Սպանություն Վանաձորում
Երեկ` ժամը 15-ին, Վանաձորում հերթական սպանությունն է տեղի ունեցել: Լոռվա խճուղի 1ա հասցեում գտնվող «Նավ» ռեստորանին հարակից տարածքում հայտնաբերվել է Լոռու Ճոճկան գյուղի բնակիչ, 1987թ. ծնված Լեւոն Ասլանյանի դիակը:
Լոռու մարզի ոստիկանության քննչականի պետ Գագիկ Իսպիրյանից տեղեկացանք, որ քրեական գործ է հարուցվել, եւ սպանողի ինքնությունը դեռ բացահայտված չէ: Հանցագործը «սուր, կտրող-ծակող գործիքով» մեկ անգամ հարվածել է Ասլանյանի կրծքավանդակին եւ մահ պատճառել:
Սպանության վկաներ չկան, սակայն մեզ հասած տեղեկություններով` սպանությունը տեղի է ունեցել սիրո հողի վրա: Ճոճկանի բնակիչ Լեւոնը Վանաձոր էր եկել ընկերուհուն տեսնելու, որը սովորում է բուհում: Հավանաբար, տեղական «Ռոմեոն» որոշել է մրցակցին մեջտեղից հանել:
Ըստ ամենայնի, նա հետեւել է իր զոհին, քանի որ դեպքից անմիջապես առաջ Լեւոնի ավտոմեքենան կանգնեցրել են ճանապարհային տեսուչները եւ հայտնաբերելով, որ նա առանց վարորդական իրավունքի է վարում, ավտոմեքենան տարել են տուգանային հրապարակ:
Լեւոնը, մեքենան թողնելով տուգանայինում, դուրս է եկել եւ հայտնվել «Նավ» ռեստորանի մերձակայքում, որտեղ էլ նրան սպանել են` «Գաիի» քթի տակ` 40-50 մ հեռավորության վրա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել