
Նոյեմբերի 17-ին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի շարժակազմի ծառայության վարչության պետ Ռոմիկ Ստեփանյանը, նույն վարչության պետի տեղակալ Արամ Եդիգարյանը եւ Երկաթուղայինների արհմիության նախագահ Աշոտ Խլղաթյանը ժամանել էին Սանահինի երկաթուղային դեպո` ՀԿԵ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շ. Շայդուլինի թիվ 189/Ն հրամանով հաստատված նոր հաստիքացուցակները ներկայացնելու:
«Ես սիբիրյան դպրոց անցած մարդ եմ եւ կարծում եմ` ցանկացած նորմալ մարդ, նկատի ունեմ ցանկացած չինովնիկ, մինչեւ հրամանը ստորագրելը, պետք է եւ պարտավոր է անել ամեն ինչ, որպեսզի հրամանը ճիշտ լինի: Բայց երբ հրամանը ստորագրվում է, ես` որպես չինովնիկ, պարտավոր եմ անել իմ ֆունկցիոնալ պարտականությունները, որը կապահովի այդ հրամանի կատարումը»,- մինչ դեպոյականների հետ հանդիպումը լրագրողներին ասաց Ռոմիկ Ստեփանյանը:
Դահլիճում հավաքված Սանահինի երկաթուղայիններին նա բացատրեց. «Եթե խոշորածավալ ենք նայում իրավիճակին, ապա երկաթուղու պետի կողմից ստորագրված 2 հրամաններով` 189 եւ 200, վերացվում է «Սանահինի լոկոմոտիվային դեպո» կազմակերպությունը, եւ նրա բազայի վրա ստեղծվում են 2 ձեռնարկություններ. առաջինը` Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի կազմում` Սանահինի շրջադարձային դեպոն, եւ արտադրական ծավալների մակերեսների վրա` Սանահինի գծի մեքենայացված ուղեմաս ձեռնարկությունը:
Սանահինի լոկոմոտիվային դեպոյում աշխատում է 134 մարդ` ամսական 12,4 մլն դրամ աշխատավարձի ֆոնդով: Նոր ձեռնարկությունները` Սանահինի շրջադարձային դեպոն, նախատեսում են ունենալ 76 աշխատակից` ամսական 6,4 մլն դրամ աշխատավարձի ֆոնդով, Սանահին մեքենայացված գծի ուղեմաս ձեռնարկությունը` 70 աշխատողով` ամսական 6,1 մլն դրամ աշխատավարձի ֆոնդով:
Իմ տեղեկատվության համադրումից ստացվում է, որ 134 աշխատատեղի փոխարեն Սանահինում ստեղծվում է 70+74` 144 աշխատատեղ, այսինքն` 10 աշխատատեղ ավելին, քան այսօր եղածը, եւ մոտ 800 000 դրամ ամսական լրացուցիչ աշխատավարձի ֆոնդով: Սա է իրականությունը»,- ասաց Ռոմիկ Ստեփանյանը:

Նա ներկայացրեց նաեւ շրջադարձային դեպոյի հաստիքացուցակը, այն է` շրջադարձային դեպոյի պետ` Գյումրիի լոկոմոտիվային պետի տեղակալի իրավունքներով, հրահանգիչ, 17 էլեկտրաքարշային բրիգադ, 8 ջերմաքարշային բրիգադ, դեպոյի 4 հերթապահներ եւ օպերատոր: Կպահպանվեն Սանահինի հանգստի տան եւ Այրումի հանգստի տան հաստիքները, ընդհանուր առմամբ` 76 աշխատատեղ: Գծի մեքենայացված ուղեմաս ձեռնարկության 70 աշխատողների թվում են հիմնականում ձեռնարկության ապարատի 7 աշխատողները, կան նաեւ արտադրամասեր` հատուկ նշանակության մեքենաների շահագործման, վերանորոգման, տեխնիկական սպասարկման նպատակով, եւ 19 հոգուց բաղկացած գծամաս, որը պետք է զբաղվի հատուկ նշանակության մեքենաների աշխատանքի ապահովման, գծի տնտեսության պատրաստման, դրանց նորմալ աշխատանքի ապահովման հարցերով:
Դեպոյականները Ռոմիկ Ստեփանյանից պահանջեցին առանձին-առանձին ներկայացնել սահմանված հաստիքները` ով ինչ պարտականություն ունի եւ որքան ժամանակ պիտի աշխատի: Ռոմիկ Ստեփանյանը պատասխանեց, որ եթե խոսքը վերաբերում է էլեկտրաքարշերին, բրիգադներին, ապա 17 բրիգադներն ինչպես կան, այնպես էլ մնում են նոր հաստիքացուցակում, այսինքն` մեքենավարների հետ կապված խնդիրներ չեն ծագի, որովհետեւ նույն ձեւով պահպանվում է նաեւ ջերմաքարշերի 8 բրիգադը:
«Ինչ վերաբերում է մնացած աշխատողներին, որոնք, եթե էդ 134-ը բացենք, բացի էս ասածս ընկերներից, Սանահինի հանգստի տան Այրումի աշխատատեղերը պահպանվում են` պրոբլեմներ չեն լինի: Ես ազնվորեն եմ ասում, որ ինձ խիստ անհանգստացնում է Սանահինի լոկոմոտիվային դեպոյի ադմինիստրատիվ աշխատակիցների ճակատագիրը: Եթե հիշենք, որ նրանք, բացի պետից եւ 2 տեղակալներից, կանայք են, բնական է, որ նրանց չես կարող առաջարկել փականագործի կամ գծի ուղեմասի բանվորի աշխատանք, այս խնդիրը ինձ շատ է անհանգստացնում, քանի որ նոր կազմավորվող շրջադարձային դեպոյում ընդհանրապես չի նախատեսված հաշվապահություն, տնտեսագետի, գանձապահի աշխատանք, ընդամենը 1 հաստիք կա` հաշվապահի: Այսինքն, իմ հաշվարկներով` մոտ 5 կին, ամենայն հավանականությամբ, կորցնում է աշխատատեղը»:
Ռոմիկ Ստեփանյանը նրանց հետագա անելիքների մասին դժվարացավ կարծիք հայտնել, սակայն համոզմունք հայտնեց, որ հարցն այդպես չի թողնվի: Մյուս բոլոր աշխատողներին կառաջարկվի աշխատանք: «Այստեղ կառաջանա անձի խնդիրը` ինքը կհամաձայնի՞ ընդունել առաջարկվող նոր աշխատանքը»,- ասաց Ռ. Ստեփանյանը:
Դեպոյի մեքենավար Սեյրանը Խեչիկյանը Ռոմիկ Ստեփանյանին խնդրեց բառացիորեն բացատրել, թե ինչ է նշանակում շրջադարձային դեպո: Ռոմիկ Ստեփանյանը ներկայացրեց հրամանով շրջադարձային դեպոյի վրա դրված պարտականությունները. «Ասեցի, որ դառնում է Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի տեղամաս, իր վրա պետք է կրի հետեւյալ ֆունկցիաները` համակարգել, կառավարել, ապահովել Սանահինի լոկոմոտիվային բրիգադների աշխատանքը»:
Մեքենավար Սեյրանը կրկին հարց ուղղեց Ռ. Ստեփանյանին. «Կոնցեսիոն պայմանագրով որոշված է, որ մինչեւ պայմանագրի վերջը պայմանագրային ոչ մի փոփոխություն չի լինելու: Ինչպե՞ս հասկանանք այս փոփոխությունները»: «Նորից եմ կրկնում` մեքենավարների, մեքենավարների օգնականների աշխատանքային պայմանագրերի հետ կապված ոչ մի փոփոխություն չի լինում»,- բացատրեց Ռ. Ստեփանյանը:
Ակնհայտ էր, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի շարժակազմի ծառայության վարչության պետի նյարդերը տեղի էին տալիս: Տեղի էին տալիս նաեւ երկաթուղայինների նյարդերը: Վրդովված դեպոյականների անունից մեքենավար Սեյրան Խեչիկյանը հայտնեց հաստիքացուցակներին իրենց անհամաձայնությունը, եւ շուրջ 200 երկաթուղայիններ, որպես բողոքի արտահայտություն, լքեցին դահլիճը` հայտարարելով, որ Սանահինի լոկոմոտիվային դեպոյի լուծարման դեմ պայքարը շարունակում են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել