Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարզաբանումները` բանակի թեմայով քննարկման վերաբերյալ
Նկատի ունենալով այն, որ «Սիվիլիտաս» հիմնադրամի կողմից նոյեմբերի 15-ին բանակի թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ բարձրացված որոշ հարցեր ժամանակի սղության պատճառով ամբողջական պատասխաններ չեն ստացել, և այդ քննարկումը հասարակական հնչեղություն է ստացել` ստորև ներկայացնում եմ հավելյալ պարզաբանումներ.
«ՀՀ պաշտպանության նախարարությունը վարում է թափանցիկ պաշտպանական քաղաքականություն:
ՀՀ զինված ուժերի նկատմամբ գործում են ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմներ, որոնց մեջ առանձնահատուկ դեր ունեն Ազգային ժողովը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կառույցները:
Այդ մեխանիզմները աստիճանաբար ավելի են ընդլայնվում ու կատարելագործվում` հանդիսանալով պաշտպանական բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկը:
Սակայն թափանցիկությունը չի նշանակում, որ ցանկացած քաղաքացի կամ քաղաքացիական խումբ կարող է ազատորեն իր տրամադրության տակ ունենալ ազգային անվտանգությանը վերաբերվող այնպիսի տեղեկություններ, որոնցով կարող է որոշել պաշտպանական բյուջեի ծախսերի նպատակահարմարությունը:
ՀՀ պետական բյուջեն` պաշտպանական ծախսերի մասով, անցնում է բոլոր գործընթացները, որով անցնում են ՀՀ այլ պետական կառույցների բյուջեները. քննարկումներ է անցնում ՀՀ ֆինանսների նախարարությունում, ՀՀ վարչապետի մոտ, Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովներում, իսկ կատարման ընթացքում պարբերաբար վերահսկվում է ոչ միայն պաշտպանության համակարգում գործող ներքին վերահսկիչ ծառայությունների, այլ նաև արտաքին` ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողության և ՀՀ վերահսկիչ պալատի աուդիտների միջոցով:
ՀՀ ԶՈՒ կարիքների համար ձեռք բերվող ապրանքների ցանկը և կնքվող պայմանագրերը ուսումնասիրվում և հավանության են արժանանում համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից:
Ճիշտ է` Ազգային ժողովում պաշտպանական ծախսերի քննարկումները փակ են, սակայն կարծում եմ` դա օրինաչափ երևույթ է: Մեզանում բանակի վերաբերյալ սրտացավ քննարկումներ նախաձեռնողները կարո՞ղ են արդյոք բերել մի օրինակ, երբ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում գտնվող որևէ երկիր, որի զինված ուժերի 80%-ը մարտական հերթապահություն են իրականացնում և գտնվում է պարտադրված տեղեկատվական պատերազմի մեջ, իսկ նրա պաշտպանական բյուջեի ծախսերի նպատակահարմարությունը քննարկվում է այդ երկրի որևէ հասարակական կազմակերպության խորհրդի նիստում:
Պատկերացնու՞մ եք, եթե որևէ քաղաքացի ՀՀ պաշտպանության նախարարությանը մեղադրի տեղեկատվություն ստանալու իր իրավունքը սահմանափակելու մեջ` պահանջելով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների, նրանց տեղակայման վայրերի, կազմի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ:
Գոյություն ունեն վերլուծության տարրական մեթոդներ, որոնք նման տեղեկությունների միջոցով բանակի տարբեր ոլորտների վերաբերյալ հավաստի եզրահանգումներ կատարելու հնարավորություններ են տալիս:
Արդյո՞ք պետական և հասարակական շահը պահանջում է, որ նման տեղեկությունները հասու լինեն մեր հակառակորդին: Կարծում եմ` հասարակական շահը և հասարակության անվտանգությունը գերակա պետք է լինի որևէ անհատի կամ կազմակերպության շահերի ու հետաքրքրությունների համեմատ: Չեմ կասկածում, որ մեր քաղաքացիների գերակշիռ մասը հենց այդպես է մտածում:
Հանրային իրազեկման և մարդու իրավունքների ոլորտներում համագործակցություն է իրականացվում միջազգային կազմակերպությունների, միջազգային և հայաստանյան հասարակական կառույցների հետ:
ՀՀ պաշտպանության նախարարության համար ընդունելի են բոլոր կառուցողական առաջարկությունները: Ամենաթարմ օրինակը ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ «Աջակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին` զինված ուժերի առավել արդյունավետ քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու գործընթացքում» ծրագիրն էր, որն իրականացվել է «Հանդուրժողականության կենտրոն» գիտական հասարակական կազմակերպության կողմից ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ:
Ինչ վերաբերում է արտերկրի բարձրագույն ռազմակրթական հաստատություններում 2005-2010թթ. ուսանած ՀՀ ԶՈՒ սպաների թվաքանակին, ապա կարող եմ նշել, որ նրանց թիվը շուրջ 800 է:
Տարբեր երկրներում ուսում ստացած զինծառայողները, վերադառնալով Հայաստան, իրենց զինվորական ծառայությունը շարունակում են մասնագիտական բարձր պատրաստվածությամբ ու նպաստում զինված ուժերի համակողմանի զարգացմանը:
Արտերկրում ուսում ստացած զինծառայողների` Զինված ուժերից զորացրման դեպքերը հատուկենտ են, իսկ ներկայացված թիվն ինքնին անիմաստ է դարձնում այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ շահարկումները:
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կառուցվող շենքերի բնակիչների ցուցակների վերաբերյալ շահարկումները նույնպես անհիմն են, քանի որ դրանք կարելի է ձեռք բերել բաց աղբյուրներից:
Նման ցուցակներ գոյություն ունեն համայնքներում, ընտրական հանձնաժողովներում, ՀՀ ոստիկանությունում և այլն:
Իսկ ինչ վերաբերում է քննարկման ժամանակ հնչած այն տեսակետին, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին բնակարանների տրամադրումը տեղի չի ունենում թափանցիկության մթնոլորտում, տեղեկացնում եմ, որ գոյություն ունի հերթացուցակ, և բնակարանի հերթագրված յուրաքանչյուր զինծառայող քաջատեղյակ է հերթացուցակում իր տեղի վերաբերյալ:
Այդ բնակարանները միանգամից սեփականության իրավունքով չեն նվիրաբերվում, դրանք ծառայողական բնակարաններ են, և զինծառայողի ծառայության վայրի փոփոխության դեպքում հանձնվում են այլ զինծառայողի:
ՀՀ պաշտպանության նախարարությունում իրականացվող բարեփոխումների արդյունքում հանրային իրազեկումը աստիճանաբար ավելի բարձր մակարդակի է լինելու, սակայն այն երբեք չի անցնելու խելամտության ու թույլատրելիության սահմանը»:
Պաշտպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել