եթե համաներում հայտարարելու մասին ՀՀ ԱԺ որոշման պահանջներն իրականացվեին ամբողջությամբ:
Այդ որոշման համաձայն` Ն.Փաշինյանի նկատմամբ նշանակված պատժաչափի չկրած մասը պետք է կրճատվեր կիսով չափ: Նույն որոշման 12-րդ կետի համաձայն` այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը գտնվում են դատարաններում, uակայն մինչեւ uույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն oրինական ուժի մեջ չեն մտել, համաներման որոշման կատարումը դրվել է դատարանների վրա:
Համաներում հայտարարելու մասին 12-րդ կետի պահանջը կատարելու պարագայում դատարանը պարտավոր էր ինքը կատարել որոշումը, որի պարագայում կայացված դատավճռով կսահմաներ նշանակվող պատիժը և այն կկրճատեր կիսով չափ, քանի որ դատավճռի կայացման պահին դատարանը ցանկության դեպքում անգամ չէր կարող կռահել, թե երբ է ուժի մեջ մտնելու իր կողմից կայացված դատավճիռը, որպեսզի Ն. Փաշինյանին նախնական կալանքի տակ պահելու ժամանակահատվածը համարեր պատիժ, ապա դրանից հետո կրելիք «պատժի չկրած մասը» կրճատեր կիսով չափ:
Համաներում հայտարարելու մասին որոշումն իր մեջ պարունակում է այս հարցի լուծումը և դատարանի կողմից իր պարտականությունները պատշաճ կատարելու դեպքում Ն. Փաշինյանի չկրած պատժի ժամկետի կրճատման հաշվարկը չէր կարող կատարվել սխալ:
Սակայն անհասկանալի պատճառներով առաջին ատյանի դատարանը կայացված դատավճռով համաներում կիրառելու հարցին որևէ անդրադարձ անգամ չի արել, իսկ վերաքննիչ դատարանը, որոշելով հանդերձ Ն. Փաշինյանի նկատմամբ կիրառել համաներում հայտարարելու մասին որոշումը, դրա փաստացի կատարումը հանձնարարել է քրեակատարողական հիմնարկին:
ՀՀ ներպետական որևէ իրավական ակտ, այդ թվում և նշված համաներում հայտարարելու որոշումը, չի նախատեսում նորմ, որի համաձայն դատարանը կարող է որոշմամբ խնդրել մեկ այլ պաշտոնյայի կատարել իր` դատարանի լիազորությունները: ՔԿՀ պետն էլ իր հերթին իրավունք չուներ կայացնել որոշում, որի կայացումն իր կողմից որևէ նորմատիվ ակտով սահմանված չէ:
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավաuու են կատարելու միայն այնպիuի գործողություններ, որոնց համար լիազորված են Uահմանադրությամբ կամ oրենքներով»:
Հիշատակված խախտումների բացառման դեպքում Ն. Փաշինյանի նկատմամբ նշանակված պատժի չկրած մասի կրճատման հաշվարկը կկատարվեր ճիշտ ու այն կկրճատվեր 3 տարի 6 ամիս ժամանակով:
2. Բացի այդ, իրականացված հաշվարկի արդյունքում ստացվել է մի իրավիճակ, երբ Ն. Փաշինյանի նկատմամբ նախքան դատավճիռն արձակելն ընտրված խափանման միջոց կալանավորումը կրկին անգամ հանգեցրել է իր համար ակնհայտ բացասական հետևանքների: Ստեղծված իրավիճակում Ն. Փաշինյանի պատժաչափն ավելացվել է շուրջ 5 ամսով այն պատճառով, որ նրա նկատմամբ ընտրված է եղել կալանավորում խափանման միջոցը:
Նույն համատեքստում Ն. Փաշինյանի դեմ է օգտագործվել նաև նախքան դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն իր իրավունքներից օգտվելու հանգամանքը: Փաստորեն, Ն. Փաշինյանի կողմից նախքան դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն իր անմեղությունը հաստատելու ուղղությամբ կատարված քայլերը, որոնց արդյունքում, ի դեպ, անգամ դատարաններն են հռչակել իր անմեղությունն առաջադրված մեղադրանքի մի մասով, հանգեցրել է նրան, որ Ն. Փաշինյանի պատժաչափն ավելացել է, ինչը տեղի չէր ունենա նրա կողմից իր իրավունքներից չօգտվելու պարագայում:
Բացի այդ, ստեղծված իրավիճակը, մասնավորապես վիճարկվող որոշման կայացման ու դրան հաջորդող ընթացքում պետական տարբեր մարմինների կողմից համաներման կիրառման կարգի վերաբերյալ արտահայտած ծայրահեղ հակադիր կարծիքների առկայությունը, ապա դրանցից` Ն. Փաշինյանի համար առավել վատթարագույնի կիրառումը ևս մեկ անգամ ակնհայտորեն առաջացրել է ՄԻԵԿ հիշատակված նորմերի խախտում` իրավական որոշակիության բացակայության տեսակետից:
3. Կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հստակ պահանջն է, որ Կոնվենցիայով սահմանված «օրինական», «օրենքի հիման վրա» եզրույթների առկայության պարագայում այս կամ այն իրավահարաբերությունը կարգավորող ներպետական օրենքները համապատասխանեն մի շարք չափանիշների, այդ թվում լինեն մատչելի ու կանխատեսելի:
Իսկ Ն. Փաշինյանի պարագայում անհասկանալի պատճառներով նրա պատժաչափի չկրած մասի կրճատման համար կիրառված օրենքները հենց պետական մարմինների գործողությունների արդյունքում են մեկնաբանվել իբրև ոչ կանխատեսելի, և նման պարագայում Ն. Փաշինյանի իրավունքները ոտնահարվել են նաև այս տեսակետից (իրավական որոշակիության բացակայություն):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել