Հարութ Սասունյան
Մայքլ Բոբելյանն իր «Հայաստանի երեխաները. մոռացված Ցեղասպանություն և դարավոր պայքար հանուն արդարության» տեղեկություններով հարուստ գրքում երևան է հանել կարևոր, սակայն ոչ այնքան հայտնի փաստեր Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փորձերի երկարատև պատմության մասին:
Բոբելյանի ամենաուշագրավ բացահայտումներից մեկն այն ակնհայտ հակասությունն է, որը գոյություն է ունեցել փոխնախագահ Ջորջ Բուշ ավագի` ամերիկահայ համայնքին տված` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախընտրական խոստման և նման ճանաչումը խափանելու նրա վարչակազմի` Թուրքիայի հետ ունեցած համաձայնության միջև:
Մինչև 1988 թվականին Նախագահ առաջադրվելը փոխնախագահ Ջորջ Բուշը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Միացյալ Նահանգները պարտավոր է ճանաչել հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրության վերջին տարիներին իրագործված Ցեղասպանությունը` վերապրողների, գիտնականների, ինչպես նաև այն ժամանակվա մեր ներկայացուցիչների վկայությունների հիման վրա, եթե մենք ցանկանում ենք երաշխավորել, որ նման սարսափներ այլևս չեն կրկնվի»: Բուշը միակ փոխնախագահն էր, որը Հայոց ցեղասպանության վերաբերյալ նման խոստում էր տվել:
Սակայն 1989 թվականի հունվարին Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, նախագահ Բուշն անտեսեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հանձնառությունը և ակտիվորեն փորձեց համոզել Միացյալ Նահանգների Կոնգրեսին չճանաչել այն: Ընտրվելուց մի քանի ամիս անց Բուշը գրում է սենատորներ Բոբ Դոուլին և Ջորջ Միտչելին, նաև կոնգրեսականներ Թոմ Ֆոլիին, Ռիչարդ Միշելին, Ռիչարդ Գեբհարդին, Ժանետ Մալինսին և Ռիչարդ Լեհմանին` նրանց տեղեկացնելով Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ սպասվող բանաձևի նկատմամբ իր ընդդիմության մասին:
Նախագահ Բուշը 1990 թվականի ապրիլի 20-ին` «Հայոց հիշատակի օրը» հանդես է գալիս իր միակ «Նախագահական ուղերձով», սակայն չօգտագործելով «Հայոց ցեղասպանություն» եզրը: Նա խոսում է այն մասին, որ հայերը. «... 1915-1923 թվականների սարսափելի կոտորածներից տառապել են Օսմանյան կայսրության իշխանավորների ձեռքից: Միացյալ Նահանգները մարդկության դեմ կատարված հանցագործության զոհերին արձագանքել է միջազգային դիվանագիտական և մասնավոր օգնություն ցուցաբերելու ջանքերով... Ջարդերի 75-ամյակի առթիվ կցանկանայի միանալ հայ ժողովրդին և բոլոր ժողովուրդներին` 1990 թվականի Ապրիլի 24-ը նշելով որպես հայ ժողովրդի ավելի քան մեկ միլիոն զոհերի հիշատակի օր: Աշխարհի բոլոր ժողովուրդներին կոչ եմ անում աշխատել հետագայում կանխել բոլոր դաժան գործողություններն ընդդեմ մարդկության: 1988 թվականի հունիսի իմ տեսակետներն իմ խորը զգացմունքների արտահայտությունն են հայ ժողովրդի և նրա կրած տառապանքների հանդեպ»:
Տարիների ընթացքում վերլուծաբանները տարբեր բացատրություններ էին ներկայացնում, թե ինչու են Միացյալ Նահանգների վերջին նախագահները (բացառությամբ Ռոնալդ Ռեյգանի) դրժել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իրենց խոստումները: Բոբելյանը բացահայտել է, որ 1987 թվականին` Ամերիկայի հայկական համայնքին փոխնախագահ Բուշի տված խոստումից մեկ տարի առաջ, Միացյալ Նահանգներն ու Թուրքիան համակողմանի ռազմական և տնտեսական համաձայնագիր էին կնքել, ըստ որի ամերիկյան կառավարությունը պարտավորվել էր ընդդիմանալ ցանկացած «անտեղի գործողություններին», օրինակ` Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ սպասվող բանաձևին:
1987 թվականի մարտի 16-ին Միացյալ Նահանգների պետդեպարտամենտում ստորագրման պաշտոնական արարողության ժամանակ պետքարտուղար Ջորջ Շուլցը և Թուրքիայի արտգործնախարար Վահիթ Հալեֆօղլուն նամակներ են փոխանակել` 1980 թվականի մարտի 29-ից գործող Պաշտպանության և տնտեսական համագործակցության երկկողմ պայմանագիրը մինչև 1990 թվականի դեկտեմբերը երկարաձգելու մասին:
Ըստ այդ պայմանագրի, Միացյալ Նահանգները պարտավորվում էր բարձր մակարդակի ռազմական և տնտեսական աջակցություն ցուցաբերել Թուրքիային: Առավել նշանակալից էր, որ Վաշինգտոնը համաձայնել էր «վճռականորեն ընդդիմանալ անտեղի գործողություններին, որոնք կվնասեն ԱՄՆ-Թուրքիա առողջ հարաբերություններին, ամերիկաթուրքական ռազմական համագործակցությանը կամ Թուրքիայի անվտանգության ապահովմանն աջակցելու մեր ջանքերին` հիմնված թուրքական զինված ուժերի կարիքների վրա»:
Երբ 1985 թվականին ավարտվեց 1980 թվականին կնքված պայմանագրի ժամկետը, Թուրքիայի կառավարությունը դրա նորոգման բանակցությունները խորամանկորեն երկարաձգեց` անընդհատ ավելացնելով իր պահանջները Միացյալ Նահանգներից: Երկու տարի տևած դիվանագիտական մի շարք փոխանակումներից հետո թուրքական կողմին հաջողվեց հավելյալ զիջումներ կորզել Միացյալ Նահանգներից, այդ թվում պարտավորություն` խափանելու Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Կոնգրեսի բանաձևերը:
1988 թվականին, երբ փոխնախագահ Բուշը կեղծ խոստում էր տալիս Հայոց ցեղասպանության մասին, պետք է քաջատեղյակ լիներ, որ 1987 թվականին Միացյալ Նահանգներն արդեն պայմանագիր էր կնքել Թուրքիայի հետ, պարտավորվելով «վճռականորեն հակազդել անտեղի գործողություններին», որոնք կվնասեն ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին:
1981 թվականի ապրիլի 22-ին նախագահ Ռեյգանի Հռչակագրից և 1975 ու 1984 թվականներին Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Ցեղասպանության ճանաչման երկու բանաձևերից հետո, Թուրքիայի կառավարությունը լուրջ հիմքեր ուներ պնդելու, որ 1987 թվականի պայմանագրում նշվի Հայոց ցեղասպանության հետագա ճանաչումը խափանելու մասին:
Թուրքական խաղը հաջողվեց: Դրժելով հայկական համայնքին տված իր խոստումը, 1990 թվականին նախագահ Բուշը կարողացավ Սենատում կանխել Հայոց ցեղասպանության բանաձևի անցկացումը:
Հարութ Սասունյան` «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ.՝ Ռ.Ավագյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել