Նվազագույն աշխատավարձը կդառնա 32.500 դրամ, սակայն սպառողական նվազագույն զամբյուղը 43.500 դրամ է
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունը նոյեմբերի 16-ի նիստում
Այսօր խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց նվազագույն աշխատավարձի մասին օրինագիծը: Իշխանությունների կատարած «տիտանական» աշխատանքի շնորհիվ ներկայիս 30.000 դրամ նվազագույն աշխատավարձը 2011 թ.-ից կդառնա 32.500 դրամ: Իսկ այն, որ սպառողական նվազագույն զամբյուղը այդ նույն իշխանությունների մաս կազմող Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով երրորդ եռամսյակում դարձել է 43.500 դրամ, իսկ միայն պարենային զամբյուղը` 28 հազար դրամ, հայրենի կառավարությունը ոչ մի կերպ չի ցանկանում նկատել:
Դա բավական չէ, մերժում են «Ժառանգության» կողմից ներկայացվող օրենքի նախագիծը, որով նվազագույն աշխատավարձը սահմանվում է 45.000 դրամ: Մենք ոչ միայն նշեցինք նվազագույն աշխատավարձի չափը, այլև հստակ ցույց ենք տվել այն աղբյուրները, որտեղից կառավարությունը կարող էր գտնել համապատասխան ֆինանսական միջոցները:
Սակայն իշխանությունները նորմալ հարկահավաքություն իրականացնելու իրենց անկարողությունը փորձում են թաքցնել պետության հնարավորությունների սահմանափակության լոզունգի տակ, և դեռ քիչ է, նույնիսկ խոսում են մակրոտնտեսական կայունության մասին, իբր թե աշխատավարձերի բարձրացումը կարող է խաթարել այն:
Հարգելի իշխանություն, Հայաստանում այսօր այդ որտե՞ղ եք տեսնում մակրոկայունություն: Պաշտոնական թվերով ներկայացված 8.1 % գնաճի՞, թե՞ մեր մաշկի վրա զգացվող շատ ավելի բարձր գնաճի պարագայում է կայուն վիճակ: Գուցե կայունությունն արտահայտվում է փորձագիտական տվյալներով մոտ 70 %-ի հասնող աղքատության կամ 30 %-ի հասնող ծայրահեղ աղքատության մեջ, կամ էլ կայունությունը դրսևորվում է 28.000 դրամի հասնող պարենային զամբյուղի մեջ, երբ միջին կենսաթոշակը կազմում է մոտ 25.000 դրամ: Բայց դա միանշանակ չի կարող արտացոլվել այս տարվա գրեթե 70.000 քաղաքացու արտագաղթի ցուցանիշում:
Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ամենամեծ անկայունությունը դուք եք ստեղծում: Ձեր ընդունած օրենքներով և կատարած ու չկատարած աշխատանքների արդյունքում է, որ տնտեսական դաշտն այնքան աղճատեցիք, որ հայ գործարարն այսօր իր կարողությունները և հմտությունները Հայաստանում ներդնելու փոխարեն, փակելով իր գործունեությունը, փորձում է հարևան Վրաստանում կամ այլ երկրներում վերաբացել իր բիզնեսը: Հայաստանի քաղաքացին ամեն օր կանգնում է էկոլոգիական խնդիրների առաջ` երեկ Թեղուտը, այսօր ուրանը: Աշխատավորը չի կարողանում ստանալ իր արդար քրտինքով վաստակած աշխատավարձը` Վանաձորի քիմպրոմից, Երևանում Նաիրիտից սկսած, վերջացրած որևէ համայնքային ծառայությունում:
Վերջ տվեք նման աշխատաոճին: Մենք չվերականգնեցինք մեր անկախությունը, որ հայրենիքի ամենամեծ հարստությունը` մարդուն, դարձնենք աղքատ, ընկճված ու հուսահատ: Որ սերունդների սեփականությունն այսօր նվիրենք մի քանի մարդու: Կանգ առեք, քանի դեռ ուշ չէ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել