HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԴիջիԹեքը դարձավ տոն տեխնոլոգիական հայության համար

ԴիջիԹեք 2010 ցուցահանդեսը սահմանեց նոր ռեկորդ` գերազանցելով նախկին տարիների բոլոր ցուցանիշները և դառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների խոշորագույն միջոցառում ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: ԴիջիԹեքը դարձավ տոն, որը միավորում է տեխնոլոգիական ոլորտը` ամեն տարի նոր, հետաքրքիր, բազմազան  դրսևորումներով: Այս տարի Դիջիթեքին մասնակցեց 68 ընկերություն, ինչը 30 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի, իսկ այցելուների թիվը հասավ 16 հազարի` 12 հազարի փոխարեն: Ցուցադրող արտասահմանյան ընկերությունների և դրանց ներկայացուցչությունների թիվը կրկնապատկվեց` հասնելով 10-ի: Այցելուների մեջ մեծացել էր մասնագետների քանակը, իգական սեռի այցելուների քանակը կտրուկ աճել էր։ Մասնակից ընկերությունները նույնպես ավելի լավ էին պատրաստվել՝ իրենց տաղավարներում կազմակերպում էին սեփական միջոցառումներ, որպեսզի այցելուների համար տաղավար այցելելն ավելի հետաքրքիր լինի։ Այս տարվա ԴիջիԹեքի կարևոր նվաճումներից էր ինժեներական լուծումներ առաջարկող ընկերությունների աճը, որոնք 15-ն էին` 2009-ի 4 ընկերության փոխարեն: Մի քանի միջազգային ընկերություն ԴիջիԹեքի միջոցով մուտք գործեց Հայաստան։ Այդ շարքում է գերմանական «Կրոնե», «Սինգապուր թեքնոլոջիս» (ի դեմս «Սինգապուր կինետիքսի») ընկերությունները,  որոնք աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից են։ ԴիջիԹեք 2010-ի պլատինե հովանավորն էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, իսկ գլխավոր հովանավորությունը ստանձնել էր «Դ-Լինկ» ընկերությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վերջին նվաճումների կիրառումը բջջային կապի ոլորտում հանդիսանում է այն կարևոր գործոնը, որն արժևորում է ցուցահանդեսի պլատինե հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Հայաստանի առաջատար բջջային օպերատորը ցուցահանդեսին ներկայացավ չորս տաղավարով և հազարավոր այցելուների ներկայացրեց ընկերության տեխնոլոգիական լուծումները և նորարարական ծառայությունները: Տեխնոլոգիական ամենակարևոր նորարարությունը, որը մոտ ապագայում պաշտոնապես գործարկելու է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, LTE (Երկարաժամկետ էվոլյուցիա) տեխնոլոգիան է, որի ներդրման շնորհիվ Հայաստանը կդասվի 4G ցանց ներդրած հազվագյուտ երկրների շարքին: Հետաքրքրական էր «Դ-Լինկ»-ի նախագահ Թոնի Ցաոյի 40 հոգանոց պատվիրակությամբ այցը, ով, որպես կանոն, այցելում է միայն աշխարհի խոշորագույն միջոցառումներ։ Դիջիթեք 2010 ցուցահանդեսի ընթացքում «Դ-Լինկ» ընկերությունն արձանագրեց աննախադեպ հետաքրքրություն իր արտադրանքի համալիր լուծումների նկատմամբ: «Բացի հազարավոր անհատ օգտագործողներից, մեր լուծումներով լրջորեն հետաքրքրվեցին մի քանի տասնյակ ընկերություններ` այդ թվում բանկեր, ինտերնետ պրովայդերներ և այլն»,- ասաց «Դ-Լինկ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Շահնազարյանը: Ցուցահանդեսի օրերին տեղի ունեցած կոնֆերանսի ընթացքում կայացվեցին մի շարք որոշումներ, որոնք ուղղակիորեն առընչվում են ընկերության գործունեությանը Հայաստանում: Նախ` «Դ-Լինկ»-ի հայաստանյան ներկայացուցչությունը ստացավ տարածաշրջանային սպասարկման կենտրոնի կարգավիճակ, ինչը թույլ է տալիս ներկայացուցչությանն ուղիղ աշխատել ընկերության R&D (research and development) կենտրոնների հետ: Առավել կարևոր է երկրորդ որոշումը, որի կայացմանն էականորեն նպաստեցին այն փայլուն տպավորությունները, որ ընկերության ղեկավարները ստացան ԴիջիԹեք այցելության ընթացքում: Այդ որոշման համաձայն 2011 թվականի ընթացքում Հայաստանում կմեկնարկեն մի քանի պիլոտային նախագծեր ծրագրային ապահովման մշակման և սարքավորումների տեստավորման ուղղությամբ, որոնց հաջող ավարտի դեպքում կքննարկվի 2012 թվականի ընթացքում Հայաստանում «Դ-Լինկ»-ի R&D կենտրոնի հիմնադրման հարցը: Շատ լուրջ էր «Նեյշնլ Ինստրումենտի» ներկայացումը ցուցահանդեսում, որի տաղավարի ընդհանուր անվանումն էր «Ճարտարագիտության աշխարհը»: Այն ամբողջությամբ ուղղված էր ինժեներության, տեխնոլոգիական մտքի քարոզին։ Այդ տաղավարում ներգրավված էին 14 կազմակերպություններ, որոնցից էին սինգապուրյան «Singapore Technologies Kinetics», ռուսաստանյան «Samara State Aerospace University», Technology Integration, Ինտերգրատոր, Գիտության և Տեխնիկայի Թանգարան, «Ճարտարագիտությունը սկսում է ավագ դպրոցում» պրոյեկտը և այլ ընկերություններ, որոնց ցուցադրությունը շատ մեծ ազդեցություն թողեց ցուցահանդեսի ընդհանուր որակի վրա: Լուրջ հաջողություններ գրանցեցին «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (USAID/CAPS) ծրագրի կողմից հովանավորվող նորաստեղծ ընկերությունները, որոնց տաղավարները միջինում ունեցան 1000 այցելու, իսկ այցելուների 10%-ը,  ընկերությունների գնահատմամբ, իրենց  պոտենցիալ հաճախորդներն են: Ըստ CAPS-ի իրականացրած հետազոտության արդյունքների`  բոլոր 11 ընկերությունները մասնակցելու են նաև 2011թ. ցուցահանդեսին և մտադիր են  ավելի մեծ ներդրում կատարել մարկետինգային միջոցառումների մեջ: «Լայմ–Տեխ» ընկերության հիմնադիր և տնօրեն Գևորգ Սաֆարյանի խոսքերով միջոցառումը հիմք հանդիսացավ կապերը ստեղծելու համար, նույնիսկ այնպիսի կապեր, որոնք երկար ժամանակ ընկերությունը չէր կարողացել հաստատել: «Բավականին շատ այցելուներ եղան, հատկապես բիզնես ոլորտի մարդիկ ներկայացան, որոնցից էր Հարավկովկասյան երկաթուղիների տնօրենը, ում հետ սկսեցինք համագործակցությունը միջոցառումի ավարտից անմիջապես 2 օր հետո: Մոտակա ժամանակներս պատրաստվում ենք 3-ից ավել լուծումներ ներկայացնել նրանց»,- ասաց Գևորգ Սաֆարյանը: Ընկերությունը սկսել է համագործակցել նաև Ղարաբաղ Տելեկոմի հետ, ինչի արդյունքում «Լայմ–Տեխ»-ը կներկայանա Ղարաբաղում և կներկայացնի ընկերության լուծումները, նույնիսկ հնարավոր է մի քանի լուծումներ տեղադրվեն այս տարվա ընթացքում: «Հանդիպել ենք նաև Ղարաբաղի տնտեսական զարգացման նախարարի հետ և պետական մասշտաբի մի քանի նախագծեր ենք պատրաստում կազմակերպել Ղարաբաղում: Նաև քննարկել ենք մեր ընկերության ղարաբաղյան մասնաճյուղ հիմնադրելու գաղափարը»,- ներկայացրեց ընկերության տնօրենը: «Շահումյան Մեդիա» ընկերությունը 3-4 խոշոր կազմակերպությունների հետ է սկսել բանակցել, որոնց հետ կապեր է հաստատել հենց ԴիջիԹեքի օրերին: «Դրանցից է «Օրրան» բարեգործական հիմնադրամը, որի հետ նախնական պայմանավորվածություն էինք ձեռք բերել, իսկ մետ օրերս կոնկրետ առաջարկը պետք է ներկայացնենք հիմնադրամի խորհրդին: «Սնապ Գրուպ», «Ինտեգրալ» ընկերությունների հետ ենք համագործակցում, բացի այդ ստեղծվելու է համազգային համացանց, որի աշխատանքային խմբերից մեկում մենք ենք ընդգրված»,- ներկայացրեց ընկերության հաջողությունները տնօրեն Արիկ Շահումյանը: Նրա խոսքերով կան նաև նախնական, բայց ռեալ պայմանավորվածություններ 6-7 միջին և փոքր ընկերությունների հետ: Ցուցահանդեսի ընթացքում «Մոբայլ Մեսիջինգ Սոլուշնզ» ընկերությունը պայմանավորվածություններ ձեռք բերեց ցուցահանդեսի մասնակից մյուս ընկերությունների հետ  և նրանց մեծ մասի հետ արդեն իսկ հաստատվել են համագործակցության շրջանակներ: Ընկերության տաղավարում ներկայացված էին մի շարք արդեն իսկ իրականացված և արտասահմանում գործող ծրագրեր, որոնք հետաքրքրեցին Հայաստանում աշխատող ընկերություններին, մասնավորապես X-Tech, IPSC, MSKH և այլն: Ցուցահանդեսի արդյունքներից գոհ է նաև «Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս»  ընկերության տնօրեն Դավիթ Գրիգորյանը. «Ցուցահանդեսի ընթացքում ռեալ կապեր հաստատեցինք մի շարք ընկերությունների հետ, ներկա դրությամբ 2 հաճախորդի հետ համագործակցության ակտիվ քննարկումներ ենք վարում, կան նաև ընկերությունների, որոնք հետաքրքրված են ներդնումներ անելով: Ցուցահանդեսը մեզ համար կարևորվեց նաև նրանով, որ մեր համահիմնադիրը (ազգությամբ ամերիկացի) ավելի մոտիկից ճանաչեց հայաստանյան շուկան»: «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնի տաղավարը ցուցահանդեսի երեք օրերի ընթացքում մշտապես լի էր այցելուներով: Այցելուները հետաքրքված էին հատկապես կենտրոնի ամենավերջին տեղեկատվական արտադրանքով՝ բջջային հրատարակմամբ: «ԴիջիԹեքում մենք ունեցանք հանդիպումներ ՏՏ ոլորտի նոր ընկերությունների հետ, որոնց հետ ձեռք բերեցինք որոշակի պայմանավորվածություններ մեր տեղեկատվական համակարգում ընդգրկվելու վերաբերյալ: Ստացանք նաև համագործակցության հետաքրքիր առաջարկներ՝ հագեցած ՏՏ ոլորտի նոր գաղափարներով»,- տեղեկացրեցին «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնից: Գրեթե բոլոր ընկերությունները տպավորված էին նախևառաջ «ԴիջիԹեքի» այցելուների մեծ թվով: «Այս անգամ ոչ միայն հաճախորդների քանակն ավելացավ, այլև բարելավվեց այցերի որակական բնույթը` դառնալով առավել նպատակային, քանի որ նրանք փնտրում էին կոնկրետ գործընկերներ և հատուկ թիրախային լուծումներ»,- ասաց «Իքս-Թեք» ընկերության տնօրեն Արման Աթոյանը: Նրա խոսքերով ընկերությունը ձեռք բերեց նախնական համաձայնություններ, պայմանավորվածություններ տարբեր ընկերությունների հետ, որոնք էլ հետագայում կվերածվեն երկարատև համագործակցության: «Թել-Սել» վճարային համակարգը ներկայացրեց նոր պրոդուկտ, որի շնորհիվ յուրաքանչյուր վճարող հնարավորություն ունի հաշված վայրկյանների ընթացքում կատարել կոմունալ վճարումներն ամբողջոթյամբ` մուտքագրելով ընդամենն իր բջջային հեռախոսահամարը: Ցուցահանդեսի մասնակիցներն ու հյուրերն առաջինը ծանոթացան այս ծառայությանը և սահմանեցին ռեկորդային ցուցանիշներ: Հատուկ DigiTec Expo 2010-ի շրջանակներում կազմակերպվեց կոմունալ վճարումների Հայաստանի առաջնություն, որին մասնակցաեցին հարյուրավոր մարդիկ, որոնցից առաջատարները ստացան մրցանակներ: «Ամփոփելով մասնակցությունը կարող ենք ասել, որ ՏՏ ոլորտում անցկացվող այս բացառիկ ցուցահանդեսը կազմակերպված էր բարձր մակարդակով և տվեց բացառապես դրական արդյունքները»,- տեղեկացրեցին Telcell-ից: ԴիջիԹեքի շրջանակներում անցկացվեցին մի շարք հարակից միջոցառումներ: Տեղի ունեցավ Հայաստանի ռոբոտների բաց առաջնության ցուցադրությունը, «ԱրմԹեք»-ին նվիրված խորհրդակցություն, որի արդյունքում որոշվեց «ԱրմԹեք» կոնգրեսի շրջանակներում ստեղծել տեղի և Սփյուռքի տեխնոլոգիական բիզնեսի ներկայացուցիչների ասոցիացիա, որը տարածաշրջանում կկորդինացնի «ԱրմԹեքի» աշխատանքները։ ԴիջիԹեքն ուղեկցվեց նաև DigiLife սեմինարների շարքով, որի համակազմակերպիչն էր «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» հասարակական կազմակերպությունը: Սեմինարների ընթացքում առաջատար տեղական և միջազգային ընկերությունները ներկայացրեցին, թե ինչպես կարող են տեխնոլոգիաներն ավելի մրցունակ դարձնել բիզնեսը և բարձրացնել եկամտաբերությունը: Գործարար ներկայացումներով հանդես եկան «ի-Վորկս» վեբ դիզայն ստուդիան, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը, «Դ-Լինկ», «Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս» ՓԲԸ-ն, «Թել-Սել» ՓԲԸ-ն, USAID/CAPS, «KASSart production»-ը և այլ կազմակերպություններ: Ցուցահանդեսի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Բացի այդ, ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը: «DigiTec Expo»-ն նաև մի շարք կարևոր խնդիրներ է լուծում նախ` Հայաստանը դրսում ներկայացվում է որպես բարձր տեխնոլոգիական իրադարձությունների երկիր, բացի այդ, ցուցահանդեսն ունի ներդրումների ներգրավման նպատակ` արտասահմանյան ներդրողները կարող են այստեղ միանգամից ծանոթանալ ամբողջ ՏՏ համայնքին և հետագա ծրագրեր նախանշել: Ցուցահանդեսն ունի նաեւ կրթական նպատակ` մարդկանց ցույց տալու, որ տեխնոլոգիական զարգացումն ապագա ունի: Մյուս խնդիրը` իհարկե ուժեղացնել համագործակցությունը Հայաստանի ներսում: Նշենք նաև, որ նախատեսվում է ԴիջիԹեք 2011 ցուցահանդեսին ունենալ 100 մասնակից ընկերություն, որի 20-30 տոկոսը կլինեն միջազգային ընկերություններ և այցելուների թիվն ավելացնել 2000-ով` առնվազն 18.000 այցելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter