HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բիզնեսի բեռը կթեթևանա՞

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել 2009թ. մայիսի 29-ի «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» N 594-Ա որոշման մեջ, երկարաձգելով տեսչական ստուգումների ժամանակավոր կասեցման արգելքի ժամկետը։ Միաժամանակ որոշումը լրացվել է նոր բովանդակությամբ, ըստ որի` ստուգումների կասեցման արգելքը վերանում է ստուգում իրականացնող այն մարմինների համար, որոնցում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրման ավարտը հաստատվել է Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի կողմից։ Տեսչական ստուգումների կասեցման երկարաձգում նախատեսող որոշմամբ նախատեսվում է կասեցումը դադարեցնել այն տեսչությունների մասով, որտեղ կավարտվի ռիսկի վրա հիմնված ստուգումների ներդրման գործընթացը։ Նշված համակարգով տեսչական ստուգումները չեն կարող բիզնեսի համար հանդիսանալ այնպիսի բեռ, ինչպիսին հանդիսանում են ներկայումս։ Սպառողների անվտանգության առաջնայնությունն ընդգծելու նպատակով որոշման մեջ ներառվել է բացառություն` անձի իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովման դեպքերի մասով, որոնք գտնվելու են գործադիրի ղեկավարի անմիջական հսկողության ներքո։ Ինչպես տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը, կարևորելով որոշման ընդունումը` վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Այս հարցը մտահոգում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին, ովքեր մի քանի անգամ դիմել են ինձ այն մասին, որ հունվարի մեկին լրանում է փոքր և միջին ձեռնարկություններում տեսչական ստուգումներ իրականացնելու արգելքը, և այս որոշումով մենք տալիս ենք հստակ պատասխան. 10-ից ավելի տեսչական մարմինները ո՞ր պարագայում է, որ փոքր և միջին ձեռնարկություններում ստուգումներ իրականացնելու հնարավորություն են ստանալու։ Մոտեցումը շատ հստակ է. այն տեսչական կառույցները, որոնք անցնելու են ռիսկերի վրա հիմնված տեսչական ստուգումների բարեփոխումների այն ծրագրով, որը մենք ձեզ հետ միասին հաստատել ենք և որի շրջանակներում ստանում ենք լրջագույն տեխնիկական օժանդակություն։ Դա խթան կլինի, որ տեսչական ռեֆորմները մեզ մոտ ավելի արագ ընթացքով առաջ գնան։ Եվ մենք նաև կնվազեցնենք այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք ձեզ հետ միասին բացահայտում ենք այդ ոլորտներում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter