HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Այսօր երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրն է

Ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում  նոյեմբերի 19-ը նշվում է որպես երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օր: Մեր երկրում նույնպես երեխաները ենթարկվում են բռնությունների, սակայն ոչ բոլոր դեպքերում է այդ մասին բարձրաձայնվում: Արագածոտնի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գայանե Դանիելյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ընտանիքներում երեխաների նկատմամբ կիրառվող ամենատարածված բռնությունը ծեծն է: «Ժողովուրդը համարում է, որ ծեծը երեխաներին դաստիրակելու միջոց է, սակայն մենք արձանագրում ենք, որ դա բռնություն է»,- ասում է Գ. Դանիելյանը: Շատ են նաեւ հոգեբանական բռնությունները, ինչը պայմանավորված է ամուսինների տարբեր դիրքորոշումներով, հաճախ նաեւ համատեղ չապրող ծնողների հանգամանքով: Գայանե Դանիելյանի ասելով` երեխաների իրավունքների տեսանկյունից` բռնություն է նաեւ ծնողների կողմից նրանց համար կենսաապահովման միջոցներով չապահովելն ու թերսնումը: Առանձին համայնքներում մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետներն առանձին ուսումնասիրություններ են կատարել` աշակերտ-աշակերտ, ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունների տիրույթում: Ուսուցիչները փաստել են, որ դպրոցներում երեխաներն ագրեսիվ են իրենց դրսեւորում, ինչը կապել են հեռուստատեսությամբ ցուցադրվող բռնություն պարունակող հաղորդումների, ինչպես նաեւ ինտերնետի հետ: Անչափահասների շրջանում թրաֆիքինգի դեպքեր մարզում չեն արձանագրվել: Ամեն դեպքում, այդ մասին տեղեկություն մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը չի ստացել: Վերջին 4 տարում արձանագրվել է սեռական բռնության 4 դեպք. ավելի մեծ տարիքի տղաները սեռական բռնություն են կիրառել փոքր տղաների նկատմամբ: Այդ փաստով մեկ հոգի գտնվում է ազատազրկման մեջ: Գեղարքունիքի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մամիկոն Գալոյանն ասաց, որ իրենց մարզում երեխաները բռնության չեն ենթարկվում: «Որպես բռնություն մեր մարզում դիտվում է հողամասերում երեխաների աշխատելը, բայց դա ես բռնություն չեմ դիտում: Մի՞թե ծնողներին օգնելը բռնություն է»,-հարցնում է Մ. Գալոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter