Պետությունը գումար է «խնայել» որբերի հաշվին
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի հայտարարությունը նոյեմբերի 16-ի նիստում
Նոյեմբերի 4-ին` կառավարության նիստի ընթացքում, վարչապետի ներածական խոսքը հայտարարություն էր այն մասին, որ ՀՀ քաղաքական դաշտում ամենակոռումպացվածը կոալիցիոն ուժերն են: Չնայած այդ օրը հայտարարվեց չորս ոլորտի մասին, սակայն ամենատարրական վերլուծությամբ կարելի է ցույց տալ կոռուպցիայի շղթան, որը տասնյակ և ավելի տարիներ քաղցկեղի մետաստազների նման քայքայում է մեր պետության շատ խարխուլ հիմքերը:
Ովքե՞ր են դրել այդ ախտի հիմքերը: Պատասխանը մեկն է` անցած և ներկա այն պաշտոնյաները, ովքեր, գրավելով իշխանության ղեկը, այն ծառայեցրել են սեփական շահերին:
Օրինակներ` որքան ասես: Մեզանում գազի գների բարձրացման, տնտեսական ճգնաժամի և այլ պատճառներով եթե որևէ օլիգարխի գրպանին վտանգ է սպառնում, ապա կառավարությունը, թեկուզ մեր սերունդներին պարտքի տակ դնելով, վարկավորում կամ անգամ սուբսիդավորում, անհատույց օժանդակություն է ցույց տալիս նրանց` տնտեսությունը խթանելու պատրվակով:
Իսկ մանկատների շրջանավարտները, ճիշտ է, օլիգարխ չեն, սակայն նույնպես մեր քաղաքացիներն են, որոնց արժանապատիվ ապրելու և տանիք ունենալու հույսը միայն պետական հովանավորությունն է: Սակայն նրանց համար բնակարաններ գնելու նպատակով պետական բյուջեով հատկացված գումարները տարիներ շարունակ գրպանվում են: Վերահսկիչ պալատի հաշվետվությունից բերված փաստերը խոսում են մանկատների շրջանավարտների և առանց խնամքի մնացած երեխաների ճակատագրերի նկատմամբ պետական մակարդակով հանցավոր անտարբերության մասին: Սա մեր կառավարության դեմքն է, նկարագիրը:
Մասնավորապես, հաշվետվության մեջ արձանագրված է, որ նշված ծրագրերից առաջինով 2007-2009 թթ. ընթացքում պետական բյուջեով նախատեսվել է 1 մլրդ 178,5 մլն դրամ, որից միայն բնակարանների ձեռքբերման համար` 921.5 մլն դրամ (145 բնակարանի հաշվարկով), որից 01.08.2009 թ. դրությամբ ձեռք է բերվել 32 բնակարան` 224.8 մլն դրամ արժողությամբ: Այսինքն իրացվել է ամբողջ գումարի ընդամենը 24.4%-ը:
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարանի տրամադրման հետ կապված ծախսեր» ծրագրով 2007-2009 թթ. ընթացքում նախատեսվել է 333.5 մլն դրամ, որի դիմաց 56-ի փոխարեն ձեռք է բերվել ընդամենը 8 բնակարան` 49.7 մլն դրամ արժողությամբ: Այսինքն` իրացվել է ամբողջ գումարի 15%-ը:
Այսպիսով, 2007-2009 թթ. ընթացքում երկու ծրագրերի շրջանակներում պետք է գնվեր և բնակեցվեր 201 բնակարան, որի համար պետբյուջեով նախատեսված է եղել 1.512.2 մլն դրամ: Մինչդեռ փաստացի ձեռք է բերվել 40 բնակարան, որի համար ծախսվել է ընդամենը 274.5 մլն դրամ, կամ ծրագիրը կատարվել է 20%-ով:
Հաշվետվության մեջ առկա են փաստեր, լուսանկարներ, որոնք վկայում են գնված բնակարաններում մարդուն անհրաժեշտ տարրական պայմանների բացակայության մասին: Այսինքն` նույնիսկ ծախսված 20%-ը` 274.5 մլն դրամը, չի ծառայում աշխարհում ամենաթանկ բանից` ընտանեկան ջերմությունից զրկված երիտասարդներին: Այս բացահայտումները եղան, սակայն ոչ մի շնաձուկ չպատժվեց, որբերի կյանքում ոչինչ չփոխվեց, ավելին` 2010-2011 թթ. պետական բյուջեով ոչինչ չի նախատեսված առ 2009թ. հուլիսի 1-ը ՀՀ-ում հաշվառված դեռևս 269 անօթևան շրջանավարտի համար:
Իսկ 2008-2009 թվականների բյուջետային միջոցներով, որն է 1.047.2 մլն դրամ, ոչ մի բնակարան չի գնվել: Այսինքն` այս գումարը պետությունը «խնայել է» որբերի հաշվին, իսկ մեր կարծիքով` դեռ պարտք է նրանց: Եվ քանի որ 2011 թվականի բյուջեով կառավարությունը սոցիալապես և հոգեպես ամենածանր վիճակում գտնվող այս խավի համար ոչինչ չի նախատեսել, ապա «Ժառանգությունն» առաջարկել է այդ գումարը հատկացնել 2011 թվականի պետբյուջեով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել