HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգության» պատգամավորները հանդիպեցին սյունեցիներին

Մերի Սողոմոնյան Այսօր Կապանում բնակչության հետ հանդիպում են ունեցել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Անահիտ Բախշյանը, ինչպես նաեւ կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Հանդիպմանը մասնակցելու էին եկել քիչ թվով կապանցիներ. հիմնականում մեծահասկաներ էին, ովքեր քննադատում էին ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը: Մասնակիցներին մտահոգում էր երկրում օրեցօր տեղի ունեցող թանկացումները, որն էլ ավելի է ծանրացնում բնակիչների առանց այն էլ աննախանձելի վիճակում գտնվող  սոցիալական պայմանները: «Իշխանությունները` էսօրվա, մեզ ծաղրում են, էս ի՞նչ թանկացումներ են, ի՞նչ են մարդկանց խեղդում, 30-40 հազար գումար են տալիս, հետո էս թանկացումների պայմաններում ասում ըն` ապրեք: Իրանք 900 հազար եւ ավելի աշխատավարձ են ստանում, մեր մասին էլ չեն մտածում: Թանկացումները վեր ա կոխած ժողովրդին ուտում: Մարդիկ չեն էդ ապրանքներն ուտում, այլ ապրանքներն են մարդկանց ուտում: Եղանակներն էլ արդեն ցրտել են, չենք իմանում` մեր ստացած թոշակով գազի՞, էներգիայի՞ փողը մուծենք, թե՞ մի կտոր հաց ու պանիր առնենք: Սաղ օրը հեռուստատեսությամբ Ադրբեջանից են խոսում, քննադատում, բա մեր երկրի ներսում ի՞նչ ա կատարվում», -իրենց ելույթներում ասում էին մասնակից վետերանները: Պատգամավորների առջեւ բարձրացրած հարցերը տարբեր ոլորտներին էին վերաբերում` սկսած սոցիալական, արտաքին ու ներքին քաղաքականությունից, Արցախի հիմնահարցից,  բնապահպանական խնդիրներից, վերջացրած ավանդների վերադարձման ու առողջապահական համակարգում տիրող անարդարություններից: Հայրենական մեծ պատերազմի վետերաններն անկեղծացան եւ պատմեցին, թե ինչպես իրենք Կապանից ուղեգրերով մայրաքաղաք են գնացել բուժում ստանալու համար, սակայն նրանց հրաժարվել են համապատասխան բուժօգնություն տրամադրել եւ ստիպված այդքան ճանապարհ անցնելուց հետո վերադարձելն են Կապան: Պատգամավորները ելույթ ունեցող մասնակիցներին հավաստիացրին, որ իրենց բարձրացրած հարցերը մշտական ուշադրության կենտրոնում կլինեն, եւ իրենք հետեւողականություն կցուցաբերեն: Իսկ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ խմբակցությունից ինքը կլինի Սյունիքի պատասխանատուն եւ ամեն ամիս կայցելի Սյունիքի մարզ` ավելի մոտիկից ծանոթանալու սյունեցիներին մտահոգող հոգսերին: Ժառանգականներն անդրադարձան երկրի ներքին եւ արտաքին իրավիճակին:  «Պատկերը տխուր է ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին դաշտում: Ցավոք սրտի, մեր իշխանական համակարգն ամբողջությամբ կոռուպցիայի մեջ է թաղված այսօր, դրանից է, որ ժողովուրդը չկարողացավ ձրեւավորել իր ուզած իշխանությունը: Մենք պիտի գիտակցենք, որ մեր երեխաների վաղվա օրն ենք վաճառում 5 հազար դրամով, դրա համար էլ այսօր ունենք նման պետություն: Ընդունված օրենքների 99 տոկոսը չեն ընդունվում ժողովրդի համար, այլ հարամարեցվում են մի քանի անձանց շահերին: Մենք պարտավոր ենք պայքարել սրա դեմ, անկախ նրանից, որ խորհրդարանում քիչ ենք: Իսկ ինչ վերաբերում է մեր կողմից բարձրացված Ղարաբաղի անկախության ճանաչման հարցին, ապա իշխանությունները պատճառաբանում են, որ դա կխանգարի Մինսկի գործընթացին, ասում են` թող մյուս պետությունները ճանաչեն, հոտո մենք: Այսօր այս գործընթացը խիստ անտրամաբանական հարթության վրա է գտնվում: Ղարաբաղյան հարցի նմանատիպ հաջորդական լուծումները կործանիչ հետեւանքներ կարող են ունենալ: Ճիշտն այն է, որ Ղարաբաղի իշխանություններն իրենք բանակցություններ վարեն, ոչ թե Հայաստանը` Ղարաբաղի փոխարեն», -հանդիպման ժամանակ նշեցին ժառանգականները: Ի դեպ, խմբակցության անդամները, բացի Կապան քաղաքից, հանդիպումներ են ունեցել նաեւ Սյունիքի մարզի այլ քաղաքներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter