ՀԴՄ կտրոններով կխաղարկվեն ավտոմեքենաներ
ՀԴՄ յուրաքանչյուր վիճակահանությանը կտրամադրվի 10 ավտոմեքենա
Կառավարությունն այսօրվա նիստում էական փոփոխություններ և լրացումներ է կատարել հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին որոշմամբ հաստատված կարգի մեջ։ 2011թ. հունվարից ՀԴՄ կտրոնների վիճակահանության արդյունքում շահող կհամարվեն ՀԴՄ այն կտրոնները, որոնց հատուկ համարի 2 և ավելի նիշերն առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ կհամընկնեն վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին։
Որոշմամբ նախատեսվում է յուրաքանչյուր վիճակահանության ժամանակ խաղարկել տասը ավտոմեքենա, այդ թվում` ութ և յոթ նիշերի համընկմամբ հատուկ համար պարունակող շահումների դեպքում տրամադրել մեկական ավտոմեքենա և համապատասխանաբար 1 մլն և 100 հազար դրամ պարգևավճար, իսկ ավտոմեքենաների չսպառված քանակները տրամադրել համապատասխանաբար վեց և հինգ թվերի համընկմամբ շահած` կտրոնի առավելագույն գործարքի արժեք ունեցող կտրոն ունեցող անձանց։
6, 5, 4, 3, 2 թվերի` առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ շահողները համապատասխանաբար կստանան հիսուն հազար, քսան հազար, հինգ հազար, երկու հազար, հինգ հարյուր դրամ։
Որոշման համաձայն դադարեցվում է վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակի դիմաց բոնուսների վճարումը։ Դրա փոխարեն նախատեսվում է, որ 2011թ. հունվար ամսվա վիճակահանությանը կմասնակցեն նաև 2010թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին տրամադրված ՀԴՄ կտրոնների հատուկ համարները։ Այդ կապակցությամբ 2011թ. հունվար ամսվա վիճակահանությանը կհատկացվի երեսուն ավտոմեքենա։
Կառավարության մամուլի կենտրոնում պարգևավճարների և բոնուսների մասին որոշման նախագծի մասին պարազաբանումներ է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Նրա հավաստմամբ, գործող կարգում էական փոփոխություններ են առաջարկվել, որոնք դասակարգվում են չորս մասի: Առաջինը` շահող թվերի քանակը եթե նախկինում համարվում էր չորսը և ավելին, ապա այժմ առաջարկվում է շահող թիվ համարել երկրորդից սկսած մինչև ութերորդ և հակառակ ուղղությամբ այսինքն` ութերորդից մինչև երկրորդ:
«Եթե այդ թվերից և ոչ մեկը չշահի, ապա այն կխաղարկվի 6 թվերի միջև, 5 թվերի միջև: Այնքան, որ այդ ավտոմեքենաները գտնեն իրենց հասցեատերերին: Այսինքն` ավտոմեքենանրը պարտադիր խաղարկվելու են: Եվ սա նախատեսված է իրականացնել բոլոր ամիսներին»,- երկրորդ փոփոխության մասին նշել է նա: Երրորդ և ամենակարևոր փոփոխությունը, որ կատարվել է համակարգում, ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի, դրամի տեսքով քաղաքացիներին տրամադրելու գործընթացն է: Անցած տարի տրամադրվում էր գումարի երեք տոկոսը:
Այս տարվա հունվար ամսից սկսած` մեկ տոկոսը, որը սակայն նվազ չէ քան հարյուր հազար դրամը: Այս որոշման նախագծով առաջարկվում է չորրորդ եռամսյակի` հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, ինչպես նաև 2011 թվականի համար այդ հավաքած կտրոնների համար խաղարկել տասական ավտոմեքենա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել