Գյուղացիներն ունեզրկվում են
Բանկերը դատարան են մտնում բռնագանձման պահանջով
Այս տարվա ընթացքում Ալավերդու 5 բանկ վարկառուների դեմ բռնագանձման պահաջով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրել է 116 հայց, որից 97-ը «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն:
Այս բանկի բռնագանձման հայցերի արդյունքում դատարանում որպես պատասխանողներ ներգրավված է 485 հոգի, որոնց թվում նաև` վարկառուների երաշխավորները, ովքեր պայմանագրով բանկի առաջ ստանձնել են պարտավորություն` մարել վարկառուի չմարած վարկի մնացորդը: Ուստի, նրանք դատարանում կրում են վարկառուին հավասար պատասխանատվություն: «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Արսեն Պետրոսյանը Թումանյանի տարածաշրջանի վարկառուների դեմ բռանագանձման հայցերի նման մեծ քանակությունը բացատրում է տրամադրվող վարկերի մեծ ծավալներով. «Մենք աշխատում ենք հանրապետության 745 համայնքներում, այդ թվում արդեն մոտ 10 տարի աշխատում ենք Ալավերդիում և Թումանյանի տարածաշրջանի համայնքներում: Հիմնականում տրամադրում ենք գյուղատնտեսական վարկեր»: Բանկի Ալավերդու մասնաճյուղի կողմից 4073 վարկառուին տրամադրված ընդհանուր գումարը գրանցման պահից` 2009թ.-ի մարտի 1-ից, մինչ օրս կազմել է 1 միլիարդ 95 մլն դրամ: Այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ մասնաճյուղի վարկային պորտֆելը կազմում է 520 մլն 850 հազար դրամ` 1368 վարկառուով: Այս գումարի 45,4 տոկոսը` 236 մլն 495 հազարը, գյուղատնտեսական վարկերն են: «Հետքի» հետ զրույցում Արսեն Պետրոսյանը պնդում էր, թե գյուղատնտեսությունը` որպես առևտրային գործունեության տեսակ, ի սկզբանե չի գրավել բանկերին, քանի որ «ռիսկային է ու ծախսատար, ապահովագրական համակարգ գոյություն չունի, և մեծ եկամտաբերություն չի ապահովում»: Վարկ վերցնելը թումանյանցիներից շատերի համար պարզապես գոյության պահպանման խնդիր է հետապնդել: Այս պայմաններում բանկը գյուղացիական վարկերի տոկոսադրույքները սահմանելիս զուսպ չի եղել: Ըստ Ա. Պետրոսյանի` գյուղատնտեսական վարկեր մինչ օրս բանկը տրամադրում է 16%-ով, սակայն բանկի 20 վարկառուի շրջանում մեր հարցումներից պարզվեց, որ 16 տոկոսով վարկ ստացել է միայն մեկ հոգի. մնացածներն այն ստացել են 24 տոկոսով: Դատարան ներկայացված բանկի բռնագանձման հայցադիմումների ուսումնասիրությունները փաստում են, որ վարկառուներին, վնասների հատուցման քողի տակ, պարզապես կողոպտում են: «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի «Լոռի» մասնաճյուղի և Արևածագ գյուղի բնակիչ Գերասիմ Հակոբյանը 10.09.2008թ.-ից մինչև 31.08.2009թ.-ի կնքված պայմանագրով Գ. Հակոբյանին տրամադրվել է 1 000 ԱՄՆ դոլար գյուղատնտեսական վարկ` տարեկան 24 տոկոսադրույքով: Գ. Հակոբյանի կողմից չեն կատարվել պայմանագրով նախատեսված պարտականությունները: Բանկն իր 01.02.2010թ.-ի հայցադիմումով որպես չվճարված գումար վարկառուից պահանջել է 1379 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից 1000 դոլարն իբրև վարկային գծի գումար, 222 դոլարը` ժամկետանց տոկոսագումար, իսկ 157 դոլարը` տուգանք: Հայցային պահանջով` վարկի դուրսգրման օրից` 2009թ.-ի դեկտեմբերի 4-ից մինչև վճարման օրը, յուրաքանչյուր օրվա համար /պայմանագրի 3.2.3. կետի համաձայն/ վարկառուի վրա հաշվարկվում է տուգանք` չվճարված գումարի 0,1 տոկոսի չափով: Դատարանը, որպես պայմանագրով վավերացված պահանջ, բավարարում է բանկի բռնագանձման հայցերը` օրենքով սահմանված պետտուրքը` հարկադիր կատարման ծախսերը թողնելով վարկառուի վրա: Եվ անվճարունակ վարկառուի համար բանկի բռնագանձման հայցերն ուղղակի դառնում են դժբախտություն: Հիշյալ բանկի գլխավոր տնօրենի տեղակալը «Հետքին» հավաստիացնում էր, թե իրենց բանկի կողմից վարկի տրամադրման թիվ 1 գործոնը վարկառուի վարկունակությունը և վճարունակությունն է. «Նրանք պետք է ունենան համապատասխան տնտեսական հնարավորություններ, և մենք մշտապես ստուգում ենք այս պահանջը»: Արսեն Պետրոսյանը հավաստիացումը, սակայն, չի համապատասխանում դատական վճիռներում և բանկի կողմից դատարանին ներկայացված հայցերում առկա փաստերին: «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի Լոռի մասնաճյուղի և մարզի Աքորի գյուղի բնակչուհի Հերմինե Միկոյանի միջև 27.12.2008թ.-ից մինչև 25.11.2010թ. կնքված թիվ 19 733 վարկային պայմանագրի համաձայն` Հերմինե Միկոյանին տրամադրվել է 600 ԱՄՆ դոլար գյուղատնտեսական վարկ` 24 տոկոսադրույքով, 698 օր ժամկետով: Բանկը պատշաճ չի ուսումնասիրել վարկառուի վճարունակությանը և չի հետևել վարկային գումարի նպատակային ծախսմանը: Վարկառուն գումարը, գյուղատնտեսական ներդրումների փոխարեն, օգտագործել է ընտանիքի կենցաղային կարիքների համար: Հերմինե Միկոյանը բանկի «Ալավերդի» մասնաճյուղում 02.06.2010թ.-ին ստանձնել է 155 օրով ժամկետանց պարտավորություն: Վարկային պայմանագրի համաձայն` նրա չվճարված գումարը կազմել է 812 ԱՄՆ դոլար, որից 600 դոլարը վարկի գումարը, 154 դոլարը` դուրս գրված տուգանքը, 58 դոլարը` տոկոսը: Վարկի դուրս գրման օրվանից` 2010թ.-ի ապրիլի 16-ից մինչև վճարման օրը, յուրաքանչյուր օրվա համար վարկառուի վրա հաշվարկվում է չվճարված գումարի` 658 ԱՄՆ դոլարի 0,1 տոկոսը: Բանկը միջնորդել է դատարանին ձեռնարկել հայցի ապահովման միջոցներ և արգելանք դնել Հերմինե Միկոյանի և նրա 4 երաշխավորներին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա: Հազիվ թե վարկային պայմանագիրը ստորագրելիս Հերմինե Միկոյանը պատկերացներ բանկի որոգայթներն իր ընտանիքի դեմ: Հերմինեն ոչ մի տեղ չի աշխատել և չի աշխատում, ամուսինն էլ վարկը վերցնելիս Ռուսաստանում է եղել: Նա հույսը դրել է արտերկրից վերջինիս ուկարկելիք գումարի վրա, սակայն ամուսինը փող չի ուղարկել: Նոյեմբերի 15-ին Հերմինե Միկոյանի մայրը` Մարո Միկոյանը, մեզ խնդրեց չայցելել դստեր տուն. «Կեսուրատեր է, խնդրում եմ` մի գնացեք նրա տուն: Լավ օրից չի վերցրել վարկը: Վերցրել ա, որ յոլա գնա, ապրի»: Հերմինեի հետ մեր հեռախոսազրուցից պարզվեց, որ նա և իր ընտանիքը չունեն բնակարան, գույք և անասուններ: Նա հայտնեց, որ վարկ ստանալու ժամանակ ունեցել է մեկ ձի, որը մեկ ամիս հետո սատկել է` արածելու ժամանակ «երկաթը փորը մտնելու պատճառով»: Հերմինե Միկոյանն Աքորիի գյուղապետարանից տեղեկանք է ներկայացրել բանկին, որ բացի ձիուց` նաև մեկ կով ունի, որը ինչպես փաստեց նրա մայրը և հարևան Ալբոն, երբեք էլ չի ունեցել: Մեզ հետ զրույցում Հեղինեն ասաց. «Հիմա ամուսինս եկել ա, փող չի բերել: Ապրանք, ոչ մի բան չունենք, գույք էլ չունենք, ապրում ենք ամուսնուս տատի տանը: Մինչև նոյեմբերի 28-ը, եսիմ, մի բան պտի անենք, փակենք էլի»: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրի դատավոր Սուրեն Բաղդասարյանը «Հետքին» տեղեկացրեց, որ բռնագանձման հայցերի թիվն անհամեմատ մեծ է Արևածագի գյուղացիների նկատմամբ: Ըստ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի տեղեկատվության` նշյալ գյուղում բանկն ունի 100 վարկառու: Այստեղ խնդրահարույց վարկերը 52-ն են` 42 մլն դրամ գումարով:
Հ.Գ. Արևածագ գյուղի բնակիչների վարկային հիմնախնդիրներին կանդրադառնանք առաջիկայում:
Մեկնաբանել