HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտաժողովի մասնակիցները կարևորել են Սևանի էկոլոգիական հավասարակշռության պահպանումը

Սեպտեմբերի 29-ին ամփոփվում են «Վարչական շրջանի երկրաէկոլոգիական մոնիթորինգ և ռիսկ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովի աշխատանքները։ Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, գիտաժողովի մասնակիցները մեկնել էին Սևան՝ ծանոթանալու Սևանի ջրային ավազանի ներկա վիճակին և առկա խնդիրների լուծման ուղղություններին։

Սևանում համաժողովի պատվիրակները հանդիպեցին Գերղարքունիքի մարզպետարանի, Գավառի Օրհուս կենտրոնի ներկայացուցիչների հետ, դիտեցին Օրհուս կենտրոնի կողմից պատրաստված Սևանա լճին նվիրված ֆիլմը։ Խոսվեց Սևանա լճի խնդիրների, այդ թվում՝ 1933-1981թթ. ընթացքում լճի մակարդակի արհեստական իջեցման պայմաններում Սևանում տեղի ունեցած բացասական էկոլոգիական փոփոխությունների մասին։ Մասնավորապես, մոտ 2 աստիճանով նվազեց ջրի ջերմատարողությունը, սկսվեց էֆտրոֆացման պրոցես, վատացան թթվածնային պայմանները՝ բարենպաստ միջավայր ստեղծելով ջրիմուռների աճի ու զարգացման համար։ 1982-1990թթ. լճի մակարդակը թեև բարձրացավ 1,2 մետրով, սակայն 1991-2001թթ. այն կրկին իջավ 2,2 մետրով։ Լճային մասի ժայռոտ հատակի չորացման հետևանքով ամբողջությամբ ոչնչացան Սևանի իշխանի ձվադրավայրերը։ Մոտ 10000 հա ճահճային և կիսաճահճային տարածքների չորացման հետևանքով ավելի քան 160 տեսակ չվող թռչուններից այսօր մնացել է 50 տեսակ։

Գիտաժողովի մասնակիցները կարևորեցին Սևանի էկոլոգիական հավասարակշռության պահպանումը, քանի որ աշխարհում այսօր խմելու ջուրը լրջագույն խնդիրներից է։ Քաղցրահամ ջրային պաշարները կազմում են աշխարհի ջրային պաշարների ընդամենը 2,6 տոկոսը։ Այդ իսկ պատճառով խիստ անհրաժեշտ է պահպանել և վերարտադրել Սևանի ջրային պաշարները։ Լճում քաղցրահամ ջուրը կազմում է 35 միլիարդ խմ, մինչդեռ նախկինում այն 58 մլրդ էր։

Գիտաժողովի մասնակիցները Սևանի հետ կապված մի շարք հիմնախնդիրներից հատկապես առանձնացրին ջրի մակարդակի բարձրացումը մինչև այն նիշը, որ հնարավոր լինի պահպանել լճի էկոլոգիական հավասարակշռությունը։ Նշենք, որ նախատեսված է 2029-2030թթ. Սևանի մակարդակը հասցնել 1903,5 մետր խորության։ Ընդհանուր առմամբ նպատակ է դրված լիճը բարձրացնել 6 մետրով։ 2003-ից սկսել է Սևանի ջրի մակարդակի աստիճանական բարձրացումը՝ յուրաքանչյուր տարի կազմելով 40-50 սմ, ինչի արդյունքում անցած տարիների ընթացքում ջրի մակարդակը բարձրացել է ավելի քան 3 մետրով։ Արտասահմանցի մասնագետները քննարկումների ընթացքում ներկայացրին նաև իրենց երկրներում նման խնդիրների լուծման տարբերակները։

Նշենք, որ «Վարչական շրջանի երկրաէկոլոգիական մոնիթորինգ և ռիսկ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովին մասնակցում են 56 գիտնական 17 երկրից։ Գիտաժողովի կազմակերպիչներն են «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն» ինստիտուտը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը  և Գեղարքունիքի մարզպետարանը։Այս մասին տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter