ՅՈւՆԵՍԿՕ-ն քննարկում է «Խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» Հայաստանի հայտը
Ադրբեջանցիները հիստերիա են բարձրացրել, բայց ապարդյուն
Նոյեմբերի 15-19-ը Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում ընթանում է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ պետությունների միջկառավարական կոմիտեի 5-րդ նստաշրջանը: Օրակարգում ընդգրկվել է «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկերի համալրման հարցը: ՅՈւՆԵՍԿՕ ներկայացված տարբեր երկրների ազգային ոչ նյութական մշակութային ժառանգության մաս կազմող արժեքներից փորձագետների ընտրությամբ Քենիայի խորհրդաժողովի օրակարգ է մտել 47 հայտ:
Նշված ցանկում տեղ է գտել նաև Հայաստանի Հանրապետությունը` իր «Symbolism and craftsmanship of Khachkars, Armenian cross-stones» («Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը. հայկական խաչքարեր») ոչ նյութական մշակութային արժեքի հայտով, որը ներկայացնում է խաչքարի ծագումնաբանությունը, զարգացման ժամանակագրությունը, հորինվածքը, պատկերագրությունը, ազգային պատկերացումները, ժողովրդի կյանքում խաչքարի դերակատարությունը, գործառույթները, դրսևորման ձևերը, ինչպես նաև ժամանակակից խաչքարագործության զարգացումները:
Խաչքարագործությունը ՅՈւՆԵՍԿՕ ներկայացնելու ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությունը ողջունել է աշխարահասփյուռ հայությունը: Դրա վկայությունն են ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովային ուղղված մշակութային, գիտական, կրթական կազմակերպությունների և ավելի քան 50 հայկական համայնքների երաշխավորագրերն ու շնորհակալագրերը (դրանք նույնպես ներառված են ազգային ներկայացուցչական հայտի փաթեթում):
Արժեքի ընտրության և հետագայում ազգային ներկայացուցչական փաթեթի պատրաստման գործընթացն իրականացրել են ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնախմբի ներկայացուցիչներից, ինչպես նաև խաչքարագործ անվանի վարպետներից ու ազգագրագետներից կազմված աշխատանքային խումբը: Արդյունքում` 2009 թ. մայիսին այն ներկայացվել է ՅՈւՆԵՍԿՕ:
Նույն թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Աբու Դաբիում կայացել է Կոնվենցիայի ոչ անդամ պետությունների միջկառավարական 4-րդ համաժողովը, որի աշխատանքներին մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Խորհրդաժողովում հանդես եկած փորձագետները հայկական կողմին տրամադրել են հայտի լրամշակման համար անհրաժեշտ նյութերի ցանկը, որի հիման վրա էլ 2010 թ. հունվարին ՅՈւՆԵՍԿՕ է ներկայացվել հայտի լրամշակված տարբերակը:
2010 թ. ամռանը Փարիզում հայտը քննարկել է ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերով միջկառավարական կոմիտեի ենթակոմիտեի փորձագետների բարձրագույն մարմնի 6 անդամ և արժանացրել մասնագիտական դրական եզրակացության: Ըստ ընթացակարգի` ենթադրվում է, որ հայտն ընդունված է, և Քենիայում 2010 թ. նոյեմբերին միջկառավարական կոմիտեն ընդամենը պետք է պաշտոնապես վավերացնի այն:
Նոյեմբերի 15-19-ն անցկացվող Քենիայի խորհրդաժողովի ընթացակարգի համաձայն` հայտերը քննարկվել են այբբենական կարգով: Առաջինը ներկայացվել է Հայաստանի հայտը: Կոմիտեի անդամ են «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային միացած ավելի քան 100 պետությունից 24-ի ներկայացուցիչները` Կիպրոս, Իտալիա, Իսպանիա, Ալբանիա, Ադրբեջան, Խորվաթիա, Չեխիայի Հանրապետություն, Կուբա, Գրենադա, Նիկարագուա, Պարագվայ, Վենեսուելա, Չինաստան, Ինդոնեզիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ճապոնիա, Կորեայի Հանրապետություն, Բուրկինա Ֆասո, Քենիա, Մադագասկար, Նիգերիա, Հորդանան, Մարոկկո, Օման:
Քենիայում քննարկման ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչը, ի թիվս այլ փոփոխությունների, պահանջել է հայկական հայտի անվանումը խմբագրել «Հայկական խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» տարբերակով: Սրանով փորձել է հաստատել, թե խաչքարագործությունը միայն հայերինը չէ, և իբր այն բնորոշ է կովկասյան ալբանացիներին, որոնց հետնորդները իբրև թե ադրբեջանցիներն են: Ինչպես նաև ասել է, թե Հայաստանը, այսպես կոչված, «օկուպանտ» պետություն է և «պատմությունը խեղաթյուրելու փորձ է կատարում»:
Հայկական հայտի բողոքարկման նպատակով ադրբեջանական կառավարության նախաձեռնությամբ տարբեր երկրներում իր համայնքների կողմից կազմակերպված դժգոհության 143 նամակ է ուղղվել ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովային, որպեսզի վերջինս թույլ չտա հայկական կողմի ներկայացրած հայտի ընդունումը:
Ի պատասխան` Հայաստանի ներկայացուցիչը` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, հայտարարել է, որ մեր պետության դիրքորոշումը հստակ է, և պետք չէ այս բարձր ամբիոնը քաղաքականացնել և արծարծել թեմաներ, որոնք որևէ կապ չունեն ժողովուրդների ազգային ինքնությունն արտահայտող արժեքների քննարկման հետ:
Ադրբեջանն իր այս քայլով փորձել է վիճարկել խաչքարի ծագումնաբանությունը և ազդել ՅՈւՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ պետությունների Գլխավոր ասամբլեայի հաստատած չափորոշիչներին համապատասխան ներկայացված հայտի ընդունման գործընթացի վրա, դրանով իսկ հարցի լուծումը տեղափոխել համաշխարհային մշակութային ժառանգության պաշպանության ոլորտից` քաղաքական դաշտ:
Հետագա լարված քննարկումներից խուսափելու նպատակով` կոմիտեն առաջարկել է այս խնդրահարույց հարցին անդրադառնալ ընդմիջումից հետո: Նոյեմբերի 16-ին` ժամը 16:00-ին, քննարկումները վերսկսվել են, և այս անգամ ՅՈւՆԵՍԿՕ-ի ամբիոնից հանդես է եկել Ադրբեջանի ազգային փոքրամասնություններից ուդիների ներկայացուցիչը` նշելով, որ խաչածածկ քարերի մշակույթը բնորոշ է նաև իր ժողովրդին:
Այդ կապակցությամբ Հայաստանի ներկայացուցիչը հանդես է եկել ելույթով` նշելով, որ ուդիները 5-րդ դարից ի վեր Հայ առաքելական եկեղեցու հետևորդ դաղստանյան ժողովուրդներից են, որոնք մինչև 1988 թ. ապրել են Ադրբեջանի տարածքում գտնվող Վարդաշեն և Նիժ գյուղերում, մասնավորապես՝ Նիժ գյուղում, որը գտնվում է Կուտկաշենի շրջանում: Ադրբեջանցիների կողմից հայկական բնակավայրերի անվանափոխության քաղաքականության հետևանքով 1989 թ. Կուտկաշենը վերանվանվել է Գաբալլա, իսկ Վարդաշենը` Օղուզ:
1988-89 թթ. հայ ինքնության մաս կազմելու պատճառով` ադրբեջանական կառավարությունը բռնագաղթի է ենթարկել 8-10 հազ. ուդիների, որոնց մի մասն այսօր ապրում է ՀՀ Տավուշի մարզում, իսկ մյուս մասը` Վրաստանում: Նիժ և Վարդաշեն գյուղերի շրջակայքում կան 14-15-րդ դդ. խաչքարեր, որոնք Կուրի ձախափնյա Ադրբեջանում խաչքարերի եզակի կղզյակ են կազմում: Բոլոր այդ խաչքարերն ունեն հայերեն արձանագրություններ, և Ադրբեջանը, գիտակցելով դրանց հայկականությունը, միտումնավոր լռության է մատնել խաչքարերի գոյության փաստը:
Այս ելույթից հետո Միջկառավարական կոմիտեն, ընդունելով ներկայացված բոլոր արժեքների հայտերը, առաջարկել է հայկական հայտի քննարկումը տեղափոխել նոյեմբերի 17-ի օրակարգ:
Միևնույն ժամանակ ՅՈւՆԵՍԿՕ-ն առաջարկել է իր ներկայացուցչի ներկայությամբ բանակցություն կազմակերպել հայկական և ադրբեջանական կողմերի միջև` խնդրին երկուստեք ընդունելի լուծում տալու նպատակով:
Երկարատև ու լարված քննարկումների արդյունքում Միջկառավարական կոմիտեն հաշվի չի առել ադրբեջանական կողմի պնդումները և ընդունել է հայկական կողմի առաջարկած «Armenian cross-stones art. Symbolism and craftsmanship of Khachkars» («Հայկական խաչքարի արվեստը. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը») տարբերակը: Հայկական հայտն ընդունվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել