HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Ընտանիքի անդամները վարակվել են բոտուլիզմով

Նոյեմբերի 10-ին Վանաձոր քաղաքի բնակիչ 1992 թ.-ին ծնված Արման Շահինյանը բոտուլիզմի թունավորումով տեղափոխվել է Վանաձորի թիվ 2 հիվանդանոց, որտեղից էլ` Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր գնահատելով` բժիշկները նրան նույն օրը ուղարկել են Երևանի «Էրեբունի» հիվանդանոց:

Արմանն այժմ «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է: Ըստ բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանի` նրա վիճակը շարունակում է ծանր մնալ: Արմանն արհեստական շնչառություն է ստանում: Արմանից բացի բոտուլիզմով թունավորվել են նաև նրա ընտանիքի անդամներից երկուսը` մայրն ու տատիկը:

Արմանի մայրը` Ալվարդ Հովսեփյանը, որդուն խնամելու նպատակով, նրա հետ որպես ուղեկցող գնացել է «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ էլ ինքնազգացողությունը վատացել է, և Ալվարդ Հովսեփյանը հոսպիտալացվել է: Այժմ նրա վիճակը բավարար է գնահատվում: Իսկ տատիկի` Ռիմա Համբարյանի թունավորումը հայտնաբերել են Պետական հիգիենիկ հակահամաճարակային Լոռու մարզային կենտրոնի աշխատակիցները` դեպքի օջախ այցելելով և նրան անկողնում պառկած գտնելով:

Ռիմա տատիկն իրեն վատ է զգացել, բայց բժշկի չի դիմել. «Ասի մրսել եմ հալբաթ` մաղձ եմ թափում».-ասում է Ռիմա տատը: Բացի այդ, ընտանիքի բոլոր անդամները Արմանի մոտ Երևան էին գնացել` Ռիմա տատիկի` հոգեկան շեղումներով մյուս որդուն թողնելով նրա խնամքի տակ. «Ոնց թողնեի նրան»,-բացատրում է նա: «Տատիկին համոզեցինք, վախացրինք, որ ծանր հիվանդություն է` չնայած նրա վիճակը այդքան վատ չէր»,-ասում է բժիշկ-հիգիենիստ Մարիաննա Վարդումյանը:

Մեծ դժվարությամբ տատիկին համոզելուց հետո նոյեմբերի 12-ին տատկը զանգել է շտապօգնություն և տեղափոխվել հիվանդանոց: Նոյեմբերի 16-ին արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Ընտանիքը թունավորվել է պահածոյացված կարմիր պղպեղից. «Ձեթով փակած կարմիր բիբար էր, էս տարվա փակած էր».-ասում է Ռիմա տատը: Նրա պատմելով` Արմանը կարմիր պղպեղ շատ է սիրում: Այդ օրը բացել են կարմիր պղպեղի մի տարա, որից կերել են Արմանն ու մայրը, տատը «քիչ է կերել` կես բիբար»: Արմանի մեծ եղբայրը հոտ է զգացել և զգուշացրել, «համ ա գալիս, տատի, միք ուտի»: Այդ տարան թողել են, ուրիշն են բացել: Տան մյուս անդամները երկրորդ բացված տարայից են կերել: Նրանցից ոչ մեկի մոտ կասկածելի երևույթներ չեն նկատվել:

«Էնքան էդ մանրէն կավարնի ա, շատ դեպքերում չի փոխում համը, հոտը: Ուրեմն այդ տարայի մեջ ուրիշ պրոցեսներ են ընթացել, որ համի փոփոխություն է եղել»,-ասում է բժիշկ Մարիաննա Վարդումյանը Բոտուլիզմով թունավորման նախանշաններն են` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, փսխում, ստամոքսաաղիքային տրակտի խանգարումներ: Բժշկի փոխանցմամբ` հիվանդության երկրորդային փուլն է վտանգավոր, երբ խանգարվում է նյարդային համակարգը. այս դեպքում նկատվում են այլ երևույթներ` աչքերի դեմ մշուշ, երկտեսություն, կլման ակտի խանգարում:

Փակվում է շնչառական կենտրոնը. մահը վրա է հասնում շնչառության անբավարարությունից: Հարուցիչը փոխանցվում է հողի հետ շփվող պտուղ-բանջարեղենից: Ուստի` բժիշկը խորհուրդ է տալիս պահածոյացվող պտուղ-բանջարեղենը լավ լվանալ հոսող ջրի տակ, որը, ըստ նրա, «ամեն մեկին հասու չէ հիմա»: Երկրորդ` պետք է շատ երկար ստերիլիզացնել: Բայց տնային պայմաններում 100% ստերիլիզացում հնարավոր չէ: Դա կարելի է անել միայն գործարանային պայմաններում` բարձր ջերմաստիճանում և բարձր ճնշման տակ: Բայց, ամեն դեպքում, բժկի համոզմամբ, «ճիշտը չփակելն է»:

«Սոցիալապես անապահով ընտանիք են: Իրենց կենցաղային պայմաններն էնպիսին էին, որ հնարավոր էր պահածոյի միջոցով թունավորում»,-ասում է Շահինյանների կենսապայմաններին ծանոթ բժիշկը:

Բժշկի խոսքով` բոլոր դեպքերում բոտուլիզմը ծանր հիվանդություն է` ծանր ելքով, եթե համապատասխան մասնագիտացված օգնություն չցուցաբերվի: Եվ նույնիսկ թեթև նախանշանների, օրինակ սրտխառնոցի դեպքում, պետք է դիմել բժշկի: Տնային պայմաններում անհնար է պայքարել հիվանդության դեմ. բոտուլիզմից մահացությունների մեջ գերակշռում են տնային պայմաններում բուժման դեպքերը: Մահվան ելքով բոտուլիզմի վերջին դեպքը Վանաձորում գրանցվել էր 2008-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter