Զոհվել է ժամկետային զինծառայող
Ճամբարակի N զորամասում նոյեմբերի 17-ի գիշերը մահացել է ժամկետային զինծառայող, 1987թ. ծնված Ռոբերտ Գուրգենի Ավետիսյանը: Ռոբերտը եղել է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ, այժմ բնակվում էր Արմավիր քաղաքում: Գյուղում ասում էին, որ Ռոբերտը վիճել է զինծառայողների հետ եւ նրան սպանել են նույն զորամասի զինծառայողները:
Նալբանդյանի գյուղապետ Գրիգոր Մկրտչյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ զինծառայող Ռ. Ավետիսյանն իրոք մահացել է զորամասում, եւ նա մեկ տարվա զինծառայող է եղել, սակայն մանրամասներ չասաց` պատճառաբանելով, որ Ավետիսյաններն արդեն իրենց գյուղի բնակիչը չեն եւ վերջիններիս հետ ինքը կապ չունի:
Արմավիրի տարածքային զինվորական կոմիսարիատի զինկոմի տեղակալ Սարիբեկ Սարիբեկյանը «Հետքին» ասաց, որ դեպքն իրոք եղել է, բայց իրենց ունեցած տեղեկությունը կցկտուր է: «Ինչպես դուք եք լսել, այնպես էլ մենք, կոնկրետ բան չեմ կարող ասել: Գիտենք, որ զոհված զինծառայող ունենք, բայց ինչ հանգամանքներում է զոհվել, 100 տոկոսով չենք կարող ասել: Այսօր դիահերձելու են, քննություն է գնում»,-ասաց Ս. Սարիբեկյանը:
Նալբանդյան գյուղի բնակիչների խոսակցությունները, թե զինծառայողին սպանել են, Ս. Սարիբեկյանը համարեց «չորրորդ կարգի» խոսակցություններ: «Ավելի լավ է մի քանի օր սպասենք: Ինչ որ մարդիկ են արդեն ձերբակալված, տեսնենք` ինչ է լինում»,- ավելացրեց զինկոմի տեղակալը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել