HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կուսումնասիրեն եւ կներկայացնեն փորձագիտական եզրակացություն

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նախօրեին ընդունել է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ փորձագետ, պրոֆեսոր Լեոնիդ Գոլովկոն, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ օրենքի գերակայության բաժնի ղեկավարի տեղակալ Վասիլի Վաշչանկան: ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարին՝ խնդրանքին արձագանքելու եւ Հայաստանի դատախազության համակարգում իրականացված բարեփոխումներն ուսումնասիրելու նպատակով փորձագետներ հրավիրելու համար: Ա. Հովսեփյանը ներկայացրել է իրականացված բարեփոխումների փուլերը եւ արդյունքները, դատախազության ներկայիս գործառույթները եւ դրանք իրականացնելու համար նախատեսված մեխանիզմները, կառուցվածքը, աշխատանքի ընդունվելու բարդ ընթացակարգը եւ դատախազության աշխատողների վարքագծի վերաբերյալ բողոքների քննարկման համար նախատեսված էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգը: Արձանագրելով, որ վերջին բարեփոխման հիմքը դրվել է 2007 թվականին՝ «Դատախազութան մասին» ՀՀ նոր օրենքի ընդունմամբ`  ՀՀ գլխավոր դատախազը նկատել է, որ անցած երեք տարիների ընթացքոմ արդեն իսկ ի հայտ են եկել որոշ խնդիրներ, բացթողումներ, որոնք պահանջում են օրենսդրական լուծումներ եւ հույս  հայտնել, որ փորձագետներն իրենց խորհրդատվությամբ կաջակցեն բարեփոխումներին: Դատախազության համակարգում իրականացված բարեփոխումներն ուսումնասիրելու  նպատակով միջազգային փորձագետ հրավիրելու առաջարկով ՀՀ գլխավոր դատախազը հանդես էր եկել ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ս. Կապինոսի հետ այս տարվա սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հետազոտությունը փորձագետները կիրականացնեն երկու փուլով. նախ՝ կուսումնասիրեն օրենսդրական դաշտը, ապա օրենսդրական նորմերի կիրառումն ու խնդիրները պրակտիկ աշխատանքում, որից հետո հանդես կգան իրականացված բարեփոխումների, արդեն իսկ մշակված օրինագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացությամբ եւ կներկայացնեն առաջարկություններ՝ ըստ անհրաժեշտության: Ինչպես հայտնում է գխլավոր դատախազության մամլո ծառայությունը, դեսպան Ս. Կապինոսը արձանագրել է, որ այսպիսով կդրվի ԵԱՀԿ-ի եւ դատախազության միջեւ համագործակցության նոր հիմք՝ ի շահ արդարադատության իրականացման եւ իրավապահ մարմինների աշխատանքների արդյունավետության բարձրացման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter