
Ելնելով ադրբեջանահայության առջև ծառացած խնդիրները լուծելու հրատապությունից` ազատագրված տարածքներում 2011 թ. փետրվարի 28-ին անցկացվելու է ադրբեջանահայության լիազոր ներկայացուցիչների հիմնադիր համագումար: Համագումարի կազմկոմիտեի քարտուղար Մարիամ Ավագյանի խոսքերով` համագումարի անցկացման համար ընտրվել են հենց ազատագրված տարածքները, քանզի «դրանք ազատ են ռասիստական Ադրբեջանի ազդեցությունից:
Մեր բնօրրանը` Շահումյանի շրջանը, Գետաշենը, Քարհատը, Գանձակը, շարունակում են օկուպացված մնալ ռասիստական Ադրբեջանի կողմից, ու դրա մասին չի խոսվում: Ո՞վ, ինչո՞ւ և ինչպե՞ս Արցախի ինքնապաշտպանության պատերազմը վերանվանեց ղարաբաղյան կոնֆլիկտ, կամ ո՞ւմ կողմից, ինչո՞ւ և ինչպե՞ս մոռացության մատնվեց ադրբեջանահայությունը»:
Ադրբեջանահայության մեկ այլ ներկայացուցիչ` Ռոման Գյուլբանդյանն էլ ասաց, որ լինելու է նաև 2-րդ համագումար Եվրոպայում: Հենց Եվրոպայում, որովհետև բոլոր միջազգային կառույցները, ցեղասպանության ուղղորդողներն ու դավադիրները Եվրոպայում են:
«Եթե ժամանակին առաջ քաշվեր 1988-91 թթ. Ադրբեջանի կողմից ադրբեջանահայության ցեղասպանությունը, ապա Ադրբեջանի դիրքերը շատ ավելի թույլ կլինեին` այն առումով, որ կխոսվեր ոչ թե ղարաբաղյան կոնֆլիկտի, այլ ադրբեջանահայության ինքնապաշտպանական գործողությունների մասին, որոնց արդյունքում ազատագրվեց մեր հայրենիքի մի մասը»,- վստահ են ադրբեջանահայերը:
Ադրբեջանահայությունը իրեն համարում է Ադրբեջանի օկուպացված հայկական տարածքների տեր և վստահ է, որ Հայաստանը, պաշտպանելով ադրբեջանահայության շահերը, պետք է հանդես գա բանաձևով` ի հակակշիռ Ադրբեջանի կողմից ներկայացվող բանաձևի:
Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեն նամակով դիմել է ողջ հայությանը` կոչ անելով ամենուր բարձրացնել ադրբեջանահայության հարցերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել