HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Louis Vuitton». ցանկալի է նույնիսկ կեղծված տարբերակով

Շանզ էլիզեի բուտիկներց և ոչ մեկի մոտ չկա այնպիսի հերթ, ինչպես ոսկյա հսկայական «ԼՎ» նշանով գմբեթ ունեցող այս խանութի մուտքի դիմաց: Մոտ 15 րոպե  սպասելուց հետո, երբ վերջապես եկավ մտնելու իմ հերթը, մուտքը հսկող ոտքից գլուխ լուիվյուտոնավորված երիտասարդներն ինձ ասացին, որ իմ ջինսերի և սպորտային կոշիկների ձանձրալի համադրությունը ամենևին չի համապատասխանում «Լուի Վյուտոնի» ոճին: Պարզվում է` Վյուտոնի բուտիկ մտնելու համար պետք է կրեք ներկայանալի զգեստ:   Սա, իհարկե, չի կարող համեմատվել նախկինում գործող խանութ մտնելու սահմանափակումների հետ: Օրինակ` Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ բրենդը հագուստ էր կարում ֆաշիստական վերնախավի համար, բուտիկի դռանը  փակցված էր «Շների և հրեաների մուտքը արգելվում է» ամոթալի ցուցանակը: Սա բրենդի պատմության ամենասկանդալային էջերից է, որի մասին ոչ մի հիշատակություն չեք գտնի խանութի 6-րդ հարկի թանգարանում` նվիրված «ԼՎ»-ի պատմությանը: 16-ամյա Լուին, ով աշխատում էր Փարիզի կայարաններից մեկի ծանրոցների բաժնում, կարծում էր, որ ճամպրուկներն ու պայուսակները չափազանց կոպիտ են և անհարմար: Նա համոզված էր, որ կարող է պատրաստել շատ ավելի նրբաճաշակ պայուսակներ, որոնք մեծ պահանջարկ կունենան: Այդ օրվանից անցել է 150 տարի, և Լուի Վյուտոն անունը վաղուց արդեն հոմանիշ է շքեղություն, ոճ և որակ բառերին: Թերևս, աշխարհում չկա որևէ կին, որ չերազի իր հանդերձապահարանում ունենալ ինչ-որ մի իր, որի վրա նշված կլինի բաղձալի «LV» տարբերանշանը: Ափսոս, սակայն,  որ իսկական «Լուի Վյուտոն» զգեստներ և աքսեսուարներ կարող են ձեռք բերել շատ քչերը: Պատահական չէ, որ «ԼՎ»-ի երկրպագուները տարբեր ժամանակներում եղել են ամենահաջողակ և հայտնի մարդիկ: Բրենդի դեմքն են հանդիսացել Կոկո Շանելը, Օդրի Հեպբյորնը, Կատրին Դենյովը, Տվիգգին, Սկարլետ Յոհանսոնը: Գովազդային պաստառներից մեկում հայտնվել է նույնիսկ Միխայիլ Գորբաչովը: Վերջինիս աղմկալի լուսանկարը պատկերում է Գորբաչովին կառավարական ավտոմեքենայում: Պատուհանից երևում են բեռլինյան պատի մնացորդները, իսկ նրա կողքին իր «Լուի Վյուտոն» պայուսակն է: Լուսանկարի հեղինակներն ի նկատի են ունեցել, որ, թերևս, ամեն ինչ անցողիկ է և ժամանակավոր, բացառությամբ «Լուի Վյուտոնի»: Իսկական «ԼՎ»-ի գները ցանկացած արտադրանքի համար սկսվում են 300 եվրոյից:  Աստղաբաշխական թվերի հասնող գները, սակայն, լիովին արդարացված են: «ԼՎ»-ն պատրասվում է ամենաբարձրորակ նյութերից և մեծ մասամբ ձեռքի աշխատանքով: «ԼՎ» բրենդի այցեքարտ համարվող հայտնի պայուսակները Լուի Վյուտոնն առաջինը պատրաստել է բարձրորակ կաշվի մի ամբողջական կտորից` ենթարկելով այն հատուկ մշակման, որպեսզի կաշին դառնա ջրակայուն, ընդ որում` կարել է այն բացառապես ձեռքով: Դրանից հետո «ԼՎ» պայուսակների պատրաստման տեխնոլոգիան գրեթե փոփոխությունների չի ենթարկվել: «ԼՎ»-ներն ունեն ցմահ երաշխիք, ըստ որի` այն չպիտի փչանա, իսկ փչանալու դեպքում անվճար վերանորոգվի «ԼՎ» ցանկացած բուտիկում: «ԼՎ»-ի արտադրանքը երբեք չի զեղչվում: 19-ամյա Դիաննան Փարիզում բնակվող  մորաքրոջից ծննդյան նվեր ստացած «Լուի Վյուտոն» կոշիկները համարում է իր  ամենաթանկագին իրը: Նա խոստովանում է, որ կրում է կոշիկները միայն հատուկ առիթների դեպքում: Ընդ որում` «ԼՎ» կոշիկները կրելիս նա երթևեկում է բացարձակապես տաքսիով. վախենում է, որ իր սիրելի կոշիկները կտրորեն հասարակական տրանսպորտում: Դիաննային, սակայն, մտահոգում է այն, որ Հայաստանում կեղծ «Լուի Վյուտոններն» այսօր այնքան են տարածվել, որ շատերը  կարող են իր կոշիկները կեղծիքի տեղ դնել: Բացի ամենաորակյալ բրենդներից մեկը լինելուց, «ԼՎ»-ն նաև ամենաշատ կեղծվողն է: Աշխարհում վաճառվող բոլոր «ԼՎ» ապրանքների միայն մեկ տոկոսն է իսկական: Բրենդը կեղծիքներից պաշտպանելու համար Գաստոն Վյուտոնը (Լուիի թոռը) հորինոմ է 4 տերևներից բաղկացած հայտնի տարբերանշանը: Վերջինիս արտատպումը կեղծողներին առանձնակի դժվարություններ չպատճառեց, սակայն միայն ու միայն իսկական «ԼՎ» պայուսակների վրա է, որ այդ նշանները բացարձակ համաչափ են իրար: Նույն գծի վրա տեղադրված են հավասար քանակի տարբերանշաններ: Սա բրենդի պաշտպանության համար երբևէ կիրառված ամենահնարամիտ միջոցներից է: Աշխարհում կա ընդամենը 390 իսկական «ԼՎ» բուտիկ, բոլոր մնացած խանութները գերազանցապես առաջարկում են կեղծ արտադրանք: Այդ բուտիկներց և ոչ մեկը տեղակայված չէ Հայաստանում: Ուստի, հասկանալի է, որ մեր շուկան ողողած ամենաբազմազան ու խայտաբղետ «ԼՎ»-ները ոչ մի առնչություն չունեն իսկականի հետ: Գոյություն ունի նաև հենց «ԼՎ»-ի կողմից ստեղծված «Louis Vuitton raplic» կրկնօրինակված պայուսակներ: Այս լեգալ կրկնօրինակների գները սկսվում են 100 դոլարից: Թերևս, երբ երևանյան էլիտար խանութներում ամենայն պատասխանատվությամբ հայտարարում են, որ վաճառում են «ԼՎ» պայուսակ 60 հազար դրամով, մենք գործ ունենք հենց այդ որակյալ կրկնօրինակների հետ, ընդ որում` ինքարժեքից շատ ավելի բարձր գներով: Դե, իսկ 10 հազար դրամանոց «ԼՎ» պայուսակները, որ Երևանում կարելի է գտնել ամենուր, ցածրորակ և անօրինական կեղծիքներ են, որոնք արտադրողները շատ այլ երկրներում ենթարկվում են պատասխանատվության: Զարամանալի է, սակայն, որ մեզ մոտ դրանք հպարտորեն ցուցադրվում են կենտրոնական փողոցների խանութների ցուցափեղկերին: Լիլիթ Հայրյան ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter