HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղացի աղջիկ եմ, էնքան գյուղացի, որ ամեն անգամ Երևանում երթուղային տաքսի նստելիս քիչ է մնում ասեմ` Բարև Ձեզ

Իմ ժամանակների համար վատ էլ ուսում չեմ ստացել. համալսարանական կրթություն ունեցողներին վախտին կուսշրջկոմի բյուրոյով էին աշխատանքի ընդունում, իսկ աղջիկ ուզելու համար էդ ամենամեծ պլյուսներից մեկն էր: Այլ երկրներում էլ եմ եղել, մի դյուժին դասընթացի ու սեմինարի մասնակցել, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցել, բայց էլի գյուղացի եմ մնացել. էնքան գյուղացի, որ չեմ հավատում, թե տեղեկատվության տարածման ամենամոլեռանդ հեղափոխականներն օդնակլասնիկն ու ֆեյսբուքն են, որովհետեև ամեն անգամ իմ ընկեր Սեյրանը, որ 25 հազար դոլար վարկ էր վերցրել կով առնելու համար...

հիմա սեփական տանը վարձով է ապրում, տղան էլ 3 տարի է, բանակից եկել է, բայց բանակ ճանապարհելու քեֆի փողը դեռ Անդոյին պարտք է ու էդպես էլ գլխի չի ընկնում, ինքն է մեղավոր, որ վստահեց բանկին, թե էստեղ ուրիշ բան կա... Ուզում ես հազար ասա, որ երևաններում էդ մասին շատ են խոսում, համ էլ թերթերն են գրում. մտածում է, որ մխիթարում եմ, իսկ ինքը չի կարող քաղաք գալ, որովհետև  մնացած 3-4 կովն ամեն օր հանդ է տանում: Նրա համար էս աշխարհի ճիշտ ու սխալի մասին մենակ մի տեղից կարող ես իմանալ. ժամը 9-ի Հայլուրից, ոչ միայն նրա համար, որ իրենց տելեվիզորը մենակ էդ ալիքն ա բռնում, այլ, որ էդ կանալով խոսող մարդկանց բոլորին ինքն արդեն անգիր ճանաչում ա ու, որ նրանց լսում ա, հավատում ա, որ մի օր անպայման ինքն էլ տնվոր չի լինելու իր տանը, մենակ ինքը չի հավատում, կնիկը` Հեղուշն էլ պատրաստ ա ուրիշ ալիքների սերիալի հերթական մասը զոհաբերի, մենակ լսի, թե երկրագնդի վրա գոյություն ունեցող թե չունեցող որ երկրի հետ համեմատած ենք քաղցր չայ խմելով առաջ անցել, թեպետ էլ ո՞վ ա թողում, որ էրեխեքը պանիր-հացով քաղցր չայ խմեն, պանիր կա՞, որ, սկի թողու՞մ են, որ մառլի միջից հանես, թռցնում են Երևան, ասում են էնտեղ էլ էնպիսի խանութներում են ծախում, որտեղ էժանով տալն ամոթ ա, ու նիսյայի տետր էլ չեն պահում: Որ գյուղացի չմնայի, կկարայի ընկերոջս բացատրել, թե ինչու է պանիրն արդեն մենակ հղի կնոջ սիրտուզելիք դարձել, բայց նրա Մայրանգուլ կովի կաթը նույն գնով են առնում: Կհասկանայի, թե ոնց են մարդ ու կնիկ հավատում, որ 2.5 հազար դրամ թոշակ ավելացնելով` կարելի է մի քիչ էլ քաղաքացու նման ապրել: Ոնց չհավատան, վերջին անգամ, որ գյուղի ֆերմայում էր աշխատում, կոմսոմոլի պլենում ուղարկեցին, էն ժամանակ ա Երևան գնացել, չգնաց է~, վիլիսով տարան, բերեցին, ճամփի հացն էլ Հեղուշը սարքեց, բայց էնքան էր ուրախացել, որ կարաց նաև Վալոդին տեսնի:

 Ասում են` հիմա Վալոդը էլ Էրևան չի ապրում, ջհանդամը, թե չի ապրում, ապրեր էլ, հիմա ո՞վ նրա արևով կերդվեր: Էս ամենը, ի սեր աստծո, չեմ կարող ընկերոջս բացատրել, որովհետև ես նրա համար ճիշտը գրող եմ, որովհետև գյուղատնտեսական թերթ եմ խմբագրում (չէ ու մի չէ Մարկ Տվեն), ու կարևորն էն է` իմ թերթում կարդա, թե կովն ինչից ա մաստիտով վարակվում, կամ խոզերը երբ կճիճվաթափեն: Կարևորը, ըստ նրա, էն ա, որ իրա դասարանցին թերթի խմբագիր ա, ու մտքովն էլ չի անցնում, որ ես գյուղացի աղջիկ եմ մնացել ու վերջը մի օր պիտի՞ անջատեմ նրա ունեցած-չունեցած հեռաուստացույցի մի ալիքն ու դեմ տամ իմ գրած հոդվածը` կաթի երևի մշտական դարձած գնի, ամերիկաներից ստացած վարկերի, ինքն իրեն տնվոր կարգելու, բանակից վերադարձած տղայի` ծիծակ կոշիկ հագնելու չիրականացած երազանքի մասին... Պարզվում է, որ չեմ կարող գրել, որովհետև էնքան գյուղացի եմ, որ գլխի չեմ ընկնում, որ կազեթն անբուժելի հիվանդ ա, ապրելու էլ կյանք չունի, ու կարող ա մի օր էլ գործի գնամ, տեսնեմ կազեթիս մեյիդի կափարիչը կաբինետիս դռանը դեմ տված: Ի~նչ պիտի անեմ, շատ-շատ իջնեմ առաջին հարկ, զագսի վարիչին խնդրեմ, որ տարիքս փոքրացրած ծննդյան վկայական տա, որ գոնե մի տեղ թղթակցեմ ու գլուխս պահեմ, բայց դե ինձ նման գյուղացի աղջկան ո՞վ գործ կտա, կասեն` ոչ բլոգատեր ես, ոչ ֆեյսբուքում կաս, սկի նոթբուք էլ չունես, հեռախոսդ էլ Արմենթելի 1 դրամանոցից ա, ինտերնետ էլ չի բռնում: Իմ ընկեր Մեսրոպը, որ տարիներ առաջ էլի գյուղացի էր, քաղաք գնաց, կարգին պաշտոններ զբաղեցրեց, հետո էլ որոշեց, որ իրեն ամենահարազատն ազատ խոսքի համար կռիվ տալն է: Նա էլ գիտի, որ գյուղացի աղջիկ եմ, դրա համար ամեն անգամ խնայելով ու ներողամտաբար փորձում է ակնարկներ անել, որ իզուր եմ տառապում, թե գյուղերի մարդիկ էլ իրավունք ունեն էս աշխարհի թաց ու չորի մասին իմանալու, համ էլ կարող ա մի խելոք բան էլ իրենք ասեն: Չէ, Մեսրոպն էլ դեմ չի սրան, մենակ թե նրա խոսքով թերթի դարն էնքան ա անցել, որ  Երևանում շատ սիրուն մի միջոցառման ժամանակ վերջերս ֆիլմ էին ցուցադրում, որտեղ լսում ես, թե թերթը չի մեռնի, քանի որ կլպած կարտոշկան տելեվիզերով չես փաթաթի: Ու դրա համար մարդիկ ծափ են տալիս, չէ, գյուղացիները չէ, նրանց համար երևի մեկ ա, որովհետև գիտեն, որ հնար լինի` էդ տեխնոլոգիաներով հեռախոսով փող էլ կստանան սուրգուտներից, մեկ ա, աշխարհի ամենալավ բաները Հ1-ն ա ասում, որովհետև մենակ նա ա մխիթարում, թե ամեն ինչ լավ ա, իրանք էլ հավատում են: Կամ կարո՞ղ ա, վատ ա. կարո՞ղ ա նոր տարուն սեղանին բանան չդնեն, Վալոդի վախտով բանանի անունն ո՞վ գիտեր կամ ո՞վ իրավունք ուներ խոսեր, թե Աֆրիկայում սենց համով բան էլ կա, մեր երկրում չկա: Հիմա մեր երկրում ամեն բան էլ կա, տո բանան էլ, ջհանդամը թե կիլոն 300 դրամ, կարտոլ էլ, այ մարդ, էփած ճաշ էլ են ծախում, սրանից էլ լավ երկիր: Համ էլ իրենք լվացքի ավտոմատ մեքենա էլ ունեն, բա~: Ինչ գործ ունեն աշխարհի, կյանքի մասին ավելի շատ բան լսեն, աչքը փակ, ականջը խուլ կյանքը ու՞մ կտան, հանգիստ Հ1 են նայում ու սկի չեն էլ նախանձում, թե էրևաններում ուրիշ կյանքով են ապրում: Գիտե՞ն, որ նախանձեն, լսում ե՞ն, տեղյակ ե՞ն, ու երևի լավն էլ էդ ա, որովհետև, կարող ա շեֆս ճիշտ ա ասում, որ բարի նախանձ չկա, նախանձի բարին որն ա. մեկ էլ տեսար, իրենք էլ ուզեցին լավ ապրել... կամ էլ գիշերները վախից վեր կթչեն. էնքան ավարյայի  ու արյունոտ դանակի նկարներ կտեսնեն: Առանց էն էլ մի օրի չեն, հեռախոսներն էլ են անջատել, որ բանկից չզանգեն ու վարկի տոկոսներն ուզեն: Ու քանի Մեսրոպն էլ չի հավատում, որ կազեթը կարա իմ ընկեր Սեյրանի աչքերը բացի, ես մեկ է, գյուղացի եմ մնալու: Տեղ գյուղում հարյուր տարի մարդիկ ջուր չունեին. վերջը մի օրհնվածի շնորհքով վերջերս ջրատար են կառուցել, կանայք էլ կժով ջուր չեն կրում, բայց դժգոհում են. «Մի տեղ կար, որ հավաքվում էինք, դեսից դենից խոսում, մի բան իմանում էս աշխարհից` գյուղամիջի աղբյուրն էր, էն էլ կտրվեց»: Էստեղ են ասել` լավություն անողի գլխարկը ծակ ա. էսպես էլ նոր տեխնոլոգիաների զարգացման մասին են խոսում, բայց ես շարունակում եմ գյուղացի մնալ. կարող ա՞ անգլերեն չգիտեմ, դրանից ա...

Հ.Գ. Կներեք, ընկեր Հայկուշ, որ Ձեր սովորեցրած հայերենը թողած` այս անգամ էլ այսպես ստացվեց: Բա որ ասում եմ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter