Երկու դաշույն` աղջկա պայուսակում
Երեկ` ժամը 18:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները, Կենտրոնի վարչական տարածքում շրջագայելիս, Երեւանի Սարյան փողոցի 22 հասցեի դիմաց գտնվող թունելների մոտ նկատել են մի խումբ երիտասարդների, որոնց վարքագիծը կասկած է հարուցել:
Երբ ոստիկանները մոտեցել են խմբին, նրանցից մեկը` Կարինե Ս.-ն, փորձել է թաքցնել պայուսակը: Ոստիկանների հարցին, թե ինչու է փորձում թաքցնել, նա պատասխանել է, որ պայուսակում երկու դաշույն կա:
Երիտասարդները հետագա պարզաբանումների նպատակով հրավիրվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ Կարինե Ս.-ն պայուսակից ներկայացրել է դաշույնները: Այս փաստով նախապատրաստվել են նյութեր: Երիտասարդները համապատասխան պարզաբանումներից հետո բաց են թողնվել:
«Դաշույններն առգրավված են: Նշանակվել Է դատատեխնիկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը եւ նշում, որ ոստիկանությունը մշտապես ծառայություն է իրականացնում ուսումնական հաստատությունների շրջակայքում, զբոսայգիներում, զվարճանքի և այլ մարդաշատ վայրերում. «Տեղի ունեցածն ընդամենը ոստիկանության այդ գործառույթով պայմանավորված կանխարգելիչ միջոցառման արդյունք է, իսկ մի շարք լրատվամիջոցների հրապարակումները, թե «ոստիկանությունը լայնամասշտաբ պայքար է սկսել» ինչ-ինչ երիտասարդական ենթամշակույթների դեմ, պարզապես չի համապատասխանում իրականությանը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել